Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. Հայոց Եղեռնի դատապարտման իրավական հիմքերը

Ապրիլ 23,2015 11:02

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանն այսօր ներկայացնելու է իր զեկույցը Երևանում կայացած «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» ծրագրով կայացած համաժողովին: Ներկայացնում ենք մի հատված:

Հայոց եղեռնը սոսկ պատմական փաստերով հիմնավորման ենթակա իրադարձություն չէ և չի կարող սահմանափակվել բացառապես պատմական հետազոտությունների շրջանակներով, այն 20-րդ դարի մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն է, որն այդպիսին կարող է գնահատվել բացառապես իրավասու դատական ատյանների դատավճիռներով: Ցավոք, դեռևս ինչպես միջազգային կառույցներում, այնպես էլ արտասահմանյան երկրների խորհրդարաններում բավարար չափով քննարկման նյութ չեն դարձել հենց թուրքական ռազմական ատյանների 1919-1921 թթ. դատավճիռները, որոնցում հստակ արձանագրվել է այն, որ 1915 թ. Թուրքիայի պետական ու կուսակցական ղեկավարների կողմից կազմակերպվել ու իրականացվել է էթնիկական շարժառիթներով հայերի, ասորիների, հույների և մի շարք այլ ազգային փոքրամասնությունների զանգվածային ջարդեր, ընդ որում, հիմնական թիրախը հանդիսացել են ազգությամբ հայերը: Ջարդերն իրականացվել են «Հայկական հարցը» ասպարեզից հանելու նպատակով:

Տվյալ դեպքում եզրույթները («Հայոց եղեռն», «ցեղասպանություն» և այլն), իմ խորին համոզմամբ, էական նշանակություն չունեն. նշված դատավճիռների իրական արժեքը ոչ թե կոնկրետ եզրույթների կիրառման, այլ ոճրագործության փաստական հանգամանքների արձանագրման մեջ է: Այդ դատավճիռների հիմքում դրվել են ոչ միայն պաշտոնական փաստաթղթեր, բազմաթիվ վկաների ցուցմունքներ, այլև թուրք պետական և ռազմական գործիչների ինքնախոստովանական ցուցմունքներ:

Այս տեսակետի հակառակորդները հաճախ փորձում են հիմք ընդունել այն գաղափարը, որ իբր թուրք գործիչները նշված դատավճիռներով քրեական պատասխանատվության են ենթարկվել պետական դավաճանության համար, ինչն ընդհանուր ոչինչ չունի ցեղասպանության հանցակազմի հետ: Մեծ հաշվով, որևէ իրավական նշանակություն չունի, թե թուրքական դատական ատյաններն ինչպես են որակել հանցագործությունները, սկզբունքային նշանակություն ունի այն, թե ինչ փաստական հանգամանքներ են արձանագրվել, որոնք են եղել մարդկանց զանգվածային կարգով ոչնչացնելու շարժառիթները և այլն:

Մեկ այլ հարցադրում ևս. եթե հնարավոր ենք համարում «Հայոց եղեռն» եզրույթը կիրառել, որպես «գենոցիդ» եզրույթին միանգամայն համարժեք, ապա ինչպե՞ս ենք պատկերացնում 1948 թ. Ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթներին ռետրոակտիվ էֆեկտ (հետադարձ ուժ) հաղորդելու հնարավորությունը: Նախ, ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, նախատեսված է եղել սովորութային միջազգային իրավական նորմերով: Ընդ որում, այս մոտեցումն ամրագրված է Կոնվենցիայի նախաբանում և Նյուրնբերգյան տրիբունալի կանոնադրությունում: Պատահական չէ, որ թեպետ Հայերի զանգվածային բնաջնջման առնչությամբ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ցավոք, բացառապես բավարարվել են հայտնի իրադարձությունները դատապարտող հռչակագրերով, սակայն կարևոր է ընդգծել, որ դեռևս 1915 թ. մայիսի 24-ին այդ երեք պետությունները նշված փաստաթղթում իրադարձությունները ևս որակել են, որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ» ուղղված հանցագործություններ, այսինքն՝ այդ ժամանակահատվածում հիշյալ ոճրագործություններն արդեն իսկ սովորութային միջազգային իրավական նորմերով որակվել են, որպես միջազգային հանցագործություն։

Այս տեսանկյունից արդեն առանցքային նշանակություն են ձեռք բերում պատմական անհերքելի փաստերն այն մասին, որ թուրքական իշխանությունները շարունակել են ցեղասպանության ոճրագործությունը նաև Կոնվենցիայի ընդունումից հետո: Դույզն ինչ տանելի կենսապայմանների մասին խոսք չի կարող լինել այն իմաստով, որ արդեն 1923 թ. մարտի 31-ին, այսինքն` դատավարություններից ընդամենը երկու տարի անց Թուրքիայում հայտարարվեց համաներում, որի արդյունքում ազատության մեջ հայտնվեցին բոլոր այն ոճրագործները, որոնք դատապարտվել էին Թուրքիայի զինվորական դատարանի և ընդհանուր իրավասության մյուս դատարանների կողմից, իսկ 30-ականների սկզբներին մահապատժի դատապարտվեցին հիշյալ դատավճիռներն արձակած բոլոր դատավորները: Նկատենք, որ խոսքը բնավ ժխտողական գաղափարների մասին չէ, այլ այն քաղաքականության, որի արդյունքում Հայ ժողովրդի մի ստվար հատված հարկադրված է ապրել Հայրենիքից դուրս՝ զրկված լինելով իր գույքից ու տարրական կենսապայմաններից, ինչը հանգեցնում է ազգի ինքնության անխուսափելի կորստի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930