Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կոալիցիոն գործընկերներ են լինում, տգիտության վրա աչք փակել կարելի է. Վահրամ Բաղդասարյան

Փետրվար 13,2015 18:48

Սերժ Սարգսյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը այբ-ն ու բեն-ը իրարից չի տարբերում, որ նա տգետ է, որ նա «Դոդի Գագո» է: Երբ որ նա կոալիցիոն գործընկեր էր Ձեզ հետ, նրա տգիտության, այդ ամենի վրա ա՞չք էիք փակում:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր այս հարցին պատասխանեց. «Երբ կոալիցիոն գործընկերներ են լինում, մարդիկ քաղաքական դերակատարությունը չեն ցանկանում վերցնել իրենց ձեռքը՝ կարելի է: Որովհետեւ նա այդ դերակատարությունը չունենալով՝ կարող է անտեսվի նման տիպի թերությունները: Բայց եթե մարդը ցանկանում է վերցնել ողջ քաղաքական դաշտի դերակատարությունը, դիրիժորությունը իր ձեռքը վերցնի՝ նման որակներ ունենալով, նրա մակարդակը, կրթական մակարդակը, քաղաքական տեսանկյունից նրա ինտելեկտուալ կարողություններն ու հնարավորությունները, ինձ թվում է, դա բավականին վտանգավոր է: Մենք բազմիցս ենք ասել, որ պատգամավորական կորպուսում բավականին մարդիկ կան, որոնք իրոք կրթական ցենզի հետ կապված բավականին թերություններ ունեն: Մենք ժամանակին առաջարկություն ենք արել, որ շատ լավ կլինի, որ կրթական ցենզի մասին նորմ մտցնենք, թե ով իրավունք ունի պատգամավորի թեկնածու լինի, բայց մեկնաբանություն եղավ, որ դա մարդու իրավունքի խախտում է: Այդ դաշտը բաց է մնացել, եւ յուրաքանչյուր ոք կարողանում է գալ ԱԺ»:

Մեր դիտարկմանը, որ դիպլոմ ձեռք բերելն էլ խնդիր չէ Հայաստանում՝ Վահրամ Բաղդասարյանը համաձայնեց. «Դուք գիտեք, որ նախկին տարիները չեն, մարդը կարող է 50 տարեկանում ունենալ դիպլոմ: Իմ պապը եղել է ռանչպար մարդ, բայց նա եղել է մեծ փիլիսոփա, բայց ժամանակն է եղել, որ նա հնարավորություն չունեցավ կրթություն ստանալու: Եթե մարդը բնատուր ինտելեկտուալ կարողություններ ունի, ես այդ դիպլոմին այդքան նշանակություն չեմ էլ տա»:

Ավելին, Վահրամ Բաղդասարյանը տարօրինակ պնդումներ արեց պատգամավորության մասին: Նրա խոսքերով՝ «Սերժ Սարգսյանի ելույթում զուտ քաղաքական գնահատականներ էին, որ կոշկակարը պետք է կոշիկ կարի: Քաղաքական դաշտում դիրիժորություն վերցրած մարդը պետք է լինի զուտ քաղաքական գործիչ: Այլ բան է, երբ շահարկում են, ասում են՝ շատ պատգամավորներ կան, որ բիզնեսով են զբաղվում: Կան այդպիսի մարդիկ, նրանք մի քանի տասնյակ կարող են լինել, բայց նրանք քաղաքական լուրջ իրադարձությունների չխառնվող մարդիկ են: Նրանք պարզապես պատգամավորներ են: Բայց մարդիկ, որոնք ուզում են քաղաքական ղեկը, կառավարման ղեկը վերցնել եւ դիրիժորությունը վերցնել իրենց ձեռքը, նրանք պետք է լինեն զուտ քաղաքական գործիչներ: Պատգամավոր լինելը եւ քաղաքական դաշտում դիրիժորություն անելը տարբեր բաներ են»:

Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, վաղվանից այլ իրավիճակ է լինելու ՀՀ-ում, այդ դեպքում չե՞ք պատրաստվում Մհեր Սեդրակյանին վերադարձնել գողական կյանք, Սամվել Ալեքսանյանին վերադարձնել բիզնես դաշտ՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք ունենք ԱԺ-ում,դա եկել է 90-ականներից, պառլամենտարիզմի բավականին թերացումներ, որովհետեւ մոդայիկ է դարձել պատգամավոր դառնալը: Ձեր ասած իմիջի խնդիր է, որ ոնց կլինի, հարեւանը դառնա, ես չդառնա՞մ: Իրոք, լուրջ հոգեբանության փոփոխության խնդիր կա: Դա ոչ թե այս պահին է վերաբերվում, ինձ թվում է նախագահի խոսքն ուղղված էր նրան, որ  նոր քաղաքական դաշտի ձեւավորման ժամանակ քաղաքական դաշտում լինեն քաղաքական գործիչները: Յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով: Մարդիկ ասում են՝ ես էլ կարող եմ նախագահ լինել, ինչի մեքենայից կընկնե՞մ, որ ես նախագահ չլինեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի Հռիփսիմե, ներեցեք, բայց ձեր հոդվածի հենց սկզբում անճշտություն եք թույլ տվել. Սերժ Սարգսյանն իր ՛՛պատմական՛՛ ելույթում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը այբ-ն ու բե՛-ն իրարից չի տարբերում, այլ ոչ թե այբ-ն ու բեն-ը, ապացուցելով, որ լինելով բանասեր, անսխալ գիտի միայն Այբուբենի առաջին տառի անունը:
    Եթե հետևեինք դեֆակտո Նախագահի օրինակին, կարող էինք հեռուն գնացող հետևություններ անել, սակայն ես կխնդրեի Ձեզ պարզապես մեկ անգամ ևս լսել տեսաձայնագրությունը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728