Լրահոս
Օրվա լրահոսը

Ներառական դպրոցներին տրամադրվող պետական ֆինանսները ծախսվում են ոչ թե մասնագետ պահելու, այլ՝ սննդի վրա (Տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2015 17:30

Այսօր Հայաստանում կա ներառական 140 դպրոց, բայց դրանցից ոչ մեկը 100 տոկոսով ներառական չէ: Այսօր այս մասին «Տեսակետ» ակումբում ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքերով՝ ներառական դպրոցը պետությունից ֆինանսավորվում է, և, հետևաբար, դպրոցի տնօրենն իրավունք չունի մերժել հաշմանդամություն ունեցող երեխային:

«Բայց արդյոք բոլոր դպրոցները պատրաստ են եւ լիովին հարմարեցված են: Ասենք մուտքերի մոտ թեքահարթակներ կա՝ մի մասը համապատասխանում է, մի մասը՝ ոչ, եւ եթե ունեն նույնիսկ իդեալական թեքահարթակներ, դա վերջանում է առաջին հարկով: Բա մնացած հարկերը, սանհանգույցը, սպորտդահլիճը, դասասեղանը»,-ասաց Ալավերդյանը:

Պարոն Ալավերդյանի խոսքերով՝ ավելի մտահոգիչ են որոշ տնօրենների կարծրատիպերը, որոնք ներառական կրթությունն ընդունում են որպես ֆինանս ստանալու միջոց, կամ մոդայիկ է, կամ հեղինակավոր դպրոց համարվելու ձեւ է. «Նրանցից ոմանք, մենք ունեք փաստեր, ուղղակի չեն հասկանում՝ ի՞նչ է նշանակում ներառականություն: Նրանք հորդորում են հաշմանդամություն չունեցող երեխաներին ու նրանց ծնողներին, որպեսզի լինեն հանդուրժող հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ: Դա ահավոր եզրույթ է. ի՞նչ է նշանակում հանդուրժող, այսինքն, կներեք, մի զզվելի, տգեղ երեւույթ կա դասարանում, որ պետք է հանդուրժե՞լ, թե հակառակը՝ ոգեւորվել»:

Պարոն Ալավերդյանը նշեց, որ պետք է բացատրել երեխաներին՝ կան տարբեր տեսակի ֆիզիկական ունակություններով երեխաներ, եւ պետք է հավասարը հավասարին ընդունել, հակառակ դեպքում տվյալ երեխան կարող է հոգեբանական տրավմա ստանալ, եթե զգա խղճահարություն:

Ալավերդյանը նկատեց, որ հարկավոր է ներառական դպրոցներում լուծել խոսքի զարգացման խնդիր ունեցող երեխաների հետ կապված խնդիրները, այսինքն` համապատասխան մասնագետներ ներգրավել կոնկրետ խնդիրներ ունեցող երեխաների համար:

Ալավերդյանը նաեւ նշեց, որ այսօր ուսանողների թվի մեջ ընդամենը 1 %-է կազմում հաշմանդամություն ունեցող ուսանողների թիվը, սա չնչին տոկոս է, այն էլ թեթեւ հաշմանդամություն ունեցողներն են:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, «Ունիսոնի» հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանն էլ ասաց, որ ներկայումս կան անձինք, որոնք տարրական կրթություն չեն ստանում շրջակայքի անմատչելիության պատճառով: Չալիկյանը մի դեպք ներկայացրեց, երբ անձը տնային ուսուցում է ստացել,բայց մինչեւ 3-րդ դասարան, որից հետո դադարեցրել են ուսուցումը:

Չալիկյանի խոսքերով՝ «Ներառական դպրոցները հավելյալ վճարում են ստանում տվյալ երեխայի համար, իսկ այդ գումարի դիմաց բոլոր երեխաները, որոնք ընդգրկված են ներառական համակարգում, սնունդ են ստանում: Երեխան, որը լսողության խնդիր ունի, այդ գումար դիմաց սնունդ է ստանում, փոխանակ ուսուցումը կարգավորվի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունեն բանախոսները վերջերս կրթության փոխնախարարի եւ Երեւանի փոխքաղաքապետի՝ ներառական կրթության ներդրման մասին բացասական կարծիքի մասին,

Ալավերդյանն ասաց, որ իր համար շատ ավելի մտահոգիչ է ոչ թե պաշտոնյաների ելույթը, որոնք խնդրի մասին մտահոգությունները գուցե անհաջող արտահայտեցին, այլ ավելի մտահոգիչ են ուսուցիչների ծափերը:

Մանրամասն՝ տեսանյութում

Մարիաննա Չալիկյանն էլ նկատեց, որ պետք է մանկավարժներին վերապատրաստել, եւ, ցավոք, այսօր ներառական դպրոցներում հիմնականում թեթեւ խնդիրներ ունեցող երեխաներն են ընդգրկված, մինչդեռ ավելի լուրջ խնդիրներ ունեցողները դուրս են մնում կրթության համակարգից

Մանրամասն՝ տեսանյութում

Պարոն Ալավերդյանն էլ նկատեց, որ 2025 թվականին մեր երկիրը պետք է 100 տոկոսանոց ներառական կրթության անցած լինի. «Ես ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ

կախարդական փայտիկով են բոլոր դպրոցները, շատ բան չասեմ, ֆիզիկական մատչելի դարձնելու, եթե կդառնան, թող չուզեցողը ես լինեմ, բայց հավատս չի գալիս: Եթե մենք 2025 թվականին պիտի այսօրվա ներառական կրթության համակարգը պիտի ունենանք, ավելի լավ է չունենանք, հետաձգենք, դանդաղ անենք, բայց լավ անենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930