«Ես այսօր երկար տարիներ անց առաջին անգամ այստեղից խոսելու եմ ոչ որպես ԱԺ պատգամավոր։ Բայց դա չի նշանակում, որ դուրս եմ մնալու երկրում իրացվող երևույթների մեկնաբանություններից, իմ քաղաքական պայքարը դադարեցնելու եմ կամ անտարբեր եմ լինելու»,- ասաց ԱԺ այլևս նախկին ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում։
«Ես կխոսեմ այսօրվա և այն իրողությունների մասին, որոնք կային, կան ու դեռ շարունակում են մնալ։ Այո, ընտրվեց ԱԺ նախագահ։ Բայց եթե ուշադրություն դարձրեցիք, ի՞նչ էր խոսում ԱԺ նախագահի թեկնածուն, ի՞նչ նախագծերի, ի՞նչ տիպի գործունեություն ծավալելու մասին։ Եթե ամփոփ, նրա ասածն էր․ «Ունենք՝ ինչ ունենք։ Այո, հանձնել ենք։ Այո, պարտվել ենք։ Այո, մենք պատրաստվում ենք հանձնել, պատրաստվում ենք իրականացնել թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները։ Եվ դուք՝ ընդդիմություն, հարմարվեք և եկեք այդ հարմարվողականության մեջ իրար հետ բարեկրթորեն համագործակցենք»։
Այդ մարդու ելույթում բոլորովին չէր երևում, որ մեր երկիրը խորհրդարանական երկիր է, որ մեր երկրում առաջնային մանդատը խորհրդարանինն է։ Եվ քաղաքականություն որոշողն, ըստ էության, ԱԺ-ն, խորհրդարանն է։ Եվ նա որպես ԱԺ նախագահ ի՞նչ մոտեցումների, առաջարկների մասին պետք է խոսեր, ինչպիսի՞ մոտեցումներ ուներ։ Նրա ելույթում ոչ մի բան, ոչ մի ակնարկ չհնչեց անգամ, թե նա որպես ԱԺ նախագահ ինչպե՞ս է փորձելու պայքարել Բաքվի բանտերից գերիների վերադարձի համար, որպես ԱԺ նախագահի թեկնածու ոչ մի բառ անգամ չխոսեց Ցեղասպանության ճանաչմանը միջազգային ճանաչելիության շարունակելիության մասին։ Չխոսեց, թե ինչպես է պատրաստվում կամ պատկերացնում մեր խորհրդարանի վերաբերմունքը Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի՝ ամեն օր հնչող նորանոր պահանջների նկատմամբ։
Ավելին, երբ հստակ հարց հնչեց՝ արդյո՞ք ինքը որպես ԱԺ նախագահ կամ նախագահի թեկնածու պատկերացնում է իր նշած 29.743 քկմ-ն։ Նա իր գեղցի շուստրիությամբ շրջանցեց հարցը և ասաց․ «Մենք տեր ենք 29.743 քկմ-ին»։ Նրան հարցնում են ուղիղ․ «Մենք տե՞ր ենք մեր Տիգրանաշենին», նորից պատասխանում է․ «Մենք տեր ենք 29.743 քկմ-ին»։ Շատ հրաշալի է։ Եթե Ադրբեջանը վաղը մեզնից պահանջի մեր թվային հաշվարկները կատարել ուրիշ թվային համակարգում, սրանք նորից համաձայնելու են։
Կարդացեք նաև
Սա իրենց տեսակն է, իրենց ծրագրի իրական պատկերացումն է։ Եվ սրա համար նրանք այս ընտրությունները շատ մեղմ ասած՝ կեղծեցին, բայց իրականում գողացան «Բարգավաճ Հայաստանի» ձայները։ Նրանք գողությունով ապահովեցին իրենց մանդատները, որպեսզի իրականացնեն այն ամենը, ինչ պահանջում է թուրք-ադրբեջանական տանդեմը։
Կրկնում եմ, հնչել է հետևյալ ուղերձը․ «Մենք ունենք այն, ինչ ունենք։ Հանձնել ենք, հանձնում ենք, հանձնելու ենք, լսելու ենք, գլուխներս խոնարհելու ենք։ Եվ դուք, ընդդիմություն, մեզ հետ պետք է համագործակցեք բարեկիրթ եղանակով։ Այսինքն՝ բարեկրթորեն հանձնենք Տիգրանաշենը, բարեկրթորեն հանձնենք մյուս անկլավները, տարածքները, որոնք այսօր մեր ինքնիշխան տարածքներն են, բայց կանգնած է ադրբեջանական զորքը։
Բայց, իհարկե, ընդդիմությունը պետք է անընդհատ պայքարի այս մոտեցումների դեմ»,- ասաց տիկին Կյուրեղյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































