Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Սերժ Սարգսյանը ձերբակալման հրաման չի տվել»

Ապրիլ 10,2015 14:26

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արդեն հոգնել է պատասխանել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի քննադատություններին: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները խնդրեցին, այնուամենայնիվ, պատասխանել Էդուարդ Շարմազանովի հասցեին ուղղված նրա քննադատությանը:

Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Լեւոն Զուրաբյանը գաղտագողի ինչ-որ բան է ասում ու փախչում դահլիճից գողեգող, որպեսզի պատասխանները չլսեն: Նրա ցանկությունն է, որ մենք անընդհատ արձագանքենք: Ինքը լուրջ մտածելու տեղիք ունի: Քաղաքական անցյալ ունեցող ուժը չի կարող ցեղասպանության ճանաչման խնդրի շուրջ որեւէ այլ կարծիք ունենալ, քան դրական»:

Հարցին՝ Արամ Մանուկյանն իր փաստարկներից մեկում նշեց, որ հնարավոր է գազի սակագնի 25 տոկոս էժանացում, ի՞նչն է պատճառը, որ ՀՀԿ-ն չի ցանկանում քննարկել այդ հարցը՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե պարոն Մանուկյանը կարող է ասել 40, 50 տոկոս: Դրանք ավելի հաճելի թվեր են: Դրա համար կա մասնագիտական մոտեցում, անհատ գործիչները չեն, որ պետք է ասեն: Այդ հարցը բավական ուսումնասիրության առարկա է դարձել: Կա՞ արդյոք հնարավորություն էժանացնելու՝ մենք պետք է հետեւողական լինենք, քննարկենք, այդպես թվեր արտահայտելով չի, որ հնարավոր է 25 կամ 30 տոկոս իջեցնել»:

Հարցին՝ վարչապետը խմբակցությունում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց հետ, վարչապետն անդրադարձե՞լ է ՀՀԿ կանանց պահվածքին Ծիծեռնակաբերդում, թե՞ ոչ՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ Հովիկ Աբրահամյանը սովորական այց է ունեցել խմբակցություն, այնպես չի եղել, որ միայն կանանց հետ է հանդիպել. «72 պատգամավոր է, 8-9 կին պատգամավոր կա, ինչպե՞ս կարող էին մեծամասնություն կազմել կանայք: Կանայք ընդհանրապես մեծամասնություն երեւում են բոլորիդ աչքին, բայց այդպես չէ: Հնարավորություն է եղել շփվել վարչապետի հետ, դուք ցանկանում եք կապել առանձնահատուկ ինչ-որ դեպքի հետ: Առանձնահատուկ դեպք չի քննարկվել»:

Հարցին՝ ընդդիմության հետ փոխզիջումային տարբերակով հնարավո՞ր է քննարկում անեք՝ քաղբանտարկյալներին, մասնավորապես Հիմնադիր խորհրդարանի անդամներին ազատ արձակելու հարցում՝ նա պատասխանեց, որ դեմ չի եղել, որ կանխարգելիչ միջոցառումներ լինեն ապրիլի 24-ին սադրիչ որեւէ գործողություն պատրաստողների նկատմամբ. «Եղել են բավականին ագրեսիվ հայտարարություններ, սադրիչ գործողությունների մասին հայտարարություններ: Դա կանխարգելիչ գործողություն է, որը հիմնավորել են իրավապահ մարմինները»:

Հարցին՝ եթե Հայաստան են գալիս խոշոր պատվիրակություններ, Հայաստանի քաղաքացին իրավունք չունի՞ իր երկրում քաղաքական որեւէ ակցիա իրականացնի՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ ՀՀ քաղաքացին միշտ ունի իրավունք ցանկացած ակցիա անելու եւ անում են. «Բայց նման լոզունգներով՝ միտված ապրիլի 24-ի միջոցառումը խոչընդոտելու եւ դա ինչ-որ անձնական նպատակներին ծառայացնելու համար, չեմ կարծում, որ կգտնվի մի հայ, որ դրան կողմ կլինի: Այստեղ կա միտում, որ իրենք աղմուկ բարձրացնեն, որ մեր հյուրերը հասկանան, որ իրենց անվտանգությունն ապահոված չէ: Սրա արմատները խորն են, պատմությունը ցույց կտա, ամեն ինչը կպարզաբանվի»:

Ըստ Վահրամ Բաղդասարյանի, այս երկրում ինչ կատարվում է՝ ասում են Սերժ Սարգսյանի հրահանգն է. «Սերժ Սարգսյանը նման հրամաններ չի արձակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930