Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժի հետ մեկտեղ նշանակվել է հարկադիր բուժում՝ նյարդահոգեբույժի մոտ

Հուլիս 11,2015 13:30

Արարատ Ռաթեւոսյանը մեղավոր է ճանաչվել Կոտայքի մարզի ընդհանուր
իրավասության դատարանի դատավճռով եւ նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով: Նա դեռ կալանավորված է,
իսկ պաշտպանական կողմը պահանջում է ավելի մեղմ պատիժ՝ փորձաշրջանով:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը պատժի հետ մեկտեղ նշանակել է հարկադիր բուժում` նյարդահոգեբույժի մոտ, արտահիվանդանոցային հսկողության կարգով: Ուշադրության արժանի է այն, որ քրեական գործը հարուցվել է 2011թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Ա. Պետրոսյանի որոշմամբ: 2012թ. փետրվարի 29-ին, քննիչի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է, քանի որ Արարատը հայտնաբերված չէր:Անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին ոստիկանության բաժին բերման է ենթարկվում Արարատ Ռաթեւոսյանը եւ երկու օր հետո էլ նրան առաջադրվում է մեղադրանք:

Ըստ առաջադրված մեղադրանքի, Արարատ Ռաթեւոսյանը 2011թ. հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը՝ Աբովյանի Հանրապետության փողոցի 20-րդ շենքի մոտ գտնվող «Ադմա» գիշերային ակումբի դիմաց իրեն հայհոյելու համար վիճել է 1982թ. ծնված Արման Անախասյանի հետ, երկու անգամ դանակահարել է տուժողին:Տուժողը կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ստացել է առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Քրեական գործը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել այս տարվա փետրվարի 20-ին:

Ամբաստանյալ Ա. Ռաթեւոսյանը միջնորդել էր սակայն դատաքննությունն անցկացնել արագացված ընթացակարգով:Նա հայտնել էր, որ համաձայն է մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Դատախազը արագացված կարգով դատաքննություն անցկացնելու դեմ չէր առարկել:
Տուժողը դատարան չէր ներկայացել, քանի որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2015թ. մարտի 26-ի գրության համաձայն, բացակայում է Հայաստանի Հանրապետությունից:

Ըստ նրա ցուցմունքի, որը տվել էր նախաքննության ժամանակ, նա Արարատ Ռաթեւոսյանից քաղաքացիական հայցի պահանջ եւ բողոք չունի: Դատարանը հաշվի առավ հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները:

Համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի 2014թ. հոկտեմբերի 4-ի գրության, ամբաստանյալը նախկինում դատված չի եղել:

Նա վատառողջ էր, նրա մոտ ախտորոշվել է պրիմիտիվ անձ, աֆեկտիվ անկայունություն հիվանդություն, իսկ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր ամբուլատոր եզրակացության համաձայն էլ, Ա. Ռաթեւոսյանը հանդիսանում է «անձի խառը խանգարում, դեկոմպենսացիաներով» ախտորոշմամբ փսիխոպաթ անձնավորություն, ճանաչվել է սահմանափակ մեղսունակ: Ի դեպ, խորհուրդ է տրվել նրա նկատմամբ նշանակել հարկադիր բուժում՝ նյարդահոգեբույժի մոտ հսկողություն տեսակի: Սակայն տարօրինակ է, որ այդ բուժումը պետք է իրականացվի կալանավորման հետ մեկտեղ, անազատությանը զուգահեռ:

Դատարանի իրավական գնահատականների համաձայն. «Անդրադառնալով Ա. Ռաթեւոսյանի կողմից ալկոհոլի ազդեցության տակ հանցանք կատարելու հանգամանքին, դատարանն արձանագրում է, որ թեեւ ըստ մեղադրական եզրակացության Ա. Ռաթեւոսյանը հանցանքը կատարելիս եղել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում, սակայն հարկ է նշել, որ գործում բացակայում է նրա սթափության վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանքը կամ եզրակացությունը՝ ամբաստանյալի կողմից ոգելից խմիչք օգտագործելու վերաբերյալ, ուստի ելնելով վերոգրյալից, դատարանը գտնում է, որ Ա. Ռաթեւոսյանի կողմից հանցանք ալկոհոլի ազդեցության տակ կատարելու հանգամանքը տվյալ պարագայում հիմնավորված չէ, ուստի այն չի կարող դիտվել որպես ծանրացուցիչ հանգամանք»:

Նշենք, որ մեղադրողն ավելի ծանր պատժաչափ էր պահանջել՝ 4 տարի 8 ամիս ժամկետով: Դատարանի հարցադրումներից մեկն այն է եղել, թե ամբաստանյալն արդյո՞ք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, թե՝ ոչ:

«Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ամբաստանյալի նկատմամբ նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառելու եւ փորձաշրջան սահմանելու հիմքեր չկան, քանի որ միայն ազատազրկման ձեւով նշանակված պատիժը ռեալ կրելու պայմաններում հնարավոր է ապահովել պատժի նպատակները», – արձանագրվել էր դատավճռում:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տուժող Արման Անախասյանի իրեղեն ապացույց ճանաչված հագուստները կոչնչացվեն:

Դատավճռով, որը երեկվա դրությամբ շարունակվում է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում, ամբաստանյալ Արարատ Ռաթեւոսյանի նկատմամբ պատժի հետ մեկտեղ պետք է լուծվի նյարդահոգեբույժի մոտ ամբուլատոր հսկողության ձեւով հարկադիր բուժում նշանակելու հարցը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031