Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի իրավունքներն ԱԺ-ում ոտնահարվել են. թատերական ներկայացում՝ ըստ Լեւոն Զուրաբյանի

Մարտ 26,2015 16:30

ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015-ի տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դժգոհեց, որ երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդպես էլ իրենց՝ ընդդիմությանը հերթ չհասավ հարց տալու:

Ըստ նրա, իշխանությունը թատերականացված միջոցառում էր բեմադրել, որը վերածվեց ՀՀԿ-ի նիստի. «Նպատակն այն էր, որ ընդդիմությանը զրկեն կառավարությանը ժողովրդին հուզող հարցեր տալու հնարավորությունից՝ հարցուպատասխանի ողջ ժամանակը զբաղեցնելով ՀՀԿ-ականների՝ նախապես պատրաստված գրավոր հարցերով»:

Նա մեջբերեց Սահմանադրության 80-րդ հոդվածը, որը նախատեսում է պատգամավորների գրավոր եւ բանավոր հարց տալու իրավունքը: Լեւոն Զուրաբյանի ընկալմամբ՝ խախտվել է իրենց սահմանադրական իրավունքը: Իսկ թե ինչու իշխանությունը փորձեց այս տարբերակով լռեցնել ընդդիմությանը՝ Լեւոն Զուրաբյանն այսպես բացատրեց. «Բանն այն է, որ ՀՀ տնտեսության վիճակն այն քան վատ է, որ իշխող ՀՀԿ-ն ամեն ինչ անում է ՝քողարկելու այդ իրողությունը: Թվերն ահավոր են: Մարտի 20-ին ՀՀ վիճծառայությունը հրապարկել է տնտեսության աղետալի տեմպերի մասին վկայող ցուցանիշներ: Անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսների հետ համեմատած՝ առեւտրաշրջանառությունն ընկել է 28 տոկոսով, արտահանումը՝ 25, ներմուծումը՝ 28.5 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 16 տոկոսով, իսկ գործազուրկների թիվն ավելացել է 19 տոկոսով:

Տնտեսության գահավիժման այս ֆոնի վրա կառավարությունը 500 մլն-ով ավելացնում է արտաքին պարտքը՝ ցույց տալով, որ չունի որեւէ դեղատոմս, ընդամենը ժամանակավոր լուծումներ է փնտրում, որոնք է՛լ ավելի են ծանրացնում հետագա անկումը»:

ՀՀԿ-ի թատերականացված բեմականացման մասին Լեւոն Զուրաբյանի խոսքերին պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Նա ասաց, որ մեղադրանքը բացարձակապես տեղին չէ, ավելին՝ պնդեց, որ իշխող մեծամասնության պատգամավորների իրավունքներն էին անընդհատ ոտնահարվում. «Պատգամավորները մեծ քանակությամբ գրավոր հարցեր էին ունեցել եւ հնչեցրել են իրենց հարցերը: Իսկ թե ինչու են գրավոր հարցերը շատացել, որովհետեւ երբ որ մենք հնարավորություն ընձեռեցինք Կանոնակարգ օրենքով ընդդիմադիր խմբակցություններն ունենան գերակա իրավունք բանավոր հարցեր հնչեցնելու գործում՝ մեծամտության իրավունքներն այստեղ ոտնահարվեցին, հարցերի մեծ մասը մարդկանց մոտ մնացին, դրա համար սկսեցին գրավոր հարցեր տալ»:

Հերմինե Նաղդալյանը նաեւ նշեց, որ երեկ ընդդիմադիր պատգամավորներն էլ են ունեցել գրավոր հարցեր եւ հնչեցրել են դրանք. «Եթե դա էլ եք ներկայացում համարում, կարող եք միայն ձեզ դուրս հանել եւ մնացած բոլորին ներկայացման մասնակից համարել»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ իր կողմից ավելացրեց. «Մեր ընդունած կանոնակարգով առաջնահերթությունը տրվում է ընդդիմադիրներին եւ ՀՀԿ-ի պատգամավորները 2012-ից սկսված՝ հնարավորություն չէին ունեցել հարց տալու կառավարությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031