Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց դատախազի մասնակցության՝ վերաքննիչը ստորագրություն չբացակայելու մասին տվողին Գերմանիա «ուղարկեց»

Հունիս 13,2016 13:30

Բողոքը դեռ չէր քննվել: Լիլիթ Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու եւ նրան ապօրինի ազատությունից զրկելու գործով 80 000 դրամի տուգանքի է դատապարտվել նախկին ամուսինը՝ Գագիկ Գաբրիելյանը:

Տուժողի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը:

Քրեական գործը հարուցվել էր 2014թ., քննությունը կատարվել էր Մաշտոցի քննչական բաժնում:

Գ. Գաբրիելյանը հանցագործությունը կատարելուց հետո դիմել էր փախուստի: Անցյալ տարվա դեկտեմբերին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն, տվել էր ինքնախոստովանական ցուցմունք, իրեն ճանաչել էր մեղավոր: Քրեական գործում առկա էր քննիչի կողմից կայացված մի որոշում, համաձայն որի՝ Գ. Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր իրականացվել «Լ.Հարությունյանին ապօրինի ազատությունից զրկելու փաստի» կապակցությամբ:
Այդ որոշումը բողոքարկվել էր դատախազություն, տուժողի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել էր:

Դատաքննության ժամանակ մեղադրանքը պաշտպանող դատախազի՝ Արտակ Սմբատյանի կողմից, բացի այդ հոդվածից, մեղադրանքի ծավալը փոխվել էր, ավելացվել Քրեական օրենսգրքի մեկ այլ հոդված՝ ապօրինի ազատությունից զրկելու, մարմնական վնասվածքներ հասցնելու հատկանիշներով:
Ի դեպ, դեպքը տեղի էր ունեցել Գ. Գաբրիելյանի հայրական տանը, կենցաղային հողի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ ընթացած նիստերի ժամանակ հարցաքննվել են վկաները, հրապարակվել են քրեական գործի նյութերը, իսկ այս տարվա ապրիլի 6-ի դատավճռով Գ. Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել, ենթարկվել տույժի՝ 80 000 դրամի չափով, իսկ երկրորդ մեղադրանքին դատարանը ընդհանրապես չի անդրադարձել:

Ըստ տուժողի ներկայացուցչի, դատարանը մեղավոր ճանաչեց տուժողին մարմնական վնասվածքներ հասցնելու համար, իսկ ապօրինի ազատությունից զրկելու մասին դատարանը «մոռացել է», որեւէ ակնարկ չի եղել, պարզ չի, թե արդարացվե՞լ է մեղադրյալը, պատժվե՞լ:

Դատարանը մի բացթողում էլ է արել. առանց քննության է թողել հայցապահանջը, որը կազմել է 1 միլիոն 535 հազար ՀՀ դրամի չափով, որի մեջ մտնում էր տուժողին թե իրավաբանական ծառայություն մատուցելու, թե Գերմանիա գնալու, գալու, թե բուժման, մնացյալ ծախսերը:

Հետեւել է թե մեղադրողի, թե տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները:
Դատավճիռը, փաստորեն, դեռ օրինական ուժի մեջ չի մտել:
Նիստը երկու անգամ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել էր նախագահող դատավոր Կարինե Ղազարյանի կողմից: Երրորդ դատական նիստին, քանի որ դատախազը բացակայել է, Վահագն Մանուկյանը միջնորդել է, որպեսզի նիստը հետաձգվի այլ հերթի, միջնորդությունը բավարարվել է:

Ըստ տուժողի ներկայացուցչի, նիստը արդեն իսկ որոշմամբ հետաձգվել էր, երբ դատարանն անցնում է Գագիկ Գաբրիելյանի դիմումին: Վերջինս հայտնել էր, որ երկար ժամանակ գտնվում է Հայաստանում, իսկ Գերմանիայում, որի, ի դեպ, քաղաքացին չէ նա, խնդիրներ ունի, խնդրել է մեկ շաբաթով թույլատրել մեկնելու:
Դատարանը հարցնում է դատավարության կողմերից ներկա գտնվող Վահագն Մանուկյանին իր կարծիքը հայտնել: Փաստաբանը առարկում է, պատճառաբանելով, որ ամբաստանյալը որեւէ կոնկրետ փաստաթուղթ, հիմնավորում չի ներկայացրել Գերմանիա մեկնելու մասին, չկար այնպիսի փաստաթուղթ, որը կհիմնավորեր նրա ասածը, թե, իրոք, Գերմանիայի հարկային մարմինները նրա նկատմամբ հարկադրանքի միջոցներ պիտի ներկայացնեն: Փաստաբանը դատարանի ուշադրությունն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ չկա օրինական ուժի մեջ գտնվող դատավճիռ, որի համար ամբաստանյալը ճանաչվել է մեղավոր, ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

«Նման պայմաններում դատարանը նպատակահարմար գտավ մի անձի բաց թողնել Գերմանիայի Դաշնություն հենց այնպես, առանց որոշակի փաստարկների:
Մեղադրող դատախազի բացակայությամբ դատարանը որոշում կայացրեց՝ մի դեպքում, իմ միջնորդության հիման վրա հետաձգեց, քանի որ դատախազը չկար, անհնար էր առանց նրա, մեկ այլ դեպքում, առանց դատախազի մասնակցության դիմումը քննարկման առարկա դարձրեց:

Իսկ եթե երկու հանցագործությունների համար մեղադրվող անձը չվերադառնա՞»,- հարցնում է Վ. Մանուկյանը:

Դատարանը երկու շաբաթով հետաձգեց դատական նիստը:
«Հարգելի գործընկերներ, ամիսներ, տարիներ շարունակ կալանքի տակ մեկուսարաններում են գտնվում տասնյակ ամբաստանյալներ: 2013-ից իմ պաշտպանության տակ գտնվող Գեւորգ Թոսունյանը, Հակոբ Թոսունյանը, Ժորա Ասլանյանը՝ մաքսանենգության գործով, մաքսանենգություն, որը միայն վերջերս ապաքրեականացվեց, եւ տասնյակ միջնորդություններս գրավով փոխելու, խափանման այլընտրանքային միջոց ընտրելու մասին դատարանները չեն բավարարել: Հարց է ծագում. դատարանը ինչի՞ց ելնելով, Գաբրիելյանի՝ «պապայի արեւ» երդվելուց հետո բաց թողեց, որեւէ հիմնավորող հանգամանք չբերող անձին ինչո՞ւ հավատաց: Ինչո՞ւ են երկակի մոտեցումներ ցուցաբերվում»,- ասում է փաստաբանը:

Վ. Մանուկյանը քրեական գործի վերաբերյալ դիմել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն, արդարադատության խորհուրդ, քանի որ ըստ նրա. «կատարվածն արտառոց է, պարզապես դատարանը ուղղակի անձնական շահագրգռվածություն է ունեցել: ԱԽ-ն թող քննարկման առարկա դարձնի»:
Նշենք, որ դատական նիստը նշանակվել է հունիսի 16-ին: Տեսնենք՝ կհասցնի՞ վերադառնալ ամբաստանյալը:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարը՝ հեղինակի

«Առավոտ»

 11.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930