Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանային լարվածությունն ադրբեջանահայ փախստականների ցեղասպանության շարունակությունն է

Ապրիլ 04,2015 16:00

Կարծում է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների
համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը

– Վերջին շրջանում հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում լարվածությունը չի թուլանում. ինչպե՞ս եք դա գնահատում, սահմանային լարվածության թուլացման ուղիներ տեսնո՞ւմ եք:

– Բոլոր հնարքներով պահպանվող լարվածությունն, անշուշտ, վտանգում է տարածաշրջանի հայության կյանքն ու խաղաղությունը ու հատկապես այն փախստական հայերի, որոնք փրկվելով 1988-92 թվականներին Բաքվի կազմակերպած ու իրականացրած ցեղասպանությունից` հանգրվան են գտել իրենց հայրենիքի մի այլ անկյունում՝ նրանց համար ազատագրված տարածքներում: Այստեղ էլ Բաքուն շարունակում է հետապնդել նրանց, փորձում վախ ներշնչել ու սպառնալ նրանց կյանքին, վտանգում նրանց գոյությունը այդ տարածքներում: Մենք վստահ ենք, որ լարվածության վերացման ճանապարհին անհրաժեշտ պայման է, որ Ադրբեջանական ԽՍՀ-ից ավելի քան կես միլիոն փախստական հայերի իրավունքների վերականգնման հարցը անհապաղ դառնա առնվազն Մինսկի խմբի համար օրակարգային: Այլապես Մինսկի խմբի ջանքերը կլինեն ապարդյուն, եթե չասենք՝ իմիտացիոն: Այո, ավելի քան կես միլիոն փախստական հայերի հարցը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանման կարեւոր գործոն է, մի անհրաժեշտություն, որն այդպես էլ մինչ օրս չի դարձել ոչ ՀՀ եւ ոչ էլ ԼՂՀ իշխանությունների համար անգամ քննարկման խնդիր:

– Արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը «վերականգնելու» ձգտումը չի՞ հանգեցնում լարվածության:

– Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման շրջանակներում միջազգային կառույցների ու գերտերությունների կողմից հայության վրա պարբերաբար ակտիվ գործադրվող ճնշումը՝ խնդիրը տարածքային ամբողջականության սկզբունքով լուծելու համար, մենք գնահատում ենք որպես սահմանային լարվածության ուժեղացման ու տարածաշրջանում հայության նկատմամբ նոր ցեղասպանական գործողությունների խթանման ու հովանավորման միջոցներ ու գործիքներ:

– Ղարաբաղյան կոնֆլիկտի հատկապես ո՞ր պահերն են հանգուցային, որոնց աղճատումը նպաստում է պահպանվող սահմանային լարվածությանը:

– Միջազգային կառույցներն ու գերտերությունները անթաքույց շարունակում են շրջանցել ու կեղծել պատմական իրողությունները. հենց այն, որ 1991 թվականին Ադրբեջանական Հանրապետության ազգային անկախությունը հայտարարվել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից օրենքի գերակայության սկզբունքին հակառակ։ Դրանով իսկ Ադրբեջանական Հանրապետության իշխանությունները կամայականորեն Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող ԽՍՀՄ քաղաքացիներին զրկել են իրենց քաղաքացիությունից, խախտել են նրանց քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքները, ինչպես նաեւ ոտնահարել են իրենց հայրենիքում համախումբ ապրող տեղաբնիկ հայ բնակչության իրավունքները՝ ենթարկելով նրանց ցեղասպանական բռնարարքների ու բռնի տեղահանման:

Չնայած սրան՝ ԵԱՀԿ-ն ճանաչեց Ադրբեջանի լիիրավ մասնակցությունն այդ կառույցում ու դրանով գործեց օրենքի գերակայության, մարդու իրավունքի հարգման, ժողովուրդների իրավահավասարության եւ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքի սկզբունքներին հակառակ: Ադրբեջանական Հանրապետության ազգային անկախության անվերապահ միջազգային ճանաչումը հնարավորություն տվեց այդ պետության կառավարությանը խուսանավել Ադրբեջանական ԽՍՀ-ից վտարված հայերի իրավունքների վերականգնման իր պատասխանատվությունից, մերժել Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ ինքնորոշման իրավունքը, դեռ ավելին՝ համարել օրինական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ուժի կիրառումն ու նրա տարածքի գրավումը: Իհարկե, նման իրավիճակում անհասկանալի է, թե ինչու միջազգային կառույցներն ու գերտերությունները նախ՝ Ռուսաստանի Դաշնությունից՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդի, չեն պահանջում վերականգնել ԽՍՀՄ տարածքային ամբողջականությունը. որովհետեւ դրանով նրանք կնպաստեին նախկին ԽՍՀՄ քաղաքացիների իրավունքների վերականգնմանը, որոնք ապրում էին Ադրբեջանական ԽՍՀ-ում ու ոչ միայն, նաեւ՝ Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի ԽՍՀ-ներում: Իսկ եթե դա նրանք չեն անում, բայց մեջբերում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը, ապա այդպիսով նրանք հովանավորում են Ադրբեջանի մարդատյաց էությունը եւ լրջորեն վնասում տարածաշրջանի անվտանգությունը, հրահրում են Ադրբեջանին նոր պատերազմի վերսկսման ու ցեղասպանական բռնարարքների՝ ընդդեմ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների, որոնք վերաբնակվել են Բաքվի ռեժիմից ազատագրված տարածքներում: Դրանով նաեւ զրկում են ԼՂՀ ժողովրդին խաղաղ գոյությունից ու զարգացման այնպիսի հնարավորությունից, որի դեպքում կարող են լիարժեքորեն իրականացվել մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները:

– Ինչպիսի՞ ընդհանրություններ եք առանձնացնում միջազգային կառույցների ու գերտերությունների վերաբերմունքում Թուրքիայի հայերի ցեղասպանության եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի ցեղասպանության միջեւ:

– Ընդհանրությունները բազմաթիվ են, մոտեցումներում չկա ոչ մի տարբերություն: Հենց թեկուզ նորից թերթենք ամերիկացի գրող Լինքոլն Սթեֆենսի՝ Լոուրենս Արաբացու հետ «Այդ անտանելի հայերը» հարցազրույցը, որն իբրեւ գրի է առնվել 1919թ. Փարիզի խաղաղության խորհրդաժողովի ժամանակ եւ առաջին անգամ հրապարակվել է 1931 թվականին «Աութլուէ ընդ ինդեփենդենթ» ամսագրում: Բազմաթիվ հարցեր են ծագում. իրականում եղե՞լ է, արդյոք, այդ հարցազրույցը, թե՞ հորինվածք է, մարդատյաց ու հայասպան, դեռեւս 1919 թվականին ֆաշիզմի գարշահոտով ներծծված այդ մտքերը մի՞թե բրիտանական հետախույզինն են, կամ թե ի՞նչը նրան ստիպեց այդքան «անզգուշորեն» անկեղծանալ, չէ՞ որ նա Մեծ Բրիտանիան էր ներկայացնում Փարիզում՝ հետպատերազմական օրերին խաղաղության այդ խորհրդաժողովին, թե՞ դա Ցեղասպանությանը ուղեկցող անկեղծ ցինիզմ էր (Ցեղասպանությունը շարունակվեց մինչեւ 1923 թվականը, իսկ Դերսիմում այն կրկնվեց 1938-ին): Բայց անկախ ծագող հարցերից ու նրանց պատասխաններից՝ տրամաբանական կապը այդ հարցազրույցի եւ Միջազգային ճգնաժամային խմբի 2007 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 187՝ «Լեռնային Ղարաբաղ. վտանգելով պատերազմով» վերտառությամբ եվրոպական զեկույցի միջեւ, որտեղ Միջազգային ճգնաժամային խումբը անթաքույց հանդես է գալիս որպես կողոպուտի ու ցեղասպանության պաշտպան, ակնհայտ է՝ թե՛ մեկում, թե՛ մյուսում քաղաքակիրթ աշխարհը քարոզում է հայության նկատմամբ ռասիզմ եւ ատելություն, նրա ֆիզիկական բնաջնջում, փորձ է անում հայությանը ունեզրկել, մերժել նրա՝ որպես բնիկ ժողովրդի հայրենիքում համախումբ ապրելու իրավունքը:

Եվ այդ «քաղաքակիրթ» մոտեցումը արդեն տարածվեց Մերձավոր Արեւելքում: Այժմ մենք շրջապատված ենք մեզ հարեւան ժողովուրդների նկատմամբ ցեղասպանական իրողությունների շարքով: Քաղաքակիրթ աշխարհի այս ցեղասպանական պահվածքին, անշուշտ, պետք է դիմակայել, դա հնարավոր է ցեղասպանված եւ ցեղասպանության վտանգի տակ գտնվող ժողովուրդների համատեղ ջանքերով, ու միգուցե ժամանակն է, որ այդ ժողովուրդները համախմբվեն ու ձեւավորեն իրենց շահերը պաշտպանող ու անկանխակալ գործող Միավորված ժողովուրդների կազմակերպություն:

– Հարցազրույցի սկզբում ասացիք, որ սահմանային լարվածության բացառման անհրաժեշտ գործոն է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների վերականգնման հարցը միջազգային քննարկման ձեւաչափ մտցնելը: Ի՞նչ դիվանագիտական քայլեր կարող են կիրառվել:

– Անշուշտ, ստեղծված իրավիճակը նաեւ մեր իշխանությունների ու քաղաքական վերնախավի պասիվ, անհետեւողական ու կրավորական կեցվածքի հետեւանքն է: Եվ խնդրի լուծումը անկասկած պետք է փնտրել մեր պետության պահվածքի փոփոխության մեջ. արտաքին քաղաքականության մեջ կրավորական պահվածքը ուժեղացրել է արտաքին կառավարումը, երկիրը դարձրել է խիստ խոցելի: Պետությունը պետք է ակտիվորեն կիրառի բոլոր գործիքները՝ լինեն դրանք պետական, թե ժողովրդական դիվանագիտության ոլորտում: Դեռեւս 1995 թվականի փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված եւ երեք պաշտպանության նախարարների ստորագրած զինադադարի ամրապնդման վերաբերյալ եռակողմ պայմանագիրը իրավական հիմք է լարվածության մեղմացման համար, եւ այն մեծագույնս պետք է կիրառվի եւ ՀՀ, եւ ԼՂՀ իշխանությունների կողմից: Այս պայմանագիրը իրավական հիմք է, որպեսզի ԼՂՀ-ն՝ որպես հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված լիարժեք կողմ, պաշտոնապես հարաբերությունների մեջ մտնի ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ պաշտոնական Բաքվի հետ: Թե ներկայումս այն որքանով է կիրառվում՝ դժվար է ասել: Այս հարցազրույցը թող հիշեցնի ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին, որ այդ պայմանագիրը կարիք ունի լիարժեք կիրառման:

Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

03.04.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Փախեք, փրկվեք, մնացածը ռոմանտիկ հայրենասիրության ժանրից է, խորհուրդս բարի պահի և տրամադրության զեղում:Հեքիաթ եք քաղաքականացնում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930