Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուզում եմ եւ կարծում եմ, որ իշխանափոխությունը կլինի մինչեւ ապրիլի 24-ը». Արմեն Մարտիրոսյան

Փետրվար 11,2015 14:33

«Մեզ մոտ իշխանափոխության կամ հեղափոխության հիմքերն այնքան շատ են, որ չեմ կարծում ցեղասպանության տարելիցի առիթը պետք է օգտագործվի: Իշխանափոխության գործընթացն այս պահին ռեալ է՝ խորհրդարանական երեք ուժերի ֆորմատով: Բացարձակ չեմ տեսնում, որ այդ գործընթացը կձգձգեն՝ մինչեւ ապրիլի 24-ը: Մինչեւ ապրիլի 24-ը նոր իրավիճակ կլինի»,- այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ավելին, նա նշեց, որ այն հյուրերը, որոնք գալու են Ցեղասպանության տարելիցի առիթով, գալիս են պետությանն ու ժողովրդին ցավակցելու, ոչ թե Սերժ Սարգսյանին. «Այդ պահին կլինի նոր իշխանություն, կլինի դա ազգային համաձայնության կառավարություն, Սերժ Սարգսյանը կլինի ասենք, նախագահ, բայց նախընտրական փուլը կլինի նախագահական կամ պառլամենտական ընտրությունների՝ ինձ համար արդեն միեւնույն է: Այն անձինք, ովքեր գալիս են ցավակցելու, ցավակցելու են գալիս ոչ թե կոնկրետ պաշտոնատար անձի, այլ գալիս են իրեց ցավակցությունը հայտնելու հայ ժողովրդին եւ ՀՀ-ին: Այնպես որ ապրիլի 24-ը ետք է միասին պատվավոր նշենք, մեր հյուրերին ընդունենք ու ճանապարհ դնենք»:

Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ այսինքն, ապրիլի 24-ն օգտագործելու եք այդ օրն իշխանափոխություն անելու համա՞ր՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում այդ օրը փորձ լինի, ես ուզում եմ մինչեւ այդ արդեն ամեն ինչ լուծված լինի, որ այդ օրը փորձի կարիք էլ չլինի»:

Aravot.am-ի հարցին՝ Ռուբեն Հակոբյանը ոչ իշխանականների խորհրդաժողովում իր ելույթում ասաց, որ շարժման ղեկավարների խոհանոցում կան անճշտություններ, չհամակարգված խնդիրներ եւ դեռ միմյանց նկատմամբ անվստահություն, ինչը թերահավատություն է առաջացնում շարժման նկատմամբ, որ մեկը թելադրում է, թե ով մտնի եռյակ, ով մտնի, այդ ձեր ներքին խնդիրները չլուծած՝ ինչպե՞ս եք մինչեւ ապրիլի 24-ը այդ անվստահության մթնոլորտում իշխանափոխություն անելու՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Սա կոչվում է հայկական իրականություն, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան: Մեր պատմության զիգզագներն այնքան շատ են եւ այնքան խորը, որ այդ իրադարձությունները, այնուամենայնիվ, հետք թողել են: Բայց ի պատիվ երեք առաջնորդների, որոնք Ռուբեն Հակոբյանի ասած բավականին խնդիրներ ունեն իրենց միջեւ, այնուամենայնիվ, մեկ տարուց ավելի է՝ կարողանում եմ համագործակցել: Իրենք այդ իմաստությունը կունենան, որ խնդիրները մի կողմ դնեն եւ այնպիսի քայլեր իրականացնեն, որ երկրում իրավիճակ փոխվի: Դրանից հետո թող նորից գնան իրենց խնդիրներով պայքարեն իրար դեմ»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, կարծում եք այդ ներքին խնդիրները կհաջողվի՞ հաղթահարել՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ այո, որովհետեւ որեւէ խնդիր չարժե այն, որ այսօր Հայաստանն այս իրավիճակում է»:

Արմեն Մարտիրոսյանը, խոսելով առաջիկայում սպասվող եռյակի լիդերների հանդիպման մասին, ասաց, որ օրակարգ չկա, քանի որ լիդերներից յուրաքանչյուրն իր օրակարգով է գալիս:

Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իշխանությունները չափազանց ազնիվ կլինեն, եթե հրապարակային ասեն, որ մենք գնում ենք սահմանադրական փոփոխության՝ վերարտադրման ճանապարհով: Եթե ես մի գործում համոզված եմ, որ ես ճիշտ բան եմ անում, նույնիսկ հասարակական կարծիքին ընդդիմանալով, այդ քայլը կատարում եմ: Եթե իրենք վստահ են, որ դա միտված է բարեփոխումներ իրականացնելու, ոչ թե վերարտադրմանը, թող գնան այդ ճանապարհով, ինչո՞ւ են հետաձգում: Որովհետեւ վախենում են: Երեւի այդ բռնություններն էլ հենց դրանով են պայմանավորված: Արջն իր վախից է գոռում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728