Լրահոս
Օրվա լրահոսը

Լորա Ի. Բեյլին ՀՀ արտաքին պարտքի մասին` կարեւոր է, որ պարտքի մակարդակն ուշի ուշով հսկվի (Տեսանյութ

Դեկտեմբեր 11,2015 15:05

Հայաստանը չի գտնվում երկրի արտաքին պարտքի վտանգավորության շեմին: Այսօր Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում, հակառակ մի շարք տնտեսագետների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների մտահոգություններին, ասաց ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին: Սակայն, ըստ տիկին Բեյլիի, «միանշանակ է, որ  երկիրն ավելացրել է արտաքին փոխառությունները, որպեսզի ավելի լավ դիմակայի արտաքին ցնցումներին»:

Տիկին Բեյլին վստահեցրեց, որ Համաշխարհային բանկն ավելի շատ փորձում է ուշադրությունը կենտրոնացնել գործող ծրագրերը կյանքի կոչելու վրա եւ ոչ այնքան ապագա վարկավորման. «Երկրի առաջ դժվար մարտահրավերներ են ծառացած եւ այդ պատճառով անհրաժեշտ է ծախսերն ավելացնել` ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու համար, որպեսզի դա էլ տնտեսությունը աշխուժացնի, բայց կարեւոր է, որ պարտքի մակարդակն ուշի ուշով հսկվի»:
Մանրամասները` տեսանյութում

 

Այն հարցին, թե սահմանադրական փոփոխություններից հետո օրենքների բարեփոխումների համա՞ր էլ նոր վարկեր են տրվելու, Լորա Ի. Բեյլին ասաց, որ նոր վարկային միջոցներ չի պահանջվի, քանի որ այդ փոփոխությունները կիրականացվեն դրամաշնորհների միջոցով:
ՀԲ հայաստանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը ներկայացրեց, թե բանկի տրամադրած 50 միլիոն դոլար վարկն ինչ ուղղություններով ու ինչ նպատակով է ծախսվելու:

Նշենք, որ դեկտեմբերի 9-ին Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել  է Հայաստանին Զարգացման քաղաքականության ֆինանսավորման երրորդ գործառնության շրջանակում վարկի տրամադրումը, որն ըստ Գոհար Գյուլումյանի՝ կաջակցի սոցիալական, բնապահպանական կայունության ու մրցունակության բարելավմանը միտված բարեփոխումներին:

Տիկին Գյուլումյանն ասաց, որ այսօր մեր երկրում վարկերի հասանելիության խնդիր կա: Ըստ նրա, Հայաստանում ֆինանսական վարկերը թանկ են եւ ոչ հասանելի հատկապես` փոքր ու միջին բիզնեսին, որոնք գրավի հետ կապված խնդիրներ են ունենում:

Բնապահպանական մասով տիկին Գյուլումյանն ասաց, որ վարկերն ուղղվելու են ոչ թե կարճաժամկետ տնտեսական աճը խթանելուն, այլ` հետագա սերունդներին այնպիսի տնտեսություն թողնելուն, որը բնապահպանական տեսանկյունից որակական հատկանիշներ կապահովի. «Այս վարկի շրջանակներում մենք աջակցել ենք թափոնների մասին օրենքի փոփոխությունների ու ենթաօրենսդրական դաշտի թարմացմանը, նոր ավելի պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը Հայաստանում»:

Ըստ նրա, Հայաստանն անկախությունից ի վեր առանձին օրենքներով փորձել է կարգավորել հարկային դաշտը, բայց մինչ օրս չի ունեցել մեկ միասնական օրենսգիրք, ինչը խոչընդոտ էր ինչպես գործարարության, այնպես էլ արդյունավետ վարչարարության իրականացման տեսանկյունից»:

Գոհար Գյուլումյանի խոսքերով, Հարկային օրենսգրքով թափանցիկ կդառնա Հայաստանում վարվող հարկային քաղաքականությունը բիզնեսի նկատմամբ, վարչարարությունն էլ ավելի ընկալելի կլինի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031