Լրահոս
Օրվա լրահոսը

115 լ գինի, 23 լ  օղի եւ  օղի թորելու սարք գողանալու  համար պայմանագրային զինծառայողը դատապարտվեց

Դեկտեմբեր 14,2015 19:52

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Սանասար Ապերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. մայիսի 13-ին,  գիշերվա ժամը 1-ի սահմաններում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով ապօրինի մուտք է գործել Այգեձորում գտնվող, Սլավիկ Դումանյանին վստահված առանձնատան նկուղ եւ գողացել օղեթորման սարք, ապակյա տարաների մեջ գտնվող   115լ գինի, 23 լ օղի՝   պատճառելով 405 հազար դրամի վնաս:  Ս. Ապերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ 2014թվականին ինքն ապրել է Աշտարակում եւ այնտեղ աշխատել, ընկերոջ հետ Այգեձոր  է այցելել մայիսի  12-14-ը: Նա նշել է,որ մայիսի 14-ին  իրենք մեկնել են Երեւան՝ իրենց հետ տանելով օղեթորման սարք եւ գինի, որն օգտագործել են Երեւանում: Ապերյանն ասել է, որ գողության նպատակ չի ունեցել,քանի որ գինի  ու օղի իրենց տանն էլ կա: Սակայն դատաքննության  ավարտից հետո Ս.Ապերյանն ամբողջությամբ ընդունել է  առաջադրված մեղադրանքը, ընդունել է նաեւ տուժողի կողմից ներկայացված նյութական պահանջը եւ պարտավորվել է  փոխհատուցել այն: Դատարանը Ս. Ապերյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել  այն, որ նա բնութագրվում է դրական, նախկինում արատավորված չի եղել, մարտական ծառայություն է իրականացնում սահմանամերձ զորամասում, նրա խնամքին են կինը եւ թոշակառու հայրը:

Դեկտեմբերի 4-ին  Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ս.Ապերյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ նրան դատապարտել տուգանքի ՝ 500 հազար դրամի չափով: Դատարանը վճռել է  Ս. Ապերյանից  հօգուտ տուժողի բռնագանձել 400 հազար դրամ, որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում:

 

Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031