Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Բաղդասարյան. «Հայաստանը Պերմյակովի վերաբերյալ որեւէ քրեական գործ չի քննելու»

Մարտ 03,2015 16:52

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը մարտի 3-ին տեղի ունեցած դատական նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Aravot.am-ի հարցին, թե կողմը ուսումնասիրել է նախորդ դատական նիստի ընթացքում դատախազ Գեւորգյանի ներկայացրած փաստաթղթերը , նա պատասխանեց, որ ուսումնասիրել է եւ հանգել է եզրակացության, որ գլխավոր դատախազն ինքը տեղյակ չի եղել, որ 235 հոդվածով քրեական գործ է հարուցվել, հակառակ դեպքում՝ ըստ նրա գլխավոր դատախազը Զարուհի Փոստանջյանին կպատասխաներ:

«Հատուկ քննչական կոմիտեն իր հայտարարությունների մեջ չի նշել, որ 235 հոդվածով քրեական գործ է հարուցվել, ավելին՝ Ռուսաստանի գլխավոր դատախազությունից ստացված նամակում 235 հոդվածի վերաբերյալ, այսինքն՝ զենք փոխադրելու վերաբերյալ, նշում չկա: Նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով: Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց եւ իրավապահ մարմինների գործողությունների եւ ՌԴ զինվորականների եւ սահմանապահների կողմից իրականացված անօրինական գործողությունների վերաբերյալ դարձյալ գլխավոր դատախազությունը ասել էր, որ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, բայց հարցը հետեւյալն է՝ իրականում, եթե սահմանի հատում եղել է, ուրեմն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով գործը պետք է հանձնվեր Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետեւ սա պետական անվտանգության հետ կապված խնդիր է»,- ասաց նա:

Նա հավելեց, որ իրենք ստացան իրենց ակնկալածից ավել պատասխան, եւ պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը Պերմյակովի վերաբերյալ որեւէ քրեական գործ չի քննելու. «Գլխավոր դատախազության՝ Զարուհի Փոստանջյանին ուղարկված նամակում նշված է այն, ինչ որ ՀՀ գլխավոր դատախազն ասում էր՝ Ռուսաստանի Դաշնության 61-րդ հոդված, որը ՌԴ քաղաքացիներին օտար երկրներին չեն տալիս: Այստեղից ունեցանք մի ամփոփ վիճակ՝ Հայաստանի Հանրապետությունում չի քննվելու կամ եթե քննվեց ավարտվելու են Պերմյակովի հետ կապված բոլոր գործերը, ՀՀ իրավապահները չեն անդրադառնալու սահմանի հատմանը, եւ ամենայն հավանականությամբ, ինչպես ասում են լրատվամիջոցները, դատավարությունը տեղի կունենա Ռոստովում»:

Մարտի 3-ին դատական նիստը տեղի ունեցավ առանց բողոքող կողմի, այն ինչ մարտի 2-ի դատական նիստին դատախազ Գեւորգ Գեւորգյանը մոտ 20 րոպե ուշացել էր, սակայն առանց նրա դատական նիստը չսկսվեց: Հետաքրքրվեցինք, թե այդ հանգամանքը ինչ որ կերպ կարո՞ղ է ազդել բողոքի քննության վրա: Հարություն Բաղդասարյանը ասաց, որ իր ուշացումը տեխնիկական էր, քանի որ Զարուհի Փոստանջյանն իրեն է փոխանցել ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված պատասխանը, եւ ինքը ցանկանում էր այդ փաստաթուղթը ներկայացնել դատարանին. «Իմ հակազդեցությունն այն էր, որ երեկ դատարանը 17 րոպե դատախազին սպասեց, իսկ այսօր 11 րոպե փաստաբանին չսպասեց: Սա էլ կարելի է հասկանալ, գուցե ձեւականորեն կարելի է հասկանալ դատարանի կողմնորոշումը այս ամենի վերաբերյալ:

Դատարանը ի սկզբանե դիրքորոշում ունի, որ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ հոդվածներով նախատեսված 10-օրյա ժամկետը չի վերաբերում հարց ու պատասխան տալուն, մենք ուրիշ խնդիր ունենք, մենք ասում ենք՝ եթե ԱԺ պատգամավորը դատախազին դիմում կամ բողոք է ուղարկում, դատախազը պետք է նույն հաջողությամբ ԱԺ պատգամավորին պատասխան ուղարկի: Պատասխանի մեջ կա նաեւ էթիկական պահ, Քննչական կոմիտեի քննչական բաժնի պետը գլխավոր դատախազության դատախազին նամակով ուղարկում է Զարուհի Փոստանջյանի բողոքի պատճենը, այսինքն՝ Զարուհի Փոստանջյանը ոչ թե գլխավոր դատախազի՝ իրեն ուղարկված նամակի պատասխանն է ստանում, այլ ստանում է միջնորդավորված դատախազին ուղղված պատճենը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031