Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները արդար դատաքննություն են պահանջում․ փակել են Վարդենիսի մուտքն ու ելքը

Սեպտեմբեր 10,2020 20:03

Մի խումբ քաղաքացիներ շրջապատել էին Վարդենիսի դատարանը և փակել են Վարդենիսի մուտքն ու ելքը։

Քաղաքացիները պահանջում են Վահագն Մանուկյանի գործով արդար դատաքննություն։ Վահագն Մանուկյանի հայրը՝ Մյասնիկ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկանում են, որ արդարությունը վերականգնվի, և այս գործը մեծ հնչեղություն ստանա և հասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Դատական համակարգը մինչև այսօր գործում է իր դեմ։ Մենք այսօր չենք կարող հավատալ՝ արդարություն կա՞, թե՞ չէ»։

Փաստաբան Վարդան Համբարձումյանը ասաց, որ Վահագն Մանուկյանը կալանքի տակ է գտնվում: Նրա կարծիքով՝ ոչ հիմնավոր մեղադրանք է առաջադրվել 34-104-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է գողության փորձ կատարելու համար․ «Այս պայմաններում ի սկզբանե նախաքննությունից սկսած գործը քննվել է միակողմանի ուղղությամբ՝ միայն հիմնավորող ապացույցների մասով։ Ու ի սկզբանե ըստ ոստիկանության հինգ աշխատակիցների կեղծ զեկուցագրի, տեսել էին իբրև թե Վահագն Մանուկյանին ինքնաձիգով կրակելուց, հինգ աշխատակիցներ զեկուցագիր են գրել, ու ինչպես նախաքննության ընթացքում, այդ նույն ոստիկանները նաև դատարանում ցուցմունքներ տվեցին, որ իրականում դեպքի վայրում չեն եղել և չեն տեսել, թե Վահագն Մանուկյանը որևէ մեկին կրակի։ Այդ հանգամանքը հիմնավորվել է նաև գործով այլ վկաների և տուժողների ցուցմունքներով, իբրև կատարվել է սպանության փորձ խմբի մասով, ու շուրջ երեք տարի այն անձը, որ վիրավորում է ստացել Սոթքի ոսկու հանքում, Ռուսաստանում գտնվելուց հետո ներկայացել է դատարան, հայտարարեց, որ ինքնաձիգը վերցրել են Վահագն Մանուկյանի ձեռքից, վերցրել է իր ձեռքում, և իր ձեռքում է կրակը տեղի ունեցել։ Եվ ինքը ստացել է ոտքի թաթի վնասվածքներ, այսինքն՝ որևէ կարևոր օրգանին վնասվածք չի պատճառել»։

Նա նաև նշեց, որ այս գործով դատաքննությունը ավարտվել էր, սակայն երբ տուժողը՝ Յուրա Մելնիկը, հայտնվել էր Ռուսաստանի Դաշնությունում, դատաքննությունը վերսկսվել էր․ «Յուրա Մելնիկը հաղորդել էր դատարանում, որ ժամանակին՝ 2016 թվականի դեկտեմբերի 3-ին, ինքը հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ ինքնաձիգը իր ձեռքերում է գտնվել։ Բայց քննիչը չի արձանագրել ցուցմունքում։ Նա հայտարարեց, որ ես բարձրագույն իրավաբանական կրթություն ունեմ, գիտակցում եմ իմ ասածի հետևանքը, և նախազգուշացված եմ սուտ մատնության վերաբերյալ քրեական պատասխանատվության մասին։ Պարզվեց, որ ինքնաձիգը կրակել է իր ձեռքերում»։

Վարդան Համբարձումյանը հայտնեց, որ միջնորդություն են ներկայացրել Վահագն Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։ Նա չբացառեց, որ որոշումը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացնեն այդ որոշման դեմ․ «Ոստիկանների ու քննիչների միակողմանի քննության արդյունքում այսօր գործը դատարանում ամբողջությամբ չի կարողանում պարզաբանվել։ Եվ Վահագն Մանուկյանը շարունակաբար գտնվում է կալանքի տակ»։

Նրա խոսքերով՝ քննչական մարմինների անգործության և ոչ բազմակողմանի քննության արդյունքում դատարանում շատ դժվար է հիմնավորել շատ հանգամանքներ․ «Բազմաթիվ վկաներ ժամանակին չեն հարցաքննվել, այս պահին բացակայում են հանրապետությունից, և հնարավոր չէ ներկայություն ապահովել դատարանում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930