Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամ Ռուսոն Գյումրիում իր մենահամերգը սկսեց պապերի հողերը վերադարձնելու փափագով (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2015 22:49

Այսօր Գյումրու «Նոստալջի» ընկերությունը կազմակերպել էր հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոյի՝ (Աբրահամ Իփջիյան մենահամերգը:  Նա առաջին անգամ էր հանդես գալիս Գյումրիում. դահլիճում նրա թունդ երկրպագուներն էին, թե՛ գյումրեցիներ, ե՛ւ  թե  Գյումրու 102-րդ  ռազմաբազայի զինծառայողների ընտանիքներն ու Գյումրիում ռուսական հյուպատոսարանի աշխատակիցները՝ փոխհյուպատոսի գլխավորությամբ: Դահլիճում ոչ մի նստատեղ ազատ չէր, անգամ կանգնելու տեղ չկար, իսկ հանդիսատեսները տարբեր տարիքի մարդիկ էին, թե՛ երիտասարդներ, թե՛ մեծահասակներ ու երեխաներ:скачанные файлы

Աբրահամ Ռուսոն  բեմ մտնելուն պես սկսեց պարզ, վարժ, գեղեցիկ հայերենով խոսել հանդիսատեսի հետ, որը մի պահ խենթացրեց նստածներին: Նա ցավակցեց գյումրեցիներին դեկտեմբերի 7-ի կապակցությամբ ու ասաց. «Երեկ ցավալի օր մըն էր, երկար չէի ուզի խոսել դրա մասին, բայց կուզեի հիշեցնել, որ կյանքը շարունակվում է, Քրիստոս՝ մեր Աստված մեզի հետ է միշտ, դրա համար ինչ որ պատահեցավ մեր սրտերուն մեջը թող մնա եւ մտքերուն մեջ, բայց հավատքով, մեր ուժով, մեր սիրով կյանքը թող շարունակվի: Ես էսօր ձեր քաղաքը մտել եմ առաջին անգամ, չնայած որ շատ անգամներ ես Երեւանում եղել եմ, շատ դուրս գալիս է Հայաստանը, բոլորին համար կարող է օտար քաղաք լինի, մեզի համար մեր հայրենիքն ա, հայրենիքին վատը չի լինում»:

Գյումրեցի հանդիսատեսն, այս խոսքերը լսելով, այնպես ծափահարեց, որ երգիչը ավելի ոգեւորված ասաց. «Շատ սիրուն քաղաք եք սարքել էստեղ, շատ սիրուն, էդքան քանդվեցավ՝ Աստված կարողություն, ուժը տվավ, էլի սարքեցիք: Դարերուն ընթացքում որ նայենք՝ քանի անգամ Մայր Հայաստանը քանդվել է, քանի անգամ փոփոխվել ա: Շատ ժողովուրդներ իրենց քաղաքները կորցրել են, ո՞ւր ես էսօր, ասորիները ո՞ւր են: Մենք փոքրը լինի, բայց հայրենիք ունենք, Աստված տա, մեր մյուս հողերն էլ վերադառնան: Աստված մեզ հետ, հույսներս չենք կտրում»:

Նա հանդիսատեսի հետ շփվում էր երկու լեզվով: Հայերեն մի նոր գրված երգ կատարեց ու երկու հայրենասիրական երգեր, որոնցից մեկով երազում էր, որ Մասիս սարն իրենը լիներ: «Աշխարհումս ինչ կուզեի, որ Մասիսը սարը իմը լիներ»,- այսպես էին երգի բառերը:

Ի դեպ, Աբրահամ Ռուսոն իր համերգի հասույթի մի մասը նվիրելու է մարզերի կիսավեր եկեղեցիների վերականգմանը: Այս մասին մեզ տեղեկացրեց «Նոստալջի» ընկերության հիմնադիրներից մեկը՝ Լեւոն Մովսիսյանը: Նա ասաց, որ տոմսերը սպառվել էին  համերգից 3 օր առաջ, որն անակնկալ է եղել իրենց համար, նկատի ունենալով Գյումրու սոցիալապես ծանր քաղաք լինելը՝ չեն սպասել, որ այդպես կսպառվեն: Նշենք, որ տոմսի արժեքը 5000-7500 դրամ է եղել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031