Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթը շարունակում է սպառնալ հայությանը

Փետրվար 20,2024 10:09

Ցեղասպանությանը առայժմ բնորոշ է շարունակականությունը, քանի որ մարդկության դեմ այս հանցագործությունը մնում է անպատիժ: Ցեղասպանությունը որպես հակամարդ երևույթ թե վարակիչ է, թե այսօր աշխարհում ուրիշի հողին, կուտակածին ու բնական ռեսուրսներին տեր դառնալու հաջողված միջոց է: Ցեղասպանությունը աշխարհաքաղաքական հակամարդ խարդավանքների հետևանք է:

Խորհրդային Սումգայիթում, որ մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կմ հեռավորության վրա է, 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը իրողություն դարձավ հերթական չքողարկված ցեղասպանությունը ՝ 1918 թվականի Բաքվի 30 հազար հայերի ջարդերից հետո: Հրեա փաստաբան Պոլինա Շապոշնիկովան, որն ընդգրկված էր «Սումգայիթի» հետազոտության հանձնաժողովում, 1988-ի մայիսին կասի, որ եթե նույնիսկ մեկ հայ են սպանել Սումգայիթում, ապա այն փաստը, որ սպանել են ազգային պատկանելության համար, արդեն ցեղասպանություն է: Իսկ թե ինչքան սպանեցին, մորթեցին, անդամահատեցին, բռնաբարեցին, տանջամահ արեցին ու ողջակիզեցին, խորհրդային Ադրբեջանի իշխանությունները հաջողված կկոծկեն՝ դատական ընթացքները սկզբից ցրելով Խորհրդային Միության ողջ տարածքով, ապա և ԽՍՀՄ-ի փլուզմամբ պայմանավորված՝ դրանք կկասեցվեն:

Սակայն Ադրբեջանի իշխանությունները չեն կարող կոծկել ականատեսների վկայությունները, նրանց արթուն ու զգոն հիշողությունները, որ վերածվել են հարցազրույցների, գրքերի, չափածո ստեղծագործությունների, փորձագիտական հետազոտությունների, որոնք վկայում են, որ Սումգայիթում եղել է հայության մասշտաբային ջարդ, ու հազարավոր մարդիկ են զոհ դարձել, ընտանիքներ են ամբողջովին վերացել:

1988 թվականի մարտին Ալեքսանդր Արսենի Այիրյանը (որն Ադրբեջանական ԽՍՀ անտառային և փայտամշակման արդյունաբերության նախարարն էր/ министр лесной и деревообрабатывающей промышленности Азербайджанской ССР./ ) լինելով ջարդերը հետաքննող հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի հետ այցելում է Սումգայիթի ինչ-որ պահեստ, որտեղ պահվում էին արյան մեջ կորած տանջված դիակներ, դիակների մասեր: Այիրյանը տեղում վատանում է, վարորդն է գրկած դուրս տանում: Նա մի քանի ամիս անց մահանում է:

Սումգայիթից վերապրածները, նաև Բաքվից փախածները վկայել են, որ փետրվարի 26-29-ը, չորս օրերին Սումգայիթի փողոցներում հայի արյունը հոսում էր: Փողոցները լվանալու համար Բաքվի իշխանությունները լրացուցիչ ջրցան մեքենաներ Բաքվից էին բերել:

Սումգայիթի կազմակերպիչները այսօր էլ հայտնի են, նրանց շարքերում կան, որոնք դեռ ողջ են, բայց և անպատիժ:

«Սումգայիթը» հայատյացության ցցուն երևույթ է, գազանային ու վայրագ հակամարդ բնույթի հերթական բացահայտում: «Սումգայիթը» ապացուցում է, որ եթե ցեղասպանությունը կազմակերպված է պետական մակարդակով իր իսկ քաղաքացիների դեմ, երբ դրա մեջ ներառված են տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք կտան ազգությամբ հայ քաղաքացիների հասցեները, տեղեկություններ՝ բնակարանների դռները երկաթյա են, թե փայտյա, կամ երբ ներառված են Բաքվի ու տեղական բեռնատար մեքենաներ ունեցող արտադրական միավորները, որ այդ մեքենաներով տեղափոխեն և փողոցներում կիտեն քարեր, աղյուսներ՝ մարդկանց ջարդելու համար, ապա և այդ նույն բեռնատարներով դիակները տեղափոխեն նաև Բաքվի դիահերձարաններ ու ինչ-որ պահեստներ, քանի որ Սումգայիթի դիահերձարաններում այլևս տեղ չկար, կամ երբ ոստիկանությունը ուղղակի բացակայում է, իսկ խորհրդային զորքերը լուռ ու անհաղորդ հետևում են հայերի սպանդին, ապա ինքնապաշտպանությունը չի դառնում փրկության միջոց: «Սումգայիթը» մերժում է ամեն ինչ, ամեն սրբություն, երբ անզոր հոր աչքերի առաջ վայրագ գազանածին ամբոխը բռնաբարում է հոր երկու դուստրերին, կամ ծննդատանը նորածին հայերի վզները թռցնում էին ինչպես չեն անի անգամ թռչնանոցում: Իսկ փողոցում այդ գլուխներով ֆուտբոլ պետք է խաղային ադրբեջանցի երեխաները, չէ՞ որ նրանք էլ պետք է դառնային հայատյացության մասնակից: Ու դարձրին, ու դարձան:

«Սումգայիթը» այնուհետև կտեղափոխվի Կիրովաբադ/Գանձակ, Գարդման, Նախիջևան, զուգահեռաբար Բաքու և Շիրվան, ապա և Մարաղա:

Ադրբեջանի ողջ տարածքում, որտեղ հայեր էին ապրում, տարածքներ, որոնք հակամարդ բոլշևիկների ու Ստալինի կամայական որոշումներով հայտնվել էին նորածիլ պետության վերահսկողության ներքո, բացահայտ, անպատիժ, այլասերված մեթոդներով սպանում էին հայերին, բոլորին ու ամենուր, երկու տարվա ընթացքում՝ 1988 փետրվարի 26-ից մինչև 1990 թվականի հունվարի 19-ը:

Ինչքան սպանվեցին, անհայտ է:

Հազարավոր մարդիկ սպանվեցին:

Հայաթափումը շարունակվեց նաև 1991-ի ապրիլ-մայիսին Գարդմանի Գետաշենում, 1992-ի հունիսին Գարդմանի Շահումյանում: 1988-1992 թթ. Ադրբեջանը «խաղաղ» հայաթափվում էր: Իսկ Ադրբեջանի երբեմնի տիտղոսային ժողովուրդը՝ հայությունը, կորցրեց իր կենսատարածքը Նախիջևանում, Գարդմանում, Շիրվանում, կորցրեց իր ուրույն համայնքային կյանքը, նիստուկացը, բարբառը, սովորույթները, գերեզմանոցները, եկեղեցիները, մշակույթը, անտառները, ջրերը, բնական ռեսուրսները:

Ցեղասպանության ալիքի 1991 թվականին տարածումը կասեցվեց հայության վերապրման մղումով կազմակերպված ինքնապաշտպանությամբ, երբ Բաքուն համարում էր, որ չի կարող ԼՂԻՄ-ի հողերը թողնել հայերին, որ Լեռնային Ղարաբաղի 4400 քառ.կմ-ն էլ պետք է մաքրվի հայի ներկայությունից: Փոքրիկ ու անպաշտպան Լեռնային Ղարաբաղը փրկվեց միայն ու միայն Հայաստանի և աշխարհասփյուռ հայության ուժերի միաբանման արդյունքում, հայեր, որոնք 1915-1923 թթ. ցեղասպանության փրկվածների սերունդներ էին:

Բաքուն, որ 1918 թվականի սեպտեմբերին թուրքական կանոնավոր բանակի ուղիղ մասնակցությամբ և ցեղասպանության ընթացքով դարձավ նորածիլ Ադրբեջանի մայրաքաղաքը, մինչ այդ լինելով ռեգիոնալ արդյունաբերական, մշակութային ու քաղաքական մտքի զարգացման կենտրոն, 1918 թվականի սեպտեմբերին վերածվեց ու այսօր էլ ցեղասպանությունների ծրագրերի մշակման կենտրոն է: Պատահական չէ, որ 1992-ի փետրվարին Ադրբեջանի վերահսկողության տակ Աղդամի մատույցներում ոչնչացվեցին Խոջալուի շուրջ 44 բնակիչները՝ թուրք մեսխեթցիները, և այս հակամարդ փաստը այնուհետև նավթային ռեսուրսների վրա փքվող բռնապետական համակարգը կիրառեց հայության դեմ, մի կողմից հայությանը մեղադրելով ինչ-որ «ադրբեջանցիների» ցեղասպանության մեջ, մյուս կողմից դրանով փորձեց ստվերել Սումգայիթը, Կիրովաբադը, Բաքուն:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Բաքուն ակտիվացրեց արցախահայության դեմ մի նոր «Սումգայիթը», այնուհետև Արցախին մտցրեց սովամահության տանող ու հյուծող շրջափակման մեջ, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական ագրեսիայով ջարդեց դե ֆակտո և դե յուրե կայացած Արցախի Հանրապետությանը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ի ցեղասպանական նախագիծը վարակիչ էր, այն անպատիժ տարածվեց դեպի Ուկրաինա, ապա և Պաղեստին, աշխարհը ներքաշելով քաոսի մեջ:

Այսօր հայկական Արցախում հայ չկա, շուրջ 150 հազար հայեր քշվեցին իրենց տներից, հողերից, հայրենիքից, կենսատարածքից, ու կրկին, ինչպես 1915-ին էր ու 1988-1992-ին, ցեղասպանին մնացին հայերի ունեցվածքը, հողերը, ջրերը, անտառները, բնական ռեսուրսները, ամեն-ամեն ինչ:

Արցախահայությունը անվարան հեռացավ իր երկրից, քանի որ ցավալի ու սթափեցնող էին հիշողությունները, թե ինչպես Բաքվի փողոցում հղի կնոջ որովայնից հանեցին պտուղն ու սկսեցին ֆուտբոլ խաղալ, Կիրովաբադում ծերանոցից 12 անօգնական հայ ծերերի՝ կանանց և տղամարդկանց, տարան քաղաքից դուրս և գազանաբար սպանեցին, Մարաղայում մարդուն ողջ-ողջ սղոցեցին:

Թարմ էին այլասերված և գազանային մշակույթի մասին վախն ու հիշողությունը Արցախի Հանրապետությունում բնակվող շուրջ երեսուն հազար այն հայերի համար, որոնք մազապուրծ փրկվել էին Սումգայիթից, Բաքվից, Գանձակից, Շահումյանից, Մինգեչաուրից:

Արցախահայությունը հեռացավ իր երկրից, քանի որ միայնակ էր իր առջև ահագնացած մարդատյաց ոհմակի առաջ: Բաքուն կանխավ էր փակել արցախահայության համար օգնության հնարավորությունը թե հայկական Սփյուռքից, թե հենց Հայաստանից: Ու ոչ միայն՝ «խաղաղապահ»-ի օգնությամբ Բաքուն արցախահայությանը զրկել էր ինքնապաշտպանության հնարավորությունից: Բոլոր պայմանները բավարար էին, որ իրեն բնորոշ վայրագությամբ ու մարդատյացությամբ իրականացնեին արցախահայության ջարդը: Բաքուն հայությանը կրկին սպառնում էր «Սումգայիթով»:

«Սումգայիթը» այսօր մեծ վտանգ է մնում տարածաշրջանի ողջ հայության համար, քանի դեռ Բաքուն Արցախում է և իր ներկայությամբ արգելափակել է արցախահայության վերադարձը իր հայրենիք, իր կենսատարածք: Արցախահայությանը սպառնում է այն նույն ճակատագիրը, ինչ վրա հասավ Գարդմանի, Նախիջևանի, Շիրվանի հայությանը՝ համայնքային ինքնության, բարբառի, նիստուկացի, մշակույթի, ամենի կորուստ:

Հայկական պետական քաղաքականությունը պետք է հայթայթի ջանքեր ու դիվանագիտական ներուժի ճկունություն և ապահովի արցախահայության վերադարձը իր հող ու հայրենիք, իր տուն ու տեղ, որ նա ապրի անվտանգ, արժանապատիվ, ազատ և վայրագ ու հակամարդ Ադրբեջանի որևէ վերահսկողությունից դուրս: Արցախի ու արցախահայության փրկությունը միայն ու միայն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս է, ու սա է տարածաշրջանում հայության գոյության գրավականը:

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829