Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի առաջին կիսամարաթոնը կանցկացվի հոկտեմբերի 4-ին

Սեպտեմբեր 25,2015 17:51

Երևանում առաջին անգամ կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոն՝ Երևանի կիսամարաթոնը։ Երևանյան առաջին կիսամարաթոնի կազմակերպական հարցերը, նպատակն ու կանոններն են մանրամասնել նախաձեռնողներն ու կազմակերպիչները՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը,  «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը,  «Երևանի Կիսամարաթոն» ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյան։

«Երևանի Կիսամարաթոնը Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական արդյունքներից է։ Կիսամարաթոնը Էրեբունի-Երևան տոնակատարության մաս է կազմում և նախորդելու է բուն տոնակատարությանը։ Միջոցառման նպատակն է՝ խթանել առողջ ապրելակերպը Երևանում, ինչպես նաև մարզական տուրիզմը,  ստեղծել բարենպաստ պայմաններ. կիսամարաթոնի վազքի ընթացքում այլ երկրներից ժամանած մասնակիցները վազքի «երթուղու» շնորհիվ կարող են ծանոթանալ Երևանի գեղատեսիլ վայրերին։ Կարծում եմ, շատ հետաքրքիր միջոցառում է լինելու»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը։

Սահմանվել է կիսամարաթոնի 4 մրցատարածություն՝ 21 կմ և 10 կմ՝ փորձված վարորդների համար, 2 կմ և 1կմ՝ սկսնակների համար։ 1կմ–ը մանկական վազքուղին է։ Վազքուղիները տարանջատելով՝ կազմակերպիչները պայմաններ են ստեղծել, որ կիսամարաթոնին մասնակցեն բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից և ֆիզիկական պատրաստվածությունից ու կարողություններից։

«Երբ սկսեցինք գրանցումը՝ մեծ քանակությամբ հետաքրքրիր հայտեր սկսեցինք ստանալ։ Այս պահին ունենք 4 բարեգործական կազմակերպություն, ովքեր մասնակցում են վազքին և դրանով ուզում են հանրության ուշադրութունը կենտրոնացնել այս պահի իրենց ծրագրերին ու խնդիրներին։ Ունենք հաշմանդամների խումբ, որը մասնակցում է 2 կմ վազքին։ Շատ կարևորում ենք, որ Երևանի առաջին կիսամարաթոնը վազքի ընտանեկան տոն լինի, և տարբեր երկարություններով վազքուղին  հնարավորություն է տալիս մասնակցելու ամբողջ ընտանիքով։ Այս պահին 1200 մասնակից արդեն գրանցվել է և հաստատապես մասնակցելու է»,- ներկայացրել է ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյանը և հավելել, որ արտասահմանում այս միջոցառման սիրահարները անգամ արձակուրդն են նախատեսում ըստ աշխարհի տարբեր երկրներոմ անցկացվող կիսամարաթոնների։

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանն ընդգծել է, որ Երևանի կիսամարաթոնին մասնակցելու հայտեր կան ոչ միայն մոտակա տարածաշրջաններից, այլ նաև Եվրոպայի գրեթե բոլոր երկրներից և Աֆրիկյան երկրներից նույնպես։

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համար մեծ պատիվ է մասնակցել այս ծրագրի իրականացմանը։ Մեզ համար շատ կարևոր է ստեղծել նոր տեսակի կապ սփյուռքի և  Հայաստանի միջև։ Մենք ունենք հայրենադարձներ, որ մասնակցելու են այս վազքին, նաև սփյուռքահայեր՝ 20 երկրի, ովքեր իրենց հետ Երևան են բերելու իրենց ոչ հայ ընկերներին»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը։

Ասուլիսին ներկա էին նաև Երանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը և երգիչ, շոումեն Արամ MP3-ն, ով իր կատարումներով բեմից է խրախուսելու ու ոգևորելու մասնակիցներին։

Կիսամարաթոնում հաղթողները պարգևատրվելու են։

Կիսամարաթոնին մասնակցության անդամավճար է սահմանված՝ ըստ վազքուղու երկարության, խմբային մասնակցության դեպքում՝ զեղչերով։ Բարեգործական կազմակերպությունները և հաշմանդամություն ունեցող մասնակիցները մասնակցելու են առանց անդամավճարի։

Երևանյան առաջին կիսամարաթոնը կանցկացվի Երևանի կենտրոնական փողոցներում։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930