Լրահոս
Օրվա լրահոսը

Հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները՝ Հայ դատի հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովի օրակարգում

Սեպտեմբեր 30,2026 15:01 Share

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպտեմբերի 25-28-ը Երևանում և Աղվերանում գումարվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցի համահայկական խորհրդաժողովը։ Մինչև խորհրդաժողովի բուն աշխատանքները, պատվիրակները նախ այցելեցին Եռաբլուր, իսկ խորհրդաժողովի ավարտին՝ հանդիպեցին Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ ստանալով վերջինիս օրհնությունն ու զորակցություն հայտնելով Մայր աթոռին՝ ի տես այն մարտահրավերների, որ վերջինս դիմագրավում է։ Հանդիպումներ տեղի ունեցան նաև Արցախի Հանրապետության իշխանության և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

Խորհրդաժողովի աշխատանքային օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին արտաքին ազդեցությամբ պայմանավորված՝ ՀՀ ներքաղաքական մի շարք զարգացումների, ինչպես նաև առհասարակ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներին։ Խորհդրդաժողովի մասնակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրին վերաբերող այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանի հարաբերությունները և բանակցային ներկա գործընթացը Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունների հետ, տարածաշրջանային ապաշրջափակման առևերևույթ նպատակ հետապնդող՝ տարածաշրջանային փոխկապակցվածության հնարավոր տարբերակները և դրանում միջազգային տարբեր ուժային կենտրոնների ներգրավվածությունը։  Ընդգծվել է, որ անկախ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումներից ու հալածանքներից, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակելու են աշխատանքները Հայաստանի Հանրապետության համար արտաքին զորակցության ապահովման, միջազգային հարաբերություններում հնարավորինս բարենպաստ պայմաններ ձևավորելու ուղղությամբ։

Հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հակամարտության խորացված հետևանքներին և դրանով պայմանավորված Հայ դատի համակարգի հիմնական քաղաքական առաջնահերթություններին՝ մասնավորապես արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ապահովմանը, գերիների վերադարձի խնդրին, Արցախի պետական կառուցակարգերի սատարմանը, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը և Հայաստանում հաստատված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու նրանց համար միջազգային մարդասիրական օժանդակության ապահովմանը։

Ժողովի քննարկման առարկան է եղել նաև աշխարհի տարբեր վայրերում հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, առաջին հերթին Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանությանն ուղղված աշխատանքները։

Ուշադրությամբ քննարկվել են Հայ դատի ցանցի հզորացման և երտասարդության քաղաքականացմանն ուղղված գործողությունների տարբերակներ, այդ թվում տարաբնույթ երիտասարդական կրթական ծրագրերի իրականացում, սփյուռքահայ երիտասարդության համար տարբեր երկրներում քաղաքական կայացման և առաջընթացի  հնարավորությունների ստեղծում։

Հայ դատի հերթական խորհրդաժողովը վերահաստատել է աշխարհի շուրջ երեսուն երկրներում գործող՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների ցանցի զորակցությունը Հայաստանի անկախ պետականությանը և հայության խախտված իրավունքների վերականգմանն ուղղված պայքարին՝ իբրև առաջնահերթություն ունենալով Հայ ժողովրդի բովանդակ շահը, իսկ իբրև նպատակ՝ անկախ և շարունակաբար հզորացող հայկական պետականությունը։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930