Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ. «Նաիրիտը» չի կարող մրցունակ լինել, ուստի գործարանի հետագա շահագործումը տնտեսապես շահավետ չէ

Հունիս 09,2015 16:46

Հունիսի 9-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական խորհրդում քննարկվել է Համաշխարհային Բանկի կողմից ներկայացված նախնական հաշվետվությունը՝ «Նաիրիտի» հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը դիմել էր ՀԲ-ին՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով: ՀԲ-ն  «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության  մասնագետների միջոցով իրականացրել է ֆինանսատնտեսական աուդիտ, որի նախնական եզրակացությունն արդեն ներկայացված է ՀՀ կառավարություն և գործարանի ղեկավարությանը։

ՀԲ-ի հաշվետվության քննարկմանը մասնակցել են ինչպես «Նաիրիտի» արտադրատեխնիկական խորհրդի անդամները, այնպես էլ՝ կառավարման խորհրդի ու նախարարության ներկայացուցիչները։

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է գործարանի հետագա շահագործման վերաբերյալ ՀԲ-ի եզրակացությունը, որտեղ նշված է, որ գործարանը չի աշխատել 2010 թվականից ի վեր, և նրա մասնավոր սեփականատերը լքել է այն։ Այսօրվա դրությամբ գործարանի պարտավորությունները գերազանցում է 121 մլրդ դրամը /250մլն ԱՄՆդոլար/, որի մեջ մտնում է ԱՊՀ Միջպետական բանկի չմարված վարկը։ Այդ ժամանակահատվածում գործարանը որևէ եկամուտ չի ստացել և աշխատավարձերի վճարման ու պահպանության ծախսերի համար ապավինել է Երևանի ՋԷԿ-ի փոխառություններին։ Երևանի ՋԷԿ-ի նկատմամբ ընդհանուր պարտքը կազմում է 23 մլրդ դրամ /48 մլն ԱՄՆ դոլար/։ Ավելի կրեդիտորական պարքերի կուտակումը շարունակվում է նաև այսօր: ՀԲ մասնագետները եզրակացության մեջ նշում են, որ եթե ստեղծված վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր  բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի պետական ընկերությունների վրա՝ տարեկան շուրջ 3 մլրդ դրամի չափով աշխատավարձերի վճարման և գործարանի պահպանության համար։

ՀԲ հաշվետվության մեջ նշված է, որ գործարանի վերագործարկման համար կպահանջվի 210-346 մլն. ԱՄՆ դոլար: Նշված է նաև, որ «Նաիրիտի» մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի կանխատեսվող գինը, ինչը գործարանը դարձնում է ոչ մրցունակ։

ՀԲ աուդիտորներ ուսումնասիրել և եզրակացրել են, որ թե բութադիենի, թե ացետիլենի վրա հիմնված արտադրական գործընթացների պայմաններում «Նաիրիտը» կունենա արտադրության ամենաբարձր ինքնարժեքներից մեկը՝ միջազգային շուկայում: ՀԲ մասնագետները մատնանշել են նաև գործարանի հիմնական միջոցների զգալի մասի նշանակալի մաշվածությունը:

Դրանից բացի ՀԲ աուդիտորների կարծիքով՝ «Նաիրիտը» ֆինանսապես կենսունակ դարձնելու համար կպահանջվի ծախսերի անիրատեսական կրճատում կամ պոլիքլորոպրենային կաուչուկի գնի բարձրացում։ Դրա արդյունքում «Նաիրիտը» ի վիճակի չի լինի մրցել եվրոպական, ասիական և այլ շուկաներում՝ արտադրության բարձր ինքնարժեքի ու շուկաներից հեռավորության պատճառով։ ՀԲ մասնագետների գնահատմամբ Նաիրիտի գործարկման նախագծում կատարված կապիտալ ներդրումները հետ կգնվեն միայն 30-35 տարվա ընթացքում /ցածր հատույցների պատճառով/ , ինչ գրավիչ չէ ներդրողների համար:

«Նաիրիտը» չի կարող մրցունակ լինել, ուստի գործարանի հետագա հետ շահագործումը տնտեսապես շահավետ չէ։

Քննարկմանը մասնակցող նաիրիտցիները համաձայն չէին ՀԲ-ի նախնական եզրակացության հետ, և նշել են, որ գործարանը կարելի է վերագործարկել 4 անգամ քիչ ներդրումներով, և իրենք էլ ունեն հիմնավորումներ, որ «Նաիրիտը» կորող է տալ մրցունակ արտադրանք:

Ինչևէ, ՀԲ մասնագետները ներկայացրել են իրենց կարծիքն ու եզրակացությունը, սակայն «Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնողը, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունն է։

 

ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930