Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոս այդքան չարչարանքների միջով անցավ, որպեսզի փրկություն բերի մարդկությանը

Ապրիլ 04,2015 14:35

Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

«Զատկի խորհուրդը Քրիստոսի հարությունն է: Մենք մեծ շուքով տոնում ենք Քրիստոսի ծնունդը, սակայն նա ծնվեց ու աշխարհ եկավ, որ խաչվի և հարություն առնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Մեծ պահքի և Սուրբ Հարության տոնի խորհրդի մասին, ասաց ԱՀԹ Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը:

Մեծ պահքի Ավագ շաբաթվա ընթացքում Քրիստոսի կյանքում տեղի ունեցան ոտնլվան, դավաճանությունը, չարչարանքները, մահը և հարությունը. «Մենք հիմա մտնում ենք սգո շրջան, քանի որ սգի համար ենք պահք պահում: Մենք փորձում ենք վերապրել այն չարչարանքներն ու դավաճանությունները, որոնց միջով անցավ Քրիստոս՝ լինելով ամենաանմեղը: Նրա այդ չարչարանքներն էին, որ մեզ փրկություն բերեցին»,- նշեց քահանան:

Անդրադառնալով Մեծ պահքի Ավագ շաբաթվա վերջին օրերի ծոմապահությանը՝ Տեր Զգոնը նշեց, որ ծոմապահությունն սկսվում է հինգշաբթի երեկոյան և տևում է մինչև շաբաթ երեկո. «Եթե մարդն առողջական խնդիրների պատճառով այդքան ժամանակ չի կարող ծոմ պահել, ապա պետք է գոնե շաբաթ օրն առավոտից մինչև հաղորդություն ստանալը ծոմ պահի»,- ասաց նա:

Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի սբ. պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի». այս ավետիսով ավարտվում է Մեծ պահքը:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկած ձուն Հարության և նոր կյանքի խորհրդանիշն է: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչված Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ժողովրդական ավանդույթով՝ Զատկին նաև բրնձով և չամիչով փլավ, ձկով ուտեստներ են պատրաստում:

Նախորդ տարվանից Արարատյան հայրապետական թեմը հիմք դրեց Հարության տոնին անցկացվող կանթեղներով երթին, որն այս տարի նույնպես կլինի. հավատացյալները Սուրբ Սարգիս եկեղեցուց 1050 կանթեղներով կշարժվեն Հանրապետության հրապարակ:

«Արարատ» երիտասարդաց միության անդամ Դիանա Թովմասյանը տեղեկացրեց, որ իրենց կմիանան նաև ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930