Լրահոս
Օրվա լրահոսը

Քաոս Փարիզում. ահաբեկչության հետեւանքով զոհվել են առնվազն 153 հոգի (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2015 09:29

Ֆրանսիայի մայրաքաղաքի 6-7 վայրերում ուրբաթ ուշ երեկոյան պայթյուններ և կրակոցներ են հնչել: Պայթյուններն ու կրակոցներն իրականացվել են ֆուտբոլի մարզադաշտի առջեւ, մի քանի սրճարաններում ու համերգային մի համալիրում:  CNN-ի տվյալներով՝ զոհվել է առնվազն 153 մարդ։ Հաղորդվում է 215 վիրավորի մասին, որոնցից 83-ի վիճակը ծանր է:

France 24-ի փոխանցմամբ՝ երեք պայթյուն հնչել է Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Գերմանիայի թիմին։ Խաղը չի դադարեցվել եւ Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Գերմանիային 2:0 հաշվով:

Հաղորդվում է, որ ֆուտբոլային հանդիպմանը հետևում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը տարհանվել է անվտանգ վայր։ Ըստ BBC-ի՝ հինգ պայթյուն էլ հնչել է «Բատակլան» համերգասրահի մոտ։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ համերգասրահի ներսում հնչել են կրակոցներ. այստեղ են սպանվել մեծ թվով մարդիկ, պատանդառվել է շուրջ 100 մարդ։ Կրակոցներ են եղել նաև երկու այլ վայրերում, այդ թվում՝ մի ռեստորանի մոտ։

BFMTV-ի լրագրողների վկայությամբ՝ համերգասրահում ունկնդիրների վրա կրակ բացողներից մեկը բացականչել է՝ «սա Սիրիայի համար է»։

CNN-ի փոխանցմամբ՝ համերգասրահում պատանդառվածները վկայել են, որ ահաբեկիչները դիմակներ չեն կրել։

Paris-1Դեպքերի վայրեր են ժամանել ոստիկաններ, հրշեջներ, բժիշկներ։ Ականատեսները Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցածը բնութագրել են որպես «քաոս»։

Ֆրանսիայի նախարարների խորհուրդը գիշերը արտակարգ նիստ է անցկացրել։ Փարիզի քաղաքապետարանը բնակիչներին հորդորել է մնալ տներում։

Հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, եւ մասնավորապես նշել. «Երկու որոշում կընդունվի՝ կհայտարարվի արտակարգ դրություն, որոշ վայրեր կփակվեն, երթևեկությունը կարգելվի։ Արտակարգ դրություն կհայտարարվի ամբողջ տարածքում։ Երկրորդ որոշումը սահմանների փակումն է»։

Ոստիկանության վկայությամբ՝ գրոհի հետեւանքով առնվազն չորս ահաբեկիչ սպանվել է, երեքը՝ «Բատակլան» համերգասրահում, և ևս մեկը, որն իրեն պայթեցրել է Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ։ Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենի խոսքով՝ «Բատակլան» թատրոնում մահապարտ ահաբեկիչների գրոհի ժամանակ զոհվել է 4 ոստիկան։

BBC-ն հաղորդում է, որ հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

paris 2Ֆրանսիայի նախագահին խորին ցավակցությունները և համերաշխություն են փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ այլք:

Հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. «Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է»։

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30