Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդավառ» միջազգային փառատոնը՝ Գառնիում և Գեղարդում

Հուլիս 10,2015 13:23

Այս տարի՝ հուլիսի 12-ին, երկրորդ անգամ կանցկացվի «Վարդավառ» միջազգային փառատոնը՝ Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) կազմակերպմամբ:

Լինելով կրթական, մշակութային միջոցառում՝ փառատոնը կանցկացվի հայ և համաշխարհային նյութական մշակույթի մաս կազմող հուշարձանների՝ Գեղարդի և Գառնիի տարածքում:

«2014 թվականին առաջին անգամ կազմակերպելով «Վարդավառ» միջազգային փառատոնը՝ ԵԱԴ-ն առաջին քայլն արեց Վարդավառ տոնը միջազգային համատեքստում ներկայացնելու ուղղությամբ: Շուրջ 26 երկրից ավելի քան 150 օտարերկրացի երիտասարդներ մասնակցեցին փառատոնին՝ դրա շրջանակներում հնարավորություն ունենալով ծանոթանալու նաև հայկական մշակույթին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱԴ նախագահ, փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս տարի առավել լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում՝ զարկ տալու հայկական մշակույթի վերհանմանը, երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանմանը, Հայաստանի կայուն աճն ապահովող զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդմանը:

Փառատոնի ծրագրում կլինի ոչ միայն Վարդավառի եկեղեցական ծիսակատարությունը, այլև ազգագրական երգ, պար, ազգային ավանդական խաղեր, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք կներկայացնեն տարբեր մարզերի ավանդույթները, ծիսական ուտեստներն ու ձեռագործ աշխատանքները: Իսկ տարբեր համույթների և դերասանների կողմից բեմադրված երաժշտական թատրոնը հյուրերին յուրովի կներկայացնի Վարդավառ տոնի էությունը:

Փառատոնի համակարգող Հայասա Թահմազյանը հավելեց, որ փառատոնը երկու մասից է բաղկացած լինելու։ Առաջին մասը կանցկացվի Գեղարդի վանքում, որտեղ կլինի երիտասարդության օրհնության և մատաղի օրհնության կարգ: Երկրորդ մասը կանցկացվի Գառնու տաճարում, որտեղ էլ կլինի Վարդավառին նվիրված տաղավարների բացում, ինչպես նաև՝ ազգային երգ, պար և այլն:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանի խոսքով՝ փառատոնի նպատակներից մեկն էլ մեր մշակույթը օտարներին ներկայացնելն է:

Ինչ վերաբերում է տոնի ներկայացմանը, կազմակերպիչները շեշտը դնում են հիմնականում դրա քրիստոնեական խորհրդի վրա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031