Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության «չորրորդ ոտքը»

Մարտ 23,2015 16:35

Եվ այսպես, ՀՀԿ-ին հաջողվեց ամայացնել ընդդիմադիր դաշտը, ինչի կապակցությամբ կարելի է շնորհավորել Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Գագիկ Մելիքյանին, Էդուարդ Շարմազանովին եւ նժդեհական ուղեգծի վրա «լարախաղացություն» անող մյուս կարկառուն դեմքերին: Տղերքը ջանք ու եռանդ չխնայեցին «հույժ կարեւոր» կուսակցական հանձնարարությունը պատվով կատարելու համար: «Բարգավաճ Հայաստանը», ինչպես «կացնահարվածներ» ստացած կաղնու ծառ, այլեւս տապալված է, ոչիշխանական Եռյակը` վնասազերծված: Համենայն դեպս, այդպիսին է գերակշռող տեսակետը:

Բայց եղածը եղել է, եւ պետք չէ դրանից ողբերգություն սարքել: Հիմա իսկը ժամանակն է մտովի «գույքագրել» ընդդիմության ռեսուրսները, ավելի ճիշտ` այն ամենը, ինչ մնացել է այդ ռեսուրսներից, եւ նժարել արագ վերակազմակերպվելու հնարավորությունը: Ի՞նչ ունենք այսօր զինանոցում, ովքե՞ր կարող են կամ հավակնում են զբաղեցնել քաղաքական դաշտի ոչիշխանական հատվածը: Ուրվագծվա՞ծ է արդյոք նոր ընդդիմադիր շարժում ձեւավորելու ճանապարհային քարտեզը: Հապա հանրային վստահությունը վերածնելու լրջագույն խնդի՞րը: Հարցերն ու հարցականները շատ են, մինչդեռ առանցքային դերակատարներ համարվող ընդդիմադիր ուժերի ճամբարում տակավին չեն շտապում:

«Բարգավաճին» ժամանակ է պետք ցնցակաթվածից դուրս գալու եւ անորոշությունների կծիկը հանգուցազատելու համար, հանրային հանդիպումների մարտավարություն նախընտրած «Ժառանգությունը» հուսալի դաշնակիցների փնտրտուքի մեջ է, ՀՀՇ-ին հերթական անգամ խանգարում են ներկուսակցական տարաձայնությունները, «Օրինաց երկիրը» փարիսեցիության ու երկդիմի խաղացողի խարանը վրայից մաքրելու գրեթե անլուծելի խնդիր ունի, ՀԱԿ-ը ինքն իրեն խաղից դուրս է դրել, դե, իսկ Դաշնակցությանը շատ ավելի դյութում է իշխանական կերակրատաշտը, քան ընդդիմադիր դաշտը…

Ամեն դեպքում` յուրաքանչյուրն այս ուժերից հստակ գիտակցում է, որ կոնսոլիդացումը, ռեսուրսների մեկտեղումը այլընտրանք չունեն: Այսինքն` բոլորի դիրքորոշումը, կարծես թե, տիրող ապօրինությունների դեմ ընդհանուր ճակատով հանդես գալու օգտին է, որովհետեւ առանձին-առանձին հաղթանակի հասնելն իրատեսական չէ: Այդ մասին քաղաքական ուժերի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են: Սակայն մի բան է հայտարարելը, մեկ այլ բան` գործնական քայլ կատարելը: Փաստն այն է, որ Եռյակի փլուզումից հետո անցած ավելի քան մեկ ամսվա ընթացքում նոր միավորում կամ ձեւաչափ չստեղծվեց:

Հավանաբար, դարձյալ խանգարում են ոմանց ամբիցիաները, սեփական անձը բոլորից եւ ամեն ինչից վեր դասելու հին հայկական հիվանդությունը: Կյանքի տված բազում դասերից հետո էլ այդ հիվանդությունից ապաքինվելու հույսերը քիչ են: Գաղտնիք չէ, որ 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքը եւ, հետեւաբար, դրանից հետո երկրում ստեղծված իրավիճակը բոլորովին տարբեր կլիներ, եթե մոտավորապես 40 տոկոս ձայն հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանին սատարեին նույն «Բարգավաճը» եւ ՀԱԿ-ը:

Ընդհուպ մինչեւ այս տարվա փետրվարի 18-ը պահանջելով իշխանափոխություն, նրանք երեւի չեն էլ մտաբերում, որ դրա իրական հնարավորությունը բաց են թողել ուղիղ երկու տարի առաջ: Թեպետ բացառված չէ, որ երկու տարի առաջ ո´չ ԲՀԿ-ին, ո´չ էլ ՀԱԿ-ին իշխանափոխություն պետք չէր, որովհետեւ այդ դեպքում հաղթանակի դափնին «ուրիշին» էր բաժին հասնելու: Ցավալի է, բայց փաստ է:

Օրերս ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողներից մեկի հարցին, թե ուր է պատրաստվում գնալ «Բարգավաճը», պատասխանեց շատ հակիրճ. «2017-ին ընդառաջ»: Անշուշտ, հաջորդ գումարման ԱԺ ընտրությունները, որոնք սովորաբար նախագահականի համար ցատկահարթակ են համարվում, անչափ կարեւոր են: Բայց մի՞թե արտահերթ իշխանափոխության պահանջն այլեւս օրակարգից հանված է: Եթե պաշտոնապես արդեն ընդդիմադիր հռչակված ԲՀԿ-ն որդեգրում է «սեփական յուղի մեջ տապակվելու» անվնաս ճանապարհ, իսկ մյուս հիմնական քաղաքական միավորներից յուրաքանչյուրն իր մանր-մունր հոգսերի հետ է, ուրեմն պետք է որ դաշտում առաջացած վակուումը լրացնելու գան նորահայտ այլ ուժեր ու քաղաքացիական հոսանքներ: Եվ, անտարակույս, կգան: Ինչպես ասում են` սուրբ տեղը դատարկ չի մնում:

Արդեն շրջանառվող լուրերի համաձայն` իր համախոհների հետ մայիսի 2-ին հիմնադիր համագումարի է պատրաստվում ԲՀԿ մամուլի նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հայաստանյան կուսակցությունների շարքը, ըստ որոշ տեղեկությունների, դարձյալ մայիսին կհամալրի եւս մեկ կուսակցություն` Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»: Ակտիվ գործունեության են վերջին շրջանում հակված նաեւ Հիմնադիր խորհրդարանը եւ էլի մի քանի քաղաքացիական նախաձեռնություններ:

Թե որոնք են լինելու երիտասարդ ընդդիմադիր հերթափոխի ռազմավարական ուղենիշն ու ծրագրահենքը, ցույց կտա ամենամոտ ապագան, բայց մի բան հաստատ է` խարդավանքների եւ զոռբայության քուրայում թրծված քրեաօլիգարխիկ իշխանակարգի դեմ պայքարը նրանց հանգիստ կյանք չի խոստանում: Եվ դրանում արտառոց ոչինչ չկա, ով չգիտի, որ ընդդիմադիր դաշտը հանգիստ կյանք փնտրողների համար չէ: Հասարակությունը ցանկալի արդյունք է ակնկալում, եւ չի կարելի բացառել, որ երիտասարդների եռանդը` միախառնվելով ավագների փորձին, կբերի ժողովրդի ակնկալած արդյունքը:

Գործող ընդդիմության բնութագիրը օրեր առաջ բանաձեւեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` հայտարարելով, թե ընդդիմությունը կաղում է «եւ կաղում է երեք ոտքից»: Եթե ՀՀԿ-ական տիկինը «երեք ոտք» ասելով` նկատի ունի Եռյակին, ապա կարելի է սփոփվել գոնե նրանով, որ հանձին նորերի` գալիս է «չորրորդ ոտքը»: Գալիս է կարգավորելու ընդդիմության համաչափ քայլքը: Հուսանք:

 

Գեւորգ Լալայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031