Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյուն`գարնան ջերմ օրերին. Պուտինի` միասնական արժույթ ստեղծելու հրահանգները

Մարտ 23,2015 15:23

«Պուտինի` ԵՏՄ տարածքում միասնական արժույթ ստեղծելու մասին հայտարարությունը ձյուն էր մեր գլխին գարնան այս ջերմ օրերին»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցման հնարավորությունները և խնդիրները» թեմայով հրավիրված տեսակամուրջ-քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Ըստ նրա` Հայաստանը ոչ մի կերպ պատրաստ չէր ԵՏՄ ինտեգրմանը. «Հայաստանը բավականին մոտեցել էր եվրոպական արժեքներին, մինչդեռ ԵՏՄ անդամ երկրների, օրինակ` Բելառուսի, Ղազախստանի հետ մենք ոչ մի ընդհանուր բան չունենք: Ուստի այսօր չենք կարող տեսնել ԵՏՄ ինտեգրման առավելությունները: ԵՏՄ-ի հետ մենք ընդհանուր ճանապարհ չունենք, չունենք երկաթուղային հարաբերություններ»:

Բագրատ Ասատրյանի կարծիքով` արդեն իսկ կան չլուծված խնդիրներ ԵՏՄ անդամ երկրների շրջանում, ուստի այդ երկրների ղեկավարները պետք է իրականացնեն հակաճգնաժամային ծրագրեր:

Պարոն Ասատրյանը չթաքցրեց իր`եվրոպական ինտեգրացիայի լուրջ համակիր լինելու փաստը ու միևնույն ժամանակ նշեց ԵՏՄ անդամակցության քաղաքական պատճառների մասին: Բայց նաև նկատեց. «Հասկանալի է, որ եթե ձևավորվում է տնտեսական միասնական տարածք, ապա դրա արդյունքը պետք է լինի միասնական արժույթը»: Այս առիթով պարոն Ասատրյանը մտահոգություններ ունի: Նա հորդորում է միասնական արժույթի տարածք ստեղծելու հարցում ուսումնասիրել եվրոպական փորձը:

Ռուս փորձագետները ևս կարծիք հայտնեցին, որ արդեն իսկ մի շարք չլուծված խնդիրներ կան ԵՏՄ անդամ երկրների ներսում, որոնց չվերացման պարագայում ԵՏՄ յուրաքանչյուր երկիր ստիպված է լինելու պատասխան տալ: Լավագույն տարբերակը լինելու է այն, որ Ռուսաստանն է այդ պատասխանը տալու: Ռուս փորձագետներն առանձնապես մեծ չեն համարում հավանականությունը, թե ՀՀ-ն կարող է դառնալ տնտեսական կամուրջ Եվրամիության և Եվրասիական միության միջև, բայց նաև շեշտում են, թե որքան էլ զարմանալի է, ՀՀ-ն պահպանում է հարաբերությունները ԵՄ-ի հետ:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով Ռիգայում ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից սպասվող ակնկալիքներին, ասաց. «Հայաստանի եւ Եվրամիության միջեւ փաստաթղթի ստորագրումը շահավետ կլինի և՛ Հայաստանի, և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության համար»: Ըստ նրա` ՀՀ-ն կանգնած է արհեստական ընտրության առաջ, քանի որ ԵՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Ռուսաստանը, Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ են։

Ըստ տնտեսագետի` ԵՏՄ-ում Հայաստանը կարող է լինել պիոներ կամ լիդեր: Կարելի է փորձի փոխանակում կատարել, թե ինչպես հասնել արդյունքների՝ ավելի բարձր որակի մրցակից լինելու համար: Միասնական արժույթի ստեղծման մասին Թաթուլ Մանասերյանը նախ հիմնավորումներ է պահանջում ու շեշտում, որ դրա համար պետք է նախ որոշակի փուլեր անցնել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031