Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա խայտառակություն է, այն, ինչ դուք անում եք, անարգանք է՝ ԱԺ-ի նկատմամբ». Լեւոն Զուրաբյան

Մայիս 05,2015 15:02

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի» մասին  եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս եւ այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին:

Սրանով կառավարությունն ուզում է, որ արտերկրում աշխատողներն էլ ՀՀ-ում օրինական ձեւակերպում ստանան եւ պետբյուջե վճարվի եկամտահարկ: Շահութահարկի մասին ՀՀ օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան ծրագրեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման եւ այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոս:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դժգոհեց ոչ թե օրենքի բովանդակությունից, այլ կառավարության գործելաոճից. «Այն, ինչ դուք անում եք, անարգանք է՝ ԱԺ-ի նկատմամբ»:

Նա վստահեցրեց, որ կառավարության ներկայացրած նախագծերի մեջ այդ օրինագիծը չի եղել, վերջին պահին՝ մայիսի 4-ի երեկոյան են այն մտցրել օրենքների մեջ. «Կամ դուք հետին թվով այն մտցրել եք օրակարգի մեջ, ուրեմն սա խարդախություն է, կամ դուք պրոֆեսիոնալ չեք, օրակարգում ձեր որոշումը չի հրապարակվել, ինչը նշանակում է, որ որեւէ լուրջ մարդ չի պատրաստվել ձեր օրենքի քննարկմանը: ՀԱԿ-ը նախապես ուսումնասիրում է նախագծերը տնտեսագիտական իր խմբի կողմից, տալիս գնահատականը: Մենք այս օրենքը նոր ենք տեսնում: Դուք ԱԺ-ի մասին էլի մտածում եք որպես մի դակիչ մարմին, որտեղ կարող եք վերջին րոպեին բերել խցկել օրենքը՝ ստանալու ձեզ համար ցանկալի արդյունքը: Սա ի՞նչ է, ե՞րբ եք դուք սովորելու վերջապես սովորական դեմոկրատական մշակույթ՝ հարգելու մարդկանց, որ մենք կարողանանք լուրջ այս ամեն ինչը քննարկենք: Հնարավոր չի՞ ոչ թե ափալ-թափալ, վերջին պահին խարդախությամբ կամ խցկելով ինչ-որ բաներ ետին թվով բերել, ե՞րբ է հնարավոր լինելու կազմակերպել այս ամեն ինչը դեմոկրատական ձեւով»;

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց եւ ասաց, որ դա զուտ անհատական տեսակետ է. «Այդպես չի կարելի դաս տալու տոնով: Եթե այդքան մտահոգ եք, ցանկացած պատգամավոր իրավունք ունի կառավարության նիստերին մասնակցելու: Այդպես դաս տալով չի կարելի վարկաբեկել: Ես, օրինակ, եթե զեկուցողի տեղը լինեմ, չեմ էլ պատասխանի, էդ ի՞նչ հարց է»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, որ կառավարության ներկայացրած օրակարգում 3 օրենք է մտցվել, որը մի քանի օր առաջ չի եղել. «Կառավարությունը կամ Գալուստ Սահակյանը խախտել են օրենքը»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Այն ցուցակը, որի մասին դուք խոսում եք, կառավարության նախնական որոշման նախագիծն է: Կառավարության նիստի ժամանակ ավելացել են նախագծեր»:

Արամ Մանուկյանը հակադարձեց, որ կառավարության նիստը եղել է հինգշաբթի, այդ օրը չի եղել օրակարգում փոփոխություն. «Պարզ հնարք է սա: Հրատապ են մտցրել, որ չհասցնենք քննարկել: 5 օրվա մեջ կառավարության կայքում չի դրվել սա, ոչ մեկը խորհրդարանից տեղյակ չի այս օրենքի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031