«Թվում է, թե 2026 թիվը դեռ շարունակում է, բայց հունիսի 7-ից հետո շատ բան է փոխվել, և ասել՝ պայքարը շարունակվում է, և շարունակել 21-26 թվականի ձևակերպումները, մեթոդները, գաղափարները, կոնսոլիդացիոն կոչերը, ճիշտ չէ… Շատ բան է փոխվել, և մենք պետք է հասկանանք՝ ինչն է փոխվել: Երբ ասում ենք՝ հասարակությունը չի հասկանում, իսկ բացատրողը հասկանո՞ւմ է, այստեղ պրոբլեմ եմ տեսնում»,- «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կայացած «Որտե՞ղ է ձևավորվում իրական օրակարգը» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
Նա օրինակ բերեց. «Եթե մեզ թվում է, որ Կիրանցի օրինակով կանգնենք, ասենք՝ Տիգրանաշենը մերն է, դա պայքարի օրակարգ է, անմիջապես հետևելու է նույն թակարդը, լինելու է պատերազմ, և էլի այս կողմը պարտվելու է: Այստեղ շատ բաներ պետք է վերանայել, շատ բան պետք է փոխվի: Ով դա կանի՝ հարցի մյուս կողմն է: Իմ ընկալման մեջ միշտ եղել է այն, որ մեր հաջողության բանաձևերից մեկը «ընդդիմություն» հասկացության վերանայումն է: Ընդդիմությունը որևէ դահլիճում նստած որևէ ուժ չի, ընդդիմությունը այն լայն համակարգն է, որի համար այսօրվա լուծումները ընդունելի չեն, և ինքը առաջարկում է այլ լուծումներ»:
Վահե Հովհաննիսյանը նաեւ ընդգծեց. «Մենք հաճախ մերժում ենք իրար, ես վատ բան եմ ասում՝ նույնիսկ կարող է գա այն փուլը, որ ուղղակի ուզենանք իրար ոչնչացնել: Սա իրական պայմաններից մեկն է, եւ այստեղ ձևավորել պոզիտիվ օրակարգ շատ դժվար է: Հետևաբար, ըստ իս, առողջ ուժերի, առողջ միավորների, անհատների, քաղաքականացված, կիսաքաղաքականացված մարդկանց և այլոց, որոնց մեջ եմ ինձ էլ տեսնում եմ, թիվ մեկ օրակարգային խնդիրը ներհանրային երկխոսությունն է, միջընտրազանգվածային երկխոսությունը: Մենք պիտի սկսենք իրար հետ խոսել: Չեմ ասում՝ քաղաքական վերնախավը, դա ինձ չի հետաքրքրում, ասում եմ՝ հասարակության մեջ մթնոլորտը պետք է գնա ներհանրային երկխոսության, միջընտրազանգվածային դիալոգ պետք է գեներացնենք: Վերջը ի՞նչ ենք ուզում իրարից, ինչ ենք ուզում մեր երկրից…»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պանելային քննարկումն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































