Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական հաշտեցում՝ փակ սահմաններով

Սեպտեմբեր 22,2015 20:42

Սեպտեմբերի 13-ից մեկնարկել է «Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագիրը: Այդ շրջանակներում 10-ական երիտասարդներ երկու երկրներից ճամփորդել են Հայաստանով մեկ, այնուհետև ճամփորդությունը շարունակվելու է Թուրքիայում: Այս երկրում տիրող իրավիճակից ելնելով՝ այս տարի ծրագիրն սկսվել է ոչ թե Թուրքիայից, այլ Հայաստանից։

Ծրագրի նպատակն է Ցեղասպանությունից մեկ դար անց կամուրջներ կառուցել Թուրքիայի և Հայաստանի բնակչության միջև, որ երիտասարդները միմյանց մասին կարծիք կազմեն ոչ թե դասագրքերից, այլ միմյանց հետ շփումներից: «Մեդիա կենտրոնում» խոսելով ծրագրի կարևորության մասին` ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերը նշեց. «2009-ին Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվեցին արձանագրություններ, սակայն հայտնի պատճառներով գործընթացը կասեցվեց: Այնուամենայնիվ, գտնում ենք, որ քաղաքական մակարդակով երկու երկրների միջև կարևոր է շփումը: Դիվանագիտական ջանքերը միայն բավարար չեն հաջողության համար: Այդ ջանքերը կարող են դրական արդյունք տալ, երբ երկու երկրների հասարակությունները ներգրավված են այս գործում: Բոլորս էլ գիտենք, որ զգացմունքայնությունն այս հարցերում միայն կարող է խանգարել»:

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մաթիաս Քլինգենբերի փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակներում իրենք հարստացնում են պատմական արխիվը, կատարում օրագրային գրառումներ, պատրաստում ճանապարհային ամսագիր, կազմակերպում հանրային միջոցառումներ:

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ-ի Թուրքիայի գրասենյակի ներկայացուցիչ Այշե Օզլեմը նկատեց, որ երկու խմբերի միջև հարաբերություները բավականին հաջող են ստացվում, քանի որ երբ դեռ Թուրքիայում հավաքագրում էին ուսանողներին, նրանք հարցազրույցների ժամանակ ասում էին, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչում են: Այս առիթով նա նկատեց. «Կարևոր նախապայման է, որ հայ-թուրական հարաբերություններում  թուրքական կողմն առաջին քայլն անի ու հայտարարի, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար Հայկակ Արշամյանը հակառակը պնդեց. «Այս պահին Թուրքիան ոչ միայն չհաշտեցման  քաղաքականություն է վարում, այլև բորբոքում է տարածաշրջանում տարբեր երկրների և ժողովուրդների միջև խմորումներ: 21-րդ դարում չեն կարող լինել փակ սահմաններ, և այն վիճակում, որում գտնվում է Հայաստանը վերջին 20 տարում, ուղղակի նոնսենս է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930