Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ իրավական պահանջ կներկայացնի Հայաստանը Թուրքիային`դեռ պարզ չէ

Փետրվար 05,2015 15:26

«Փաստաթուղթն, այնուամենայնիվ, հավաքական փաստաթուղթ է, որովհետեւ իր մշակման փուլում շատ երկար ճանապարհ է անցել եւ առաջին անգամ պաշտոնապես, համակարգված ձեւով խոսվում է նաեւ պահանջատիրության սկզբունքների մասին, ինչն արտահայտվելու է իրավական թղթածրարի տեսքով: Թե դրանում ինչպիսի՞ կլինեն ձեւակերպումներն ու խնդիրները`մոտեցումները կարող են բազմազան լինել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով հրապարակված հռչակագրին, ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը:

Խորհրդարանական հայտարարությունների ժամին ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը քննադատեց այդ փաստաթուղթը`նկատելով, որ «չկա հստակ նպատակ, չկա օրակարգ»: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, մի բան է, երբ մենք ուզում ենք Ցեղասպանությունը ճանաչել, մեկ այլ բան է, երբ աշխարհին դիմում ենք, թե հոգացեք ոչ միայն ցեղասպանության հարցը, այլ մեր պատմական դարդը: Արտակ Զաքարյանն ընդդիմադիր գործընկերոջ որակումները համարում է`«անհատական մոտեցումներ»:

Իսկ թե ի՞նչ է ենթադրվում պահանջատիրության իրավական փաթեթում, մեր զրուցակիցը հորդորում է համբերություն ցուցաբերել: Իր կարծիքով, տնտեսական կամ այլ պահանջները, բնականաբար, պետք է դրվեն`ելնելով առկա միջազգային մեխանիզմներից: «Որպես առաջնային խնդիր, իհարկե, միջազգային ճանաչումը, դատապարտումը, կանխարգելումն ու հետեւանքների վերացումը պետք է լինի»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարյուրամյակի առիթով հրապարակված ողջ կշիռն ու նշանակությունը նա համարում է այն, որ պետական հանձնաժողովը փորձել է ամբողջական եւ համապարփակ փաստաթուղթ ներկայացնել`ընդգրկելով բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են հայության տարբեր հատվածներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728