Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին «Ժառանգություն» կուսակցությունը փակ քննարկում էր կազմակերպել Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեր հարցին՝ ճի՞շտ է, որ այսօր քննարկմանը հստակեցրել եք, թե որ ճակատում եւ ինչպես եք պայքարելու՝ պատասխանեց, որ իրենք վաղուց հստակեցրել էին, որ «ոչ»-ի ճակատում են:
Հարցին՝ «Ժառանգության» ներսում եւ խմբակցությունում չկա՞ն Սահմանադրության նախագծի «այո»-ի կողմնակիցներ, որոնք գնում են բովանդակային քննարկման՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ցույց տվեք «Ժառանգությունում» մեկին, որ ոչ-ի կողմնակից չէ եւ այո-ն է քարոզում»:
Մեր դիտարկմանը, որ, օրինակ, Ռուբեն Հակոբյանը եւ խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը գնացին հանդիպման եւ բովանդակային քննարկման, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Գնացին, բայց իրենց ոչ-ն ասացին: Նրանք ոչ-ի կողմնակից են»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ կուսակցության ներսում այդ առումով որեւէ խնդիր չկա:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այսօր քննարկմանը միասնական ճակատ ստեղծելու հարցն են քննարկել՝ իշխանությունների կուսակցապետության դեմ, որին մասնակցել են այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Պարոն Մարտիրոսյանը մասնակիցները ցանկը չգաղտնազերծեց՝ ասելով, որ փակ քննարկում էր:
Թե ինչ քայլեր է անելու «ոչ»-ի ճակատը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դեռ չգիտեն, երբ բոլորի կողմից հայտարարություն կլինի միասնական, այն ժամանակ կքննարկեն քայլերը. «Այս օրերին տարբեր քննարկումներ են տեղի ունենում՝ տարբեր ձեւաչափերով: Զարգացումները ցույց կտան, թե ինչ կլինի»:
Սեպտեմբերի 12-ին ամենայն հավանականությամբ կլինի համաժողով այն ուժերի հետ, որոնք ոչ են ասում սահմանադրական փոփոխություններին: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այդ համաժողովի նախաձեռնողը «Ժառանգությունը» չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ