Լրահոս
Օրվա լրահոսը

Մինասյան. «Գլամուրնի հյուրանոցներ ունենք, իսկ երիտասարդների համար էժանագին հյուրանոցներ՝ ոչ» (Տեսանյութ)

Հունվար 16,2016 12:25

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում հերթական անգամ անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու քաղաքապետի թույլտվությանը՝ ասելով, որ այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ կոնցեսիոների հետ: «Կոնցեսիոներն առաջարկել է շենքը մասնակից քանդել: Մենք կարողացանք հասնել նրան, որ աշտարակը եւ փոքր կլոր սրահը պահպանվեն: Մեր քննարկումները պետք է շարունակվեին, բայց տեղի չունեցան, եւ հիմա քաղաքապետը թույլ է տվել էստակադան քանդել: Հնարավոր է, որ քննարկումներից հետո էլ քանդեն, բայց դրանից առաջ պետք է իմանալ՝ քանդելու արդյունքում ինչ է  ստացվելու: Այդ խնդրին չկարողացանք մոտենալ: Մտահոգ ենք՝ ինչպե՞ս անել, որ մեծ արժեք ունեցող ճարտարապետական կառույցը պահպանենք պետությունից: Տխուր է հնչում, բայց այդպես է»,-ասաց Մինասյանը:

Նրա խոսքով՝ կոնցեսիոները մեծ գումարներ է ներդնում նոր օդանավակայանի զարգացման համար, ինչի առթիվ շատ ուրախ եւ գոհ են. «Բայց մյուս կողմից էլ, չի կարելի այդպես կամաց-կամաց ոչնչացնել մեծ նշանակության կառույցները: Մեզ համար զարմանալի էր, որ քանդելու թույլտվությունն այդքան արագ տրվեց: Կոնցեսիոները փաստարկներ է բերում, թե շենքը սեյսմակայուն չէ, բայց այն մեծ ամրություն ունի, այդպիսի վարչական շենքերը կառուցվում են բարձր նորմերով: Ամեն օր նման շենքեր չեն սարքում: Հնարավոր է, որ որոշ հանգույցներ վնասվել են, որովհետեւ շենքը չի խնամվել: Հնարավոր է, որ շենքը վատ վիճակում լինի, բայց դա չի նշանակում, որ սեյսմակայուն չէ»:

Ճարտարապետը փաստեց, որ մշակութային արժեքները վերացնելու երեւույթը պարբերաբար կրկնվում է. «Օրինակ՝ «Սեւան» հյուրանոցը, որը կառուցել էր մեր առաջին գլխավոր ճարտարապետը, այլեւս չունենք, մենք կորցրեցինք այն: Եթե հարցնեն՝ այդ ժամանակվա համար ի՞նչ ներկայանալի բան ունեք, մենք մի էջ պակաս կունենանք: Նույնը վերաբերում է Երիտասարդական պալատին: Ունենք «գլամուրնի» հյուրանոցներ, բայց երիտասարդների համար էժանագին հյուրանոցներ՝ ոչ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031