Լրահոս
Օրվա լրահոսը

Օժանդակե՞լ է պաշտոնատար անձի կողմից խոզի ու հավի մսի ներմուծմանը

Նոյեմբեր 11,2015 13:30

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Ա. Աղաջանյանի անցյալ տարվա ապրիլի 7-ի որոշմամբ հարուցվել է քրեական գործ: Ժորա Ասլանյանը ձերբակալվել է մայիսի 30-ին: Հունիսի 2-ին նա ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նույն օրն էլ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանի՝ նախաքննությունն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այսինքն, որ իբր նա 2013-2014թթ. ձմռան ամիսների ընթացքում երկու դեպքով օժանդակել է պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մաքսանենգության կատարմանը: Գործի նյութերի համարձայն, Ժ. Ասլանյանը, առանց մաքսային ձեւակերպումների, Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ընդհանուր՝ 149 622 ԱՄՆ դոլար արժողության խոզի եւ հավի սառեցված միս:

Երեկ պաշտպան Վահագն Մանուկյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ քրեական գործը ներկայումս քննվում է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատավորն է Հարություն Մովսիսյանը:

Քրեական գործը բազմադրվագ է եւ, բացի Ժորա Ասլանյանից, ամբաստանյալի կարգավիճակում են գտնվում եւս 7 անձինք:

«Մինչեւ Ժորա Ասլանյանի բուն մեղադրանքին անդրադառնալը, նշեմ, որ շուրջ 2.5 տարի առաջ՝ 2013թ. գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում` արտագնա աշխատանքների, տեղի հայրենակիցներից տեղեկացել է, որ իրենով են հետաքրքրվում ՀՀ ազգային անվտանգության ծառայությամ մարմինները: Դրանից հետո վերադարձել է Հայաստան, որտեղ առանց որեւէ գրավոր ծանուցման՝ նշված համակարգի օպերատիվ աշխատակիցների կողմից վկայի կարգավիճակով տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ: Այս դեպքում հարց է ծագում, եթե անձը եղել է վկայի կարգավիճակում, ապա ինչու վերջինս օրենքով սահմանված կարգով չի ծանուցվել եւ հրավիրվել հարցաքննության եւ որ իրավունքով է վկան, այսպես ասած, բերման ենթարկվել ԱԱԾ, որտեղ ձեռք է բերել կասկածյալի, հետագայում` մեղադրյալի կարգավիճակ: Ժորա Ասլանյանը ձերբակալվել է փաստաբանի բացակայությամբ, որի հետեւանքով խախտվել են նրա սահմանադրական եւ դատավարական իրավունքները»,- ասում է փաստաբան Մանուկյանը:

Պաշտպանի հետ զրույցից պարզվեց, որ շուրջ մեկ տարի վեց ամիս է՝ Ժորա Ասլանյանը գտնվում է կալանքի տակ: Նրան մեղսագրված հանցանքը նախաքննությամբ ձեռք բերված ոչ մի ապացույցով չի հաստատվել, իսկ դատարանում վկայակոչված եւ առ այսօր հարցաքննված անձանցից ոչ մեկն անգամ մշուշոտ չի նշել Ժորա Ասլանյանի անունն ու առնչությունն այս ողջ պատմության հետ: «Ժորա Ասլանյանին մեղսագրված հանցանքի դեպքերով առ այսօր առկա է հետախուզման մեջ գտնվող անձ, ում ցուցմունքներն այնքանով են խիստ կարեւոր ու արդիական, որ վերջինիս հարցաքննելու դեպքում դեպքի հանգամանքները կարող են կտրուկ շրջադարձ ունենալ: Ինչն ընդհանրապես չի մտահոգել ու մտահոգում ո՛չ մեղադրանքի մարմնին, ո՛չ էլ դատարանին»,- հավելեց Վ. Մանուկյանը:
Ի դեպ, նույն ժամանակահատվածում ձերբակալվել են եւս ազգությամբ վրացի երկու վարորդներ, ովքեր հայերենին չեն տիրապետում, չեն տիրապետել, եւ առ այսօր նրանց չի տրամադրվել վրացերեն թարգմանությամբ քրեական գործի նյութերի պատճենները: Պաշտպանական կողմը բազմաթիվ հարցադրումներ է կատարել այն մասին, որ այս բազմադրվագ գործով թիրախ են ընտրվել հատկապես այս երկու վարորդները, սա այն դեպքում, երբ կան տասնյակից ավելի վարորդներ:

Պաշտպանական կողմը հայտնեց, որ ամիսներ շարունակ հետաձգվում է սույն քրեական գործի դատաքննությունը տարբեր պատճաբանությամբ, մի դեպքում Վրաստանի Հանրապետությունում գտնվող ծանուցված եւ չներկայացած վկաների պատճառով, մյուս դեպքում` պարզապես ուղեկցող դասակին զավեշտալի կերպով վառելանյութ չտրամադրելու եւ դրա հետեւանքով կալանավորին չէտապավորելու պատճառով:
Դատական գործի նյութերում առկա են վերոհիշյալի կապակցությամբ պաշտպանական կողմի միջնորդություններն ու առարկությունները, ինչը, ըստ պաշտպանական կողմի, դատարանի եւ մեղադրանքի մարմնի կողմից մնացել է անարձագանք եւ անհետեւանք: Վահագն Մանուկյանն «Առավոտին» տեղեկացրեց նաեւ, որ դատաքննության ժամանակ միջնորդություն է ներկայացրել Ժորա Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ` դատարանին որպես գրավի առարկա առաջադրելով մի քանի միլիոն ՀՀ դրամի չափով դրամական միջոցների հավաստագիր, բազմաթիվ շարժական եւ անշարժ գույքեր: Սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը, հաշվի չառնելով նաեւ, որ Ժորա Ասլանյանի խնամքին են գտնվում մանկահասակ երեխան, հիվանդ կինը, թոշակառու հայրը, որ նա ունի մշտական բնակության վայր եւ դրականորեն է բնութագրվում: «Դատարանը, վերջ ի վերջո, իր իսկ կողմից կայացված դատական ակտով չի պատճառաբանել, թե օրենքի որ հիմքով եւ պատճառով է մերժում նշված միջնորդությունը: Այս երեւան բերված բոլոր հանգամանքները գրեթե նույնությամբ վերաբերում են գործով անցնող մյուս ամբաստանյալներին: Քրեական գործի ուսումնասիրմամբ պաշտպանական կողմը նկատել է եւս մեկ փաստ այն մասին, որ դեռեւս նախաքննության ընթացքում վկայի կարգավիճակում հարցաքննվել են մաքսային ծառայության որոշ պաշտոնատար անձինք, որոնց ներկայացրած տեղեկությունները ուղղակիորեն առնչվում են այս գործի քննության առարկայի հետ, սակայն, չգիտես ինչու, վերջիններս չեն ներգրավվել մեղադրական եզրակացության դատակոչի ենթակա անձանց ցուցակում»,- ասում է Վ. Մանուկյանը:
Պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հերթական անգամ «օրենքի զոհ» են դարձել ՀՀ շարքային քաղաքացիները, եւ ըստ նրա հարցադրման, եթե իրոք այդպիսի հանցադեպեր տեղի են ունեցել, ապա որտեղ են որոշ մաքսային ծառայության ղեկավար պատասխանատու պաշտոնատար անձինք, եւ ինչպես կարող էր մաքսանենգություն կատարվել առանց վերջիններիս չիմացության:

Սույն քրեական գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2015թ. նոյեմբերի 15-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30