Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Սարգսի տոնն  այս տարի կնշվի հունվարի 23-ին

Հունվար 15,2016 15:40

«Պատմությունից մենք գիտենք, որ Սուրբ Սարգիսը, Հռոմեական Կայսրության մեջ հալածված լինելով իբրև քրիստոնյա, եկավ Հայաստան: Սակայն հայոց արքան հորդորեց նրան անցնել Պարսկաստան՝ վախենալով, որ ռազմական հակամարտություն կարող է ունենալ Հռոմեական հզոր կայսրության հետ:

Սուրբ Սարգիսը, պարսից Շապուհ արքայի բանակում լինելով զինվորական, կարողացավ ռազմական բազմաթիվ հաջողություններ արձանագրել: Դրա համար պարսից արքան նրան շատ էր սիրում, բայց երբ իմացավ, որ քրիստոնյա է ու շատ զինվորների, թագավորության հպատակների քրիստոնեություն է քարոզում, սկսվեցին նրա դեմ հալածանքները, փորձեցին նրան պարտադրել, որ թողնի քրիստոնեական հավատքը և երկրպագի հեթանոս կուռքերին: Բնականաբար, դա նրանց չհաջողվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նրա խոսքով՝ Ս. Սարգիսը, լինելով հավատարիմ ու արժանի քրիստոնյա, մեզ օրինակ է տալիս, թե ինչպես պետք է հավատալ ու երկրպագել Աստծուն. «Այդ օրինակը Ս. Սարգիսը ստացել էր հենց Հիսուս Քրիստոսից, որն իր կյանքը զոհաբերեց՝ սիրո բացառիկ օրինակ տալով յուրաքանչյուրիս: Ս. Սարգիսն աստվածային այս սիրով նահատակվեց ու դարձավ մեր սիրելի սրբերից մեկը, մեր արագահաս բարեխոսը»,- նշեց քահանան:

Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը Գարեգին Բ ամենայն հայոց հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Տոնի առթիվ սուրբ պատարագ կմատուցվի Ս. Սարգսի անունը կրող ԱՀԹ-ի երեք եկեղեցիներում՝ Առաջնորդանիստ, Արգավանդի, Նոր Նորքի: Գարեգին Բ ամենայն հայոց հայրապետի արտոնմամբ  Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Մատենադարանից այստեղ կբերվի նաև 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը:

Հոգևոր այս և այլ արարողակարգերից բացի, նախատեսվում են նաև այլ միջոցառումներ: Արդեն 11 տարի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվում են տարբեր ցուցահանդեսներ, համերգներ, ազգային ավանդույթներով համեմված միջոցառումներ, զինվորներին ու բանակին ուղղված ծրագրեր և այլն:

Ի դեպ, այս տարի առաջին անգամ ԱՀԹ-ն կպարգևատրի վերջին շրջանում սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած մի խումբ զինվորների, որոնց ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հավելենք, որ հունվարի 23-ին Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև ժամը 22:00-ը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031