Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպայի և աշխարհի քաղաքական ապագան կերտողները»՝ Հայաստանում

Մայիս 08,2015 11:57

Հայաստանում են աշխարհի 60 երկրների 160 երիտասարդ սոցիալիստներ: Երևանում անցկացվում է Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովը (IUSY World Council): «Հավասար աշխարհ հնարավոր է» կարգախոսով երկօրյա ժողովի ընթացքում քննելու է մարդու հիմնարար իրավունքների իրացման գործում երիտասարդության դերի, վերջինիս զբաղվածության, աշխատունակության և այլ հարցեր: Ժողովի հատուկ քննարկման առարկան է Հայոց ցեղասպանությունը, արդի աշխարհի առջև ծառացած բնապահպանական խնդիրները` աշխարհի կայուն զարգացման հեռանկարներում: Նշենք, որ մայիսի 9-ին հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդ և ծաղկամատույց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ժողովին մասնակցում են նաև ՀՅԴ Հայաստանի և սփյուռքի երիտասարդական և ուսանողական միությունների ներկայացուցիչներ:

ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Ընկերվար-Միջազգայնականի (Սոցինտեռն) փոխնախագահ Մարիո Նալբանդյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միայն Հայաստանի խնդիրը չէ, այլ ողջ աշխարհի:

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Թուրքիայից և Ադրբեջանից պաշտոնական մերժում չեն ստացել, սակայն նրանց ներկայացուցիչները չեն մասնակցում ժողովին. Գևորգ Ղուկասյանի փոխանցմամբ՝ մեծ ներկայացվածություն ունեն Աֆրիկա, Հարավային Ամերիկա մայրցամաքները. «Այստեղ են Եվրոպայի և աշխարհի ապագա քաղաքական գործիչները, Եվրոպայի և աշխարհի քաղաքական ապագան կերտողները: Ուստի մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռնված նրանց հաղորդակից դարձնել մեր ցավին՝ Հայոց ցեղասպանությանը և ակնկալել, որ իրենց հետագա գործունեության ընթացքում Հայոց ցեղասպանության հատուցման հարցում մեզ համար նպաստավոր քայլեր են կատարելու»:

Ը.Ե.Մ.Մ-ի նախագահ Ֆելիպե Խելդերեսը անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը՝ հիշեցնելով, որ այստեղ են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համար, այնուհետև կարևորեց երիտասարդության դերը տարբեր խնդիրների լուծման առումով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031