Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները կդիմեն ծայրահեղ քայլերի՝ կանցնեն նստացույցի եւ հացադուլի

Փետրվար 23,2015 14:52

Այսօր արդեն 6-րդ օրն է «Նաիրիտի» նախկին աշխատակիցները ամեն օր բողոքի ցույցեր անցկացնելու միջոցով պահանջում են մարել իրենց 18 ամսվա աշխատավարձերը:
Նախագահի նստավայրի դիմաց տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ այսօր նաիրիտցիները նշեցին, որ եթե իրենց ներկայացրած ժամանակացույցի վերաբերյալ պատասխան չստանան՝ կդիմեն ծայրահեղ քայլերի:

Նշենք, որ ուրբաթ օրը՝ փետրվարի 20-ին, «Նաիրիտի» աշխատակիցները նամակ էին ներկայացրել նախագահի վերահսկողության ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների եւ դիմումների եւ բողոքների բաժնի պետ Աիդա Ասատրյանին՝ պահանջելով ժամանակացույց ներկայացնել աշխատավարձերի պարտքերի մարման վերաբերյալ:

«Արդեն հույսներս կտրել ենք»,-ասում են նաիրիտիցիները,-«Պայքարում ենք, բայց հույս չունենք: Մինչեւ վերջ կպայքարենք: Սոված մարդը ամեն ինչի ընդունակ է: Մենք դեռ հանգիստ ցույցեր ենք անում, առանց խախտումների: Դեռ չենք հասցրել սովածանալ, հենց սովածացանք՝ կանենք ինչ-որ պետք է»:

«Մեր մեջ այնքան մարդկություն կա, որ մենք դեռ սպասում ենք: Չեն բարեհաճում անգամ դուրս գալ: Ինչի՞, նաիրիտցին նման վերաբերմունքի է՞ արժանի»,-ասում է «Նաիրիտի» նախկին աշխատակիցներից Գայանե Արշակյանը:

Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր իրենք եկել են նախագահականից պատասխան ստանալու ակնկալիքով. «Դրական կլինի, թե բացասական՝միեւնույն է: Բացասական պատասխանն էլ է պատասխան: Թող դուրս գան, ասեն՝ չի լինում, գնացեք»:
«Նաիրիտի» աշխատակիցն ասում է, որ բացասական պատասխանի դեպքում թե՛ նստացույց կանեն եւ թե՛ հացադուլ:

Մանրամասն՝ տեսանյութերում

 

Նաիրիտցիներն անգամ մտադրություն ունեն հավաքվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքի դիմաց. «Կգնանք, կասենք՝ մեզ վիզա տվեք, մենք գնանք էս երկրից»:

Նաիրիտիցներից մի քանիսի մոտ դեռ հույս կա, որ իրենց կարող են նորից ետ կանչել աշխատանքի. «Եթե մեզ կանչեն, կգնանք կաշխատենք, եթե չեն ուզում, թող իրենց բարեկամներին աշխատացնեն, գումարն էլ իրենց տան: Սակայն բարեկամը չի գնա քիմիայի մեջ աշխատի»:

Նաիրիտցիներին այսօր եկել էր սատարելու «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը. «Այս իշխանությունների համար երկիրը բաժնետիրական ընկերություն է եւ իրենք հիմնական բաժնետերերն են: Ձեր գումարները արդեն իրենց գրպաններում են: Երբ դուք աշխատավարձ եք ուզում, ըստ էության, դուք իրենց գրպանից գումար եք ուզում»,- նման կոչեր արեց պրն Հարությունյանը:

Այնուհետեւ Արամ Հարությունյանը անդրադարձավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը, հետո միանգամից անցում կատարեց համաժողովրդական շարժման ներկայացուցիչների գործունեությանը, եւ որ պետք չէ մեղադրել համաժողովրդական շարժման ներկայացուցիչներին եւ հատկապես Գագիկ Ծառուկյանին:

Արամ Հարությունյանի ելույթը մի քանի նաիրիտցիների մոտ վրդովմունք առաջացրեց: Ըստ իրենց՝ քաղաքականացնում է ամեն ինչ, մի մասն էլ վստահեցրեց, որ հարցը, իրոք, քաղաքական է:

Այսօրվա բողոքի ակցիային նաիրիտիցիները պատասխան չստացան: «Նաիրիտի» արհմիութենական կազմակերպությունների նախագահ Հրաչ Թադեւոսյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ Աիդա Ասատրյանը ժամանակացույցի վերաբերյալ իրենց դիմումը ներկայացրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, սակայն շտապեց տեղեկացնել, որ այսօր պետք չէ պատասխան ակնկալել:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728