«Գյումրու ընտրացուցակներում նորածիններին է՞լ են հաշվարկել». ահազանգում են Գյումրու ՀԱԿ կառույցից

Երեկ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները, որոնք ներկայացված են ըստ տեղամասերի: Գյումրու ՀԱԿ կառույցը ահազանգում է, որ ընտրողների թիվը Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում, ուռճացված է. արտագաղթողների թվին զուգահեռ ավելանում է նաեւ ընտրողների թիվը:

Գյումրու ՀԱԿ կառույցի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը որոշակի հաշվարկներ ներկայացրեց Aravot.am-ին: «Որպեսզի պատկերացնենք, թե ինչ ենք ասում, ներկայացնեմ թվեր նախորդ ընտրություններից. 2012 թվականին Գյումրիում ՏԻՄ ընտրողների թիվը եղել է 125 հազար 657: 2013 թվականի նախագահական ընտրություններին ընտրողների թիվը եղել է 125 հազար 425 եւ 2015 թվականի այս հանրաքվեի ընտրությանը, նախնական տվյալներով, 126 հազար 314 է: Ուղղակի աբսուրդ է, որ 2012 թվականի հետ համեմատ այժմ 657 ընտրողով ավելացել է թիվը, եւ 2013 թվականի հետ համեմատ մոտ 900 ընտրող ավելացել է ցուցակներում:

Հետաքրքիր են նաեւ 2011 թվականի մարդահամարի տվյալները. Գյումրիում 123 հազար բնակիչ է եղել՝ ըստ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների: Հիմա ո՞նց եղավ, որ Գյումրիում 126 հազար ընտրող կա, սա աբսուրդ է, եւ բոլորս էլ շատ լավ գիտենք, հենց իրենց հրապարակած թվերն ասեմ ՝18 տոկոս արտագաղթի տեմպ կա Գյումրիում: Էդ ո՞նց եղավ էդ արտագաղթի տեմպով Գյումրիում ընտրողների թիվը հասավ 126 հազարի: Ո՞նց են հաշվարկել, իրենք շատ լավ գիտեն, ովքեր են այստեղ, ովքեր այստեղ չեն:

Բոլորս էլ լավ գիտենք, որ մոտ 60 հազար բնակիչ էլ չի կարող լինել Գյումրիում, որովհետեւ արտագաղթի տեմպերն ահագնացող են, եւ վերցնենք իրենց տվյալները՝ եռամսյակը մեկ 500 հոգի գնում է: Եթե եռամսյակը մեկ այդքան մարդ գնում է, ուրեմն մեկ տարվա ընթացքում 2000 հոգի է արտագաղթել, այդ ուռճացված թվերը որտեղի՞ց են ստացել: Այդ ուռճացված թվերը միայն Գյումրիում չեն, բոլորս էլ լավ գիտենք արդեն Վանաձորի մասին: Ես չեմ հասկանում այստեղ նորածիններից սկսած ընտրո՞ղ են: Աբսուրդի հասնող թվեր են»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Մեր զրուցակիցը նկատել է նաեւ, որ Գյումրիի ընտրատեղամասերի թիվը մեկով ավելացել է: «34 ընտրատարածքում, թիվ 32 դպրոցում մեկ տեղամաս ավելացել է: ՏԻՄ ընտրությունների ժամանակ 79 ընտրատեղամաս է եղել Գյումրիում, 2013 թվականին եւս մեկ տեղամաս ավելացավ, 2015 թվականին նորից մեկն է ավելացել: Ինչքան ավելանում է արտագաղթի թիվը, տեղամասերն այնքան ավելանում են: Ես ձեզ ասեմ մասնակիցների թիվը. 2013 թվականի նախագահական ընտրություններին եղել է 63 հազար 719, իսկ 2012 թվականի ՏԻՄ-ի ընտրություններին՝ 46 հազար 53: Ինչքան արտագաղթեցին, ընտրողները շատացան, անցած ընտրությունների Iphone-ներ սկսեցին օգտագործել, ընտրողների թվեր էին տալիս, ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր չեն մասնակցել, իշխանությունների ընտրակեղծարար մեխանիզմին ծանոթանալը մի քիչ դժվար է, այդպիսի մեխանիզմ աշխարհում գոյություն չունի »,- ասում է Գյումրու ՀԱԿ կառույցի ներկայացուցիչը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Նման նյութեր