Վարդգես Փիրուզյան անունով ֆեյսբուքյան օգտատերը դիմել էր «Հրապարակին» եւ պատմում էր, որ օրեր առաջ անակնկալի է եկել:
«Զվարթնոց» օդանավակայանի սահմանային ծառայությունում իրեն հայտնել են, որ իր մուտքը Հայաստան արգելված է, անգամ ինչ-որ թղթի կտոր են տվել` ձեռագիր նշումներով: Փիրուզյանն ասում է, որ իրեն չեն ասել, թե որն է արգելքի պատճառը, միայն ասել են՝ չեք կարող Հայաստան մուտք գործել։ «Վիզայի հետ խնդիրներ չունեմ, փաստաթղթերի հետ խնդիրներ չունեմ, պատճառն իմ ֆեյսբուքյան գրառումներն են եւ իմ քննադատությունը` ուղղված իշխանություններին»,- ենթադրում է մեր զրուցակիցը: Այսինքն, մարդուն անգամ հստակ չեն ասել արգելքի պատճառը, նա ստիպված է ենթադրություններ անել, որ երեւի իր ֆեյսբուքյան ինչ- որ գրառումներ «բռնապետին» դուր չեն եկել:
«Ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, բայց հաճախ եմ Հայաստան գալիս` բարեկամներիս այցելության, ինչպես նաեւ՝ գերեզմաններ եմ այցելում: Չգիտես ինչու, այս անգամ` օգոստոսի 9-ին, երբ Հայաստան եկա, ինձ արգելեցին մուտք գործել ՀՀ սահման: Վերջին անգամ երեք տարի առաջ էի եկել: Ես իմ ֆեյսբուքյան էջում գրել եմ այն, ինչ գրում են բոլորը, այո, քննադատել եմ իշխանություններին, բայց առանձնապես վիրավորանքներ չեմ հնչեցրել, պարզապես քննադատել եմ, եւ դրա համար, հավանաբար, ինձ արգելել են Հայաստան մտնել»,- պատմում է նա:
Մենք փորձեցինք իրավապահներից ճշտել` ի՞նչն է Վարդգես Փիրուզյանի մուտքը Հայաստան արգելելու պատճառը: Քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում ասացին, որ այս առնչությամբ չունեն որեւէ տեղեկություն: Դե, իսկ ԱԱԾ-ն ամենաանթափանց կառույցն է, որից որեւէ պաշտոնական մեկնաբանություն ստանալ հնարավոր չէ:
Հուսանք՝ այս հրապարակումը պաշտոնական հարցում կդիտվի, եւ ԱԱԾ-ից մեծ կտեղեկացնեն, թե ինչու են արգելել Վարդգես Փիրուզյանին՝ այցելել իր հայրենիք:
Կարդացեք նաև
«Հրապարակ»


















































