Լրահոս
Օրվա լրահոսը

Շեփորահար Արմեն Խաչատրյանը «Տիգրան Մեծ» չէ

Հունիս 15,2015 13:30

Բոլոր ժամանակներում բանավեճի տեղիք են տվել անհատի եւ հասարակության, մեկի ու բոլորի, առաջնորդի -զանգվածի, ղեկավարի եւ կոլեկտիվի փոխհարաբերությունները. ո՞վ է ավելի կարեւորը՝ «տանո՞ղը», թե՞ «գնացողը»: Մերօրյա առաջադեմ երկրներում (Ճապոնիա, Չինաստան, Շվեյցարիա, Շվեդիա եւ այլն) կարեւորվում է «կորպորատիվ» պահվածքը, երբ մարդն աշխատում է առանց «աչքի ընկնելու» կամ «երեւալու», որն, ըստ էության, համարվում է բարեկիրթ պահվածք: Մինչդեռ մեզանում դեռեւս շարունակվում է «անհատականության» մարմաջը. ինչպես հաճախ ասվում է՝ կարծես բոլորը Տիգրան Մեծ են: Այս դարավոր «վեճը» խտացված կերպով իր մեջ է կրում նաեւ մենակատար-նվագախումբ հարաբերությունը, ինչին վերջնական պատասխան չի եղել ու ամենայն հավանականությամբ՝ չի էլ լինելու: Փաստ է, որ շատ բարձրակարգ երաժիշտներ աշխատել եւ շարունակում են իրենց գործունեությունը նվագախմբերում, այդ թվում՝ հանրաճանաչ:

Բացառություն չէ հայաստանյան նվագախմբային արվեստը: Մեր պետական երաժշտական կոլեկտիվներում այսօր էլ սիրով ու նվիրվածությամբ աշխատում են իսկապես պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնց շարքերում են իրենց Տիգրան Մեծ չերեւակայող արվեստագետներ եւս: Նման երաժշտի «Առավոտը» հրավիրեց հարցազրույցի՝ 1998 թվականից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի շեփորահարների խմբի փոխկոնցերտմայստեր Արմեն Խաչատրյանին (լուսանկարում): Ինչո՞ւ հատկապես այս արտիստին. նա դեռեւս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջին կուրսում ճանաչված շեփորահար, պրոֆեսոր Յուրի Բալյանի դասարանում ուսանելու տարիներին մաեստրո Լորիս Ճգնավորյանի կողմից հրավիրվեց ֆիլհարմոնիկ նվագախումբ: Տարիներ անց շեփորահարն ավարտեց նաեւ ասպիրանտուրան, սակայն, ինչպես որ կար, մնաց նվագախմբի արտիստ կամ չընտրեց մենակատար-երաժշտի կարիերան:

Այս առիթով մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ինքն ի սկզբանե ընդունել եւ սիրել է կամերային երաժշտարվեստը, տարվել է նվագախմբային հնչողությամբ: Ժամանակին էլ հանդես է եկել «Երեւան» փողային նվագախմբում (գեղարվեստական ղեկավար՝ Հայկ Հովակիմյան): Նաեւ նշեց, որ իրեն եւ մյուս փողային գործիքների լավագույն երաժիշտներին քանիցս արտերկրյա ճանաչված դիրիժորներ հրավիրել են համագործակցելու իրենց ղեկավարած նվագախմբերի հետ, օրինակ՝ Հարութ Ֆազլյանը, որի ցանկությամբ քանիցս համալրել է Բեյրութի սիմֆոնիկ նվագախումբը, նվագակցելով նաեւ արաբական աշխարհի այնպիսի հայտնի երգչուհիների, ինչպիսիք են Ջուլիա Բոուտրոսը եւ Ֆեյրուզը:

Armern_Xachatryan-2

Արմեն Խաչատրյանը՝ վերեւի շարքում աջից առաջինը:

Խոսելով 2000-ականների սկզբից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում իր ծավալած գործունեության մասին, Արմեն Խաչատրյանը նշեց, որ միայն այս տարի՝ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համերգներով կոլեկտիվը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդես է եկել սկանդինավյան երկրներում, ԱՄՆ-ում, իսկ ընդհանրապես՝ ներկայանալի ծրագրերով, այդ թվում՝ նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, նվագախումբը ելույթներ է ունեցել եվրոպական երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Չեխիա, Ռուսաստան): «Ֆիլհարմոնիկ նվագախումբը որդեգրել է արեւմտյան երկրների հայտնի նվագախմբերի քաղաքականությունը, այն է՝ հաճախ են հրավիրվում ճանաչված դիրիժորներ, օրինակ՝ Վալերի Գերգիեւը (Ռուսաստան), Ջորջ Փեհլիվանյանը (Ֆրանսիա), Լիոր Շամբադալը (Գերմանիա), Փիթեր Ունջյանը (Կանադա), Ուորեն-Գրինը (Մեծ Բրիտանիա) եւ այլն, ինչպես նաեւ աշխարհին ծանոթ մենակատարներ, որոնց թվարկումը երկար ժամանակ կպահանջի: Ֆիլհարմոնիկ նվագախմբին իրենց ստեղծագործությունների առաջին կատարումն են վստահել հանրածանոթ շատ կոմպոզիտորներ, որոնք նաեւ ղեկավարել են դրանք, այդ թվում՝ Քշիշտոֆ Պենդերեցկին»,- հայտնեց երաժիշտը: Ասաց նաեւ, որ նվագախմբի հետ իբրեւ մենակատարներ հանդես են եկել աշխարհահռչակ շեփորահարներ Սերգեյ Նակարյակովը, Կիրիլ Սոլդատովը եւ այլք:

Հետաքրքրվեցինք նաեւ Երեւանի կոնսերվատորիայում փողային գործիքների դասարանի այսօրվա վիճակով: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ արդեն 90 տարին բոլորած մեր կոնսերվատորիայում տարբեր տարիների դասավանդել են շատ անվանի պրոֆեսորներ: Ինչ վերաբերում է այսօրվա փողային գործիքների դասարաններին, Արմեն Խաչատրյանը նշեց պրոֆեսորներ Նիկոլայ Խաչատրյանի շեփորի, տրոմբոնահար Օմար Պապիկյանի, գալարափողահար Նորայր Գալստյանի դասարաններում ուսանած երաժիշտների բարձր որակը, միաժամանակ հայտնելով, որ այդ երաժիշտները ոչ միայն համալրում են հայաստանյան պետական կոլեկտիվները, այլեւ աշխատում արտերկրյա ճանաչված նվագախմբերում:

Արմեն Խաչատրյանը համակարծիք չեղավ այն դիտարկմանը, թե հայ կոմպոզիտորները հաճախ չեն ստեղծագործում շեփորի համար: «Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Արամ Սաթյանի, Ռոբերտ Ամիրխանյանի եւ նույնիսկ այսօրվա երիտասարդ ստեղծագործողների երկերին մշտապես անդրադառնում են ոչ միայն հայաստանցի, այլեւ օտարազգի շեփորահարները: Հավանաբար գիտեք, որ Հումելոնի, Հայդնի եւ մյուս անվանիների կողքին միջազգային մրցույթներում պարտադիր ծրագրի մեջ մշտապես ընդգրկված է նաեւ Ալեքսանդր Հարությունյանի՝ շեփորի եւ նվագախմբի կոնցերտը»,- փաստեց Արմեն Խաչատրյանը: Իսկ թե երաժշտին երբեւէ չի՞ ձգել մենակատարի կարիերան, շեփորահարի պատասխանը հակիրճ էր՝ «Երբեք: Ես սիրում եմ իմ աշխատանքը, ասել է թե՝ գործունեությունս նվագախմբում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930