Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Նաղդալյան. «Չեմ կարծում, որ մենք այն կուսակցությունն ենք, ում  հետ սպառնալիքներով խոսելը տեղին է»

Փետրվար 14,2015 16:57

Ներքաղաքական վերջին իրադարձությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ.

-ՀՀԿ –ն ԲՀԿ-ին պատերա՞զմ է հայտարարել:

-Պատերազմի հետ այդպես թեթևորեն մի խաղացեք, պատերազմ միմյանց հայտարարում են թշնամի երկրները: Քաղաքական դաշտում պատերազմներ չեն լինում՝ որքան էլ փորձեն խոսքը պատկերավոր կամ տպավորիչ դարձնել: Եթե իրականության դաշտ վերադառնանք, պատերազմի, համընդհանուր մոբիլիզացիայի, հաղթանակի մասին խոսում են մեր այլընտրանքային գործընկերները: Իրենց ստեղծած  իրավիճակի անելանելիությունը  և մեր վճռականությունը տեսնելով: Նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ ԲՀԿ- ում կան հայրենասեր, գրագետ, աշխատող մարդիկ, ովքեր կարող են մեջք մեջքի կանգնել երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ու  շեշտեց կոնսոլիդացիայի և համախմբման ոչ միայն անհրաժեշտության, այլև, վստահաբար՝ հնարավորության մասին:

Քաղաքական դաշտի այսօրինակ մաքրումը, քաղաքական դաշտում քաղաքական գործիչներին տեղ բացելու այս գործընթացը դրանով է պայմանավորված և այդ նպատակն ունի: Երկրին պետք է ոչ թե ուժերի տրոհում ու փոշիացում, այլ՝ քաղաքական լայն կոնսոլիդացիա: Նախագահի խոսքում առաջադրված նպատակներից արդեն  պարզ է, որ քաղաքական պատերազմ չկա, քաղաքական այլախոհության կամ քաղաքական ճնշումների խնդիր չկա ու չի կարող լինել: Ուստի նման հարցադրումը շինծու և իրավիճակը շրջելու նպատակ ունեցող հարցադրում եմ համարում: Ավելի քան պարզ առաջարկ է հնչել՝ քաղաքական դաշտում հստակություն մտցնելու, իրերն իրենց անունով կոչելու ու այդ կետից շարունակելու նպատակադրում:

-Ի՞նչ կարծիքի եք Գագիկ Ծառուկյանի խոսքում հնչած՝ իրեն նախագահի պաշտոնի առաջարկի մասին:

-Դեմքը պահելը, իհարկե, կարևոր է, բայց անձնական հարաբերությունների մանրամասներ հրապարակելը միշտ չի ապահովում  դրանց հավատարժանությունը:

-Բազմահազարանոց հանրահավաքներից, իշխանափոխության պահանջներից չե՞ք վախենում:

-Չենք վախենում: Նախ՝ չեմ կարծում, որ մենք այն կուսակցությունն ենք, ում  հետ սպառնալիքներով խոսելը տեղին է ու արդարացված, Հանրապետականի անցած ճանապարհը մեր անկախ պետականության անցած ճանապարհն է, ու  մեկնաբանություններն ավելորդ են: Երկրորդ՝  ցանկացած երկրում իշխանությունը իր ստանձնած պատասխանատվությունից ելնելով, առավել քան շահագրգիռ է երկիրը ցնցումներից հեռու պահելու, խաղաղ ընթացք ապահովելու համար՝ հատկապես մեր բազմաթիվ փորձություններով լի ժամանակներում: Եվ քաղաքական, և տնտեսական, և ռազմական, և սահմանների անվտանգության, և Թուրքիայի, և Ադրբեջանի, և Եվրոպայի, և ԵՏՄ-ի, և ներքաղաքական, և բազում այլ հարցերի, պրոբլեմների, թնջուկների առկայությամբ կայունությունը ավելի քան կարևոր ու արժեքավոր է, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է շարունակաբար հանդուրժի վերջնագրերի և շանտաժի լեզուն: Այս պարագայում խոսել իշխանափոխության մասին, նշանակում է, ելնել ոչ թե նրանից, կա՞ն իշխանափոխության հիմքեր երկրում /իսկ մենք կարծում ենք, որ չկան/, այլ ղեկավարվել այն մոտեցումով, որ՝ մեզ պետք լինի, մարդկանց փողոց կհանենք մեր այս կամ այն խնդիրը լուծելու համար: Սա ոչ միայն անընդունելի է, այլև, կարծում եմ՝ անիրագործելի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur says:

    Օր առաջ է պետք ազատվել ձեր ապազգային, չարիքների բուն կուսակցությունից

  2. Գայանե(ԵՊՀ) says:

    Երկիրը պետք է մաքրվի հհկ կոչվող կրիմինալ կառույցից…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728