Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Ամոյան. «Եթե օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը որոշել է, Բաքու կմեկնեմ»

Մարտ 16,2015 12:30

Չնայած ՀԱՕԿ-ի գործկոմը օրերս որոշել է, որ Հայաստանի թիմերը կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին, թեման մնում է ամենաքննարկվողներից մեկը մարզաշխարհում:

Հարազատ դպրոցում աշակերտների հետ հանդիպումից հետո լրագրողները փորձեցին իմանալ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանի տեսակետը:

– Ի՞նչ կարծիքի ես Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցելու որոշման մասին:

– Ես նախորդ օրն եմ տեղեկացվել այդ մասին: Եթե մեր օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը որոշել է մասնակցել, պիտի մասնակցեմ: Ես մարզիկ եմ ու ինձ համար նշանակություն չունի, թե որ երկրում է մրցումը: Պատրաստ եմ ոչ միայն մեկնել, այլեւ հաղթել:

– Իսկ այնտեղ կթողնե՞ն, որ հաղթես: Մանավանդ, որ դրա դառը փորձն ունես:

– Պետք է անել ամեն ինչ: Ուղղակի այնտեղ դա շատ դժվար է: 2007 թվականին առաջին քայլն արել ենք մենք՝ ըմբիշներս: Մասնակցել ենք աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային էր: Հենց առաջին շատ ծանր գոտեմարտում իրականում հաղթեցի ադրբեջանցի Ռովշան Բայրամովին, բայց մրցավարները բարձրացրին նրա ձեռքը ու ես ուղեգրից զրկվեցի: Իրոք, ահավոր լարված մթնոլորտ էր: Անում էին այնպես, որ ցանկացած հայ ըմբիշ, թեկուզ ուրիշ երկրից լինի, պարտվեր: «Յան» ազգանունով մարզիկը պետք է պարտվեր: Բայց եթե պետք է այս անգամ էլ մեկնենք, ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար: Միայն թե վնասվածքներ չունենանք:

– Գլխավոր մարզիչը օրեր առաջ հայտարարեց, թե չի ցանկանում գնալ Բաքու, իսկ Արսեն Ջուլֆալակյանն էլ ասաց, թե հավաքականում ոչ ոք չի ցանկանում:

– Ես չեմ մեկնաբանի: Իմ կարծիքն արդեն հայտնեցի: Եթե մեր օլիմպիական կոմիտեն եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել են, որ մենք հիմնական կազմով պետք է մասնակցենք, բնականաբար, պետք է մասնակցենք:

– Դու միշտ հանդես ես եկել 55 կգ քաշային կարգում: Սակայն հիմա այն բարձրացվել է: Նոր քաշային կարգում քեզ ինչպե՞ս ես զգում:

– Ես 60 կիլոգրամում մասնակցել եմ միջազգային մրցումների: Այնպես որ, ավելի բարձր քաշային կարգն ինձ համար նորություն չի, թեեւ համեմատաբար մի փոքր դժվար է: Հիմա 59-60 կգ եմ կշռում ու պետք է դեռ մասսա հավաքեմ ու աստիճանաբար մոտենամ աշխարհի առաջնությանը:

– Արսեն Ջուլֆալակյանն ասում է, թե մարզիկը երկու ամսում երկու անգամ լուրջ մեկնարկի չի կարող ելնել: Եվրոպական խաղերի եւ աշխարհի առաջնության միջեւ հենց այդքան ժամանակ կա:

– Այո, պրոֆեսիոնալ մարզիկի համար դժվար է երկու ամսվա ընթացքում վերականգնվել ու աշխարհի առաջնությանը պատրաստ լինել: Բայց մեր թիմի հետ լուրջ մասնագետներ են աշխատում: Մեր հավաքականի մարզիչն այնպիսի մարզիչ-մասնագետ է, որ ամեն ինչ հաշվի կառնի: Հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի:

– Հանդիպեցիր քո հարազատ դպրոցի աշակերտների հետ: Տպավորություններ կկիսե՞ս:

– Հիանալի նախաձեռնություն է, որն օգտակար է բոլորիս: Մեզ ոգեւորում է, որ պատանի սերունդը ճանաչում է մեզ, հետաքրքրվում մեզանով, իսկ նրանք ճանաչում են աշխարհահռչակ մարզիկներին, սովորում, թե ինչպես պետք է պայքարել եւ բարձունքների հասնել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031