Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՔԾ-ն գտավ, որ ոստիկանները հարվածելով, տեսախցիկից ջնջելով լրագրողական նյութերը՝ փորձել են պաշտպանել»

Մայիս 05,2015 14:48

«Մեդիա կենտրոնում» Մամուլի ազատության օրվան նվիրված քննարկմանը ոլորտի փորձագետները նշեցին, թե իրավիճակը շտկելու համար ավելի շատ լրագրողներ պետք է լինեն ընդվզողի դերում, ավելի հետևողական լինեն ու դիմեն դատարաններ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը նկարագրելով ընդհանուր իրավիճակը, նշեց. «Մենք ունենք ԶԼՄ-ներում այնպիսիք, որոնք իսկապես ազատ են իրենց լրատվական քաղաքականության մեջ, որևէ մեկը նրանց թելադրել չի կարող, բայց հավաքականության մեջ ես էլ եմ կարծում, որ ՀՀ-ում դեռ ԶԼՄ-ները մնում են անազատ: Բազում պատճառներից մեկն այն է, որ իշխանության վերարտադրման ռեսուրսներից երևի 4-5 հիմնական սյուներից մեկը մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ների նկատմամբ կատարյալ վերահսկողություն ունենալն է: Չարիքն այնտեղ է, որ այս իշխանությունը հանրությունից հեռացած է»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ մամուլի ազատության առումով իրավիճակը կայուն է. ոչ դեպի վատն է գնում, ոչ դեպի լավը. «Ցավալին այն է, որ որևէ առաջընթաց չկա այդ բռնություններին համապատասխան իրավական դաշտ բերելու առումով»:

Տիկին Դոյդոյանը մտահոգություն հայտնեց, թե անհանգստացնող էր 2014-ի ընթացքում ՀՀ դատախազի այն հայտարարությունը, թե լրագրողները պարտավորվելու են բացահայտել իրենց լրատվական աղբյուրները: Շուշան Դոյդոյանը սա հետընթաց համարեց: Ըստ նրա`ոչ միայն լրագրողների դեմ բռնությունները, այլև այս հայտարարություններն են պատճառ դառնում զեկույցում ՀՀ-ի վերաբերյալ նման պատկերին:

«Լրագրողներ հանուն ապագայի» Հ/Կ նախագահ Սուրեն Դեհերյանը նկատեց. «Ցավոք, կարծես թե հարմարվել ենք հեռուստաընկերությունների վարած քաղաքականությանը, ուղղակիորեն վերահսկվող իրավիճակին: Ի տարբերություն հեռուստաընկերությունների` ազատ, անկաշկանդ խոսքն արտահայտող կայքերի նկատմամբ նույնպես վերջին շրջանում վերահսկողության փորձ է արվում: Նոր միտում է՝ լռեցնելու այն թեմաները, որոնք կարևոր են հասարակության համար»: Սուրեն Դեհերյանը նշեց, թե լուրջ խնդիր է նաև մեդիագրագիտությունը:

ՉԻ լրագրող Անի Գևորգյանը մտահոգություն հայտնեց, թե ՀՀ իշխանությունների համար խոսքի և մամուլի ազատությունը արժեք չէ: Նա նշեց, որ իր դեմ բռնության վերջին քրեական գործը կարճվել է. « Վերջին դեպքի հետ կապված հարուցված քրեական գործը առանց որևէ արդյունք տալու կարճվեց, քանի որ ՀՔԾ-ն գտավ, որ ոստիկանները ինձ հարվածելով իմ տեսախցիկից ջնջելով իմ լրագրողական նյութերը, փորձել են ինձ պաշտպանել: Կամ նրանք փորձել են կանխել իմ կողմից Մաշտոցի պողոտան փակելու փորձը: Դա բողոքարկել եմ դատական ատյաններում»:

Անի Գևորգյանը նաև մտահոգված է, որ մեդիա դաշտում չեն ապահովվում լրագրողի համար անհրաժեշտ պայմանները, այդ պատճառով աշխատում են դաշտում կամ նվիրյալները, կամ փորձի պակաս ունեցող անձինք:

Դառնալով բռնություններին` Սուրեն Դեհերյանը նշեց. «Բռնություն, որը տեղի է ունենում լրագրողի նկատմամբ, բռնություն է նախևառաջ հասարակության դեմ»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031