Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ԲՀԿ խաղ չկա. սա քաղաքական պայքար է». քաղաքագետ

Փետրվար 14,2015 16:08

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը վստահ է, որ Հայաստանում իշխանափոխություն է լինելու: Նրա դիտարկմամբ՝ այդ գործընթացն արդեն սկսված է: Իսկ թե արդյունքն ինչպիսին կլինի, ժամանակը ցույց կտա:
«Ես դեռևս անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ եմ ասել, որ ՀՀԿ-ԲՀԿ խաղ չկա, այդ հիմքը ճաքել է, այնպես որ, սա քաղաքական պայքար է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց Լ. Շիրինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վերջին հայտարարություններին ու սպասվող գործողություններին:

«Առաջացած հակամարտությունը բնական է. սա պատասխանն է Հայաստանում ստեղծված գլոբալ ճգնաժամի,- կարծում է քաղաքագետը,- պարզ է, որ իշխանությունը պետք է հենվի իշխանական ռեսուրսի վրա, իսկ ԲՀԿ-ն՝ ժողովրդի զանգվածային մասնակցության: Բայց բոլորիս էլ ձեռնտու է, որ այդ հակամարտությունը մնա բարեկրթության և ազգային շահի գերակայության շրջանակներում: Ժողովուրդը՝ որպես պահանջատեր, երկու կողմերից էլ պետք է պահանջի, որ հակամարտությունը մնա «փափուկ» սահմանների մեջ, մնացածն արդեն ծրագրի, տեխնոլոգիայի ու նաև թիմի հարց է: Այսինքն՝ թե ով կկարողանա բարոյապես ուժեղ, մաքուր, քաղաքականապես հասուն թիմ ներկայացնել ժողովրդին: Ոչ թե գիշեր-ցերեկ իրեն գովել, այլ ներկայացնել ու ներկայանալ ժողովրդի դատին»:

Լ. Շիրինյանի դիտարկմամբ՝ իշխանափոխության մեկնարկն արդեն տրված է. «Ինձ թվում է, որ գործընթացն արագացված է, և հանգուցալուծումը սարերի հետևում չէ, որովհետև սա այլևս հնարավոր չէ կանգնեցնել: Այդ գործը պիտի գնա»,- ասաց քաղաքագետը:

Նա կասկած չունի, որ իշխանափոխություն է լինելու: Եթե անգամ չլինի էլ, Հանրապետական կուսակցությունը, պարոն Շիրինյանի ձևակերպմամբ, կմաքրի շարքերը ոչ քաղաքական դեմքերից: Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ եթե Գագիկ Ծառուկյանը վայր դնի մանդատը, նրան չեն հետևի նաև մյուսները. «Ի՞նչ երաշխիք կա, որ ԲՀԿ-ն ամբողջովին վայր չի դնի մանդատները: Ես կարծում եմ, որ կդնի, ՀԱԿ-ն էլ կդնի, ՀՅԴ-ի մասին հստակ չեմ կարող ասել, բայց մի քանիսը կարող է գաղտնի դնեն:

Բա եթե լիդերները դնում են, մյուսները մնում են ի՞նչ անեն, խորհրդարանի լեգիտիմությո՞ւնն են ապահովում: Ճիշտ է, այդ դեպքում ՀՀԿ-ն, եթե իր թիվը խորհրդարանում պահի, ինքը կկառավարի, բայց արտաքին լեգիտիմությունն աշխարհում կկորցնի: Այնպես որ, մենք կարող ենք ականատես լինել ոչ միայն երկրի խորհրդարանական, այլև քաղաքական համակարգի ճգնաժամի»,- նշեց քաղաքագետը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728