Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում Վիեննայում

Ապրիլ 10,2015 19:00

Ապրիլի 9-ին Ավստրիայի Ազգային գրադարանի հանդիսությունների Մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ծննդյան 125 և մահվան 70-ամյակին: Կազմակերպիչներն էին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը՝ համագործակցությամբ Ավստրիայի գրական ընկերության և «Ֆրանց Վերֆել» կոմիտեի: Միջոցառման խորագիրն էր «Գրականությունը որպես ժամանակի վկա»:

Միջոցառմանը ներկա էին աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ավստրիայի կառավարության, մասնավորապես՝ արտաքին գործերի, կրթության, արվեստի ու մշակույթի և այլ նախարարությունների պաշտոնյաներ, Ավստրիայի խորհրդարանի և Վիեննայի քաղաքային խորհրդարանի պատգամավորներ, դեսպաններ, պատմաբաններ, դիվանագետներ, գրականագետներ, լրագրողներ, ավստրահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

887583_1087894664570062_7687693250946303368_o

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայի Ազգային գրադարանի տնօրեն, դոկտոր Յոհաննա Ռախինգերը:

Հայոց ցեղասպանության պատմական եղելության լուսաբանման գործում Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի դերակատարության մասին ելույթներով հանդես եկան դեսպան Կիրակոսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Այնուհետև Հայոց ցեղասպանության և Ֆրանց Վերֆելի ստեղծագործության մասին համառոտ ելույթներով հանդես եկան հայ և ավստրիական եկեղեցական շրջանակների ներկայացուցիչները, մասնավորապես՝ Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության ղեկավար, հայր Պողոս Կոջանյանը, կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնի խոսնակ և համաավստրիական «PRO ORIENTE» կազմակերպության մամլո քարտուղար, պրոֆեսոր Էրիխ Լայտենբերգերը: Վերջինս ներկայացրեց Երուսաղեմի պատրիարք Եղիշե Տուրյանի կողմից դեռևս 1929թ. Վերֆելին նվիրաբերած խաչի պատմությունը, որը Վերֆելը սրբությամբ պահել է մինչև իր կյանքի վերջը և վերջինիս մահից հետո խաչը Միացյալ նահանգներից բերվել է Ավստրիա և հանգրվանել կարդինալ Շյոնբորնի մոտ: Էրիխ Լայտենբերգերը նաև հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման առթիվ ապրիլի 24-ին Վիեննայի Սուրբ Ստեֆանի կենտրոնական տաճարում կարդինալ Շյոնբորնի մասնակցությամբ տեղի ունենալիք էկումենիկ աղոթքից հետո խաչն ի պահ է տրվելու տաճարին և ցուցադրվելու է մշտական ցուցահանդեսում:

Վերֆելի վեպում հայոց ցեղասպանության պատմական իրողության արտացոլման խնդրի շուրջ ելույթով հանդես եկավ Ավստրիայի գրական ընկերության և «Ֆրանց Վերֆել» կոմիտեի նախագահ, գրող, դոկտոր Մարիանա Գրուբերը: Վերֆելի վեպից հատվածների ընթերցմամբ հանդես եկավ ավստրիացի գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը:

Զուգահեռաբար Ավստրիայի Ազգային գրադարանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր Վերֆելի կյանքին և «Մուսա լեռան 40 օրը» վեպին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսին Ավստրիայի Ազգային գրադարանը տրամադրել էր Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ձեռագրի բնօրինակը, որը ցուցադրվեց Վերֆելին նվիրաբերված հայկական խաչի հետ միասին: Ցուցադրվեց նաև վերջին տարիներին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ցեղասպանության թեմայով հրատարակված շուրջ 30 անուն գիտական և գիտահանրամատչելի գրականություն, որը ցուցահանդեսի ավարտից հետո ամբողջովին կնվիրաբերվի Ավստրիայի Ազգային գրադարանին:

Միջոցառմանը Ավստրիայի Գրաց քաղաքից ժամանած լարային քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտասի և Շուբերտի ստեղծագործությունները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930