Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց»-ը խիստ վթարային վիճակում չէ». ճարտարապետ

Հուլիս 27,2015 16:54

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ շեշտեց, որ իրականությանը չի համապատասխանում այն, որ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրը խիստ վթարային վիճակում է. «Այն վերանորոգման, ամրացման կարիք ունի, բայց խիստ վթարային վիճակում չէ»,- ընդգծեց նա:

Նշենք, որ Հանրային խորհուրդը  դրական է գնահատել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի (Կոնցեսիոներ) նոր առաջարկությունը, այն է՝ պահպանել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը՝ միաժամանակ վերահաստատելով, որ կառույցի ամբողջական տեսքի պահպանումը, հատկապես մասնագետների հավաստմամբ, հնարավոր է մասնաշենքի նպատակային օգտագործման և ճարտարապետական արժևորման տեսանկյունից:

«Հանրային խորհրդում վերջին հանդիպման ժամանակ մենք բացատրեցինք, որ կարելի է շենքն օգտագործել, պահպանել մասնակի փոփոխություններով, բայց ոչ այնքան ակնառու, որ շենքը դառնա անճանաչելի, իսկ շենքի միայն մի մասի պահպանումն անընդունելի է»,- ասաց Մ. Մինասյանը:

Նրա համոզմամբ՝ եթե Կոնցեսիոներն զգա, որ պետությունը, իշխանավորները, նրանք, ովքեր կոչված են պահպանելու մշակութային հուշարձանները, նշանակություն չեն տալիս, պետական հսկողություն, վերաբերմունք չկա, «իր վեջն էլ չի լինի». «Մենք անփույթ ենք մեր հարստության նկատմամբ: Մտածում ենք՝ ի՞նչ է եղել որ, 40 տարվա շենք է, կարելի է և նորը կառուցել: Մեր պետության համար կարծես թե դժվար է պահպանելը, բայց հեշտ է քանդելն ու նորը կառուցելը»,- ասաց Ճարտարապետների միության նախագահը՝ ընդգծելով, որ պետք է լուծումներ գտնել շենքն ամբողջությամբ պահպանելու համար:

Նրա խոսքով՝ մոտավոր հաշվարկներով, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի ամրացման համար անհրաժեշտ է 10 միլիոն դոլար:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031