Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեն Բոյաջյան. «Հայաստանում առողջ քննադատական միջավայր գոյություն չունի»

Հունիս 13,2015 20:44

Զավեն Բոյաջյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է ունենալ քիչ թե շատ կողմնորոշված եւ մասնագիտացված մամուլ:

«Ինձ համար ազատ խոսքի մշակույթը ձեւավորվում է համապատասխան միջավայրում եւ համապատասխան վայրերում, իմ ընկալմամբ՝ դեմոկրատական ցիվիլ հասարակության առաջին բնորոշ հատկանիշներից մեկն է»,- հունիսի 13-ին European Youth Press երիտասարդ մեդիագործիչների ցանցի նախաձեռնած համաեվրոպական ծրագիրի շրջանակներում կազմակերպված մեդիա հանդիպում-քննարկման ընթացքում հայտարարեց կինոգետ Զավեն Բոյաջանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում ազատ խոսքի ձեւավորմանը նպաստող միջավայր չկա. «Կուզեի, որ դա չշփոթվեր ընդհանրապես մամուլի կամ խոսքի ազատության հետ, որովհետեւ այս ազատությունների տակ մարդիկ հիմնականում հասկանում են, թե ով ինչ ուզի կարող է խոսել: Այս ամենը, ես չեմ ժխտում, որ կարեւոր ատրիբուտ է ազատ խոսքի մշակույթի ձեւավորման համար, եթե ոչ շատ կարեւոր նախապայման: Բայց կուզեի շեշտադրել հատկապես ասածս միջավայրը, որը մեզ մոտ դեռ կա՛մ շատ սաղմնային վիճակում է, կա՛մ երկար ճանապարհ ունի անցնելու»:

Կինոգետի կարծիքով՝ Հայաստանում նաեւ գոյություն չունի առողջ քննադատական միջավայր. «Ավելի շատ իշխում են բարիդրացիական հարաբերությունները, ավելի շատ իշխում է դիմացինին չնեղացնելու, շատ խիստ չարտահայտվելու մտայնությունը այն կանխակալ կարծիքով, թե այդպես տվյալ մարդուն  ավելի օգտակար ենք լինում, ավելի քիչ ցավ ենք պատճառում, թեեւ իրականում լրիվ հակառակն է: Այս իրավիճակը երկսայրի սուր է, որովհետեւ խնդիրը միայն այն չէ, որ մարդկային առումով կամ հարաբերությունների առումով նման միջավայր չի ձեւավորվում կամ ձեւավորմանը նպաստող քիչ հանգամանքներ կան»:

Ըստ Զավեն Բոյաջյանի՝ խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում մասնագիտացված մամուլ չկա, եւ հիմնականում գրականության եւ արվեստի գործերին անդրադառնում են տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցները. «Այդ ամենը շատ հաճախ լուսաբանվում է մասնագիտորեն շատ ցածր մակարդակ ունեցող լրագրողների կողմից, որոնք գուցե  որոշ ասպարեզներում կարող են հանդես գալ իրենց ծանրակշիռ խոսքով, բայց արվեստի, գրականության գործեր գնահատելիս անմիջապես բացահայտում են իրենց զինանոցի շատ պարզունակ մակարդակը եւ երեւույթները գնահատելիս իրենց լիակատար անկողմնորոշվածությունը: Ընդ որում՝ որքան էլ տարօրինակ է, այդ ամենը տեղի է ունենում մի իրականության մեջ, մի աշխարհում, որը գնալով ավելի ու ավելի է զրկվում սահմաններից, այսինքն՝ տեղեկատվության հայթայթումը գնալով ավելի ու ավելի հեշտանում է, ամեն ինչ շատ արագ կարելի է իմանալ, ճանաչել, օգտագործել: Բայց ես շատ հաճախ նկատել եմ, որ լրագրողական միջավայրում դա այնքան էլ ընդունված չէ. բոլորը կա՛մ շտապում են, կա՛մ ուզում են շատ արագ վերջացնել իրենց աշխատանքը»:

Նա հավելեց, որ ազատ խոսքի զարգացմանը նպաստող միջավայրի ստեղծման համար անհրաժեշտ է ունենալ քիչ թե շատ կողմնորոշված եւ մասնագիտացված մամուլ: Ըստ նրա՝ այդ խնդիրը լուծելուց հետո նոր հնարավոր է անդրադառնալ քննադատական միջավայրի ձեւավորման խնդրին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930