Լրահոս
Օրվա լրահոսը

IFAD-ԳԶՄՀ-Հայաստանի համար կառավարությունն առանձնացրել է խոցելի համայնքների ցանկը

Հունվար 21,2016 17:16

ՀՀ կառավարությունն առանձնացրել է խոցելի համայնքների ցանկը, որպեսզի «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրով այդ համայնքներում առկա խնդիրները լուծում ստանան: Այսօր այս մասին հայտնեցին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում կազմակերպված աշխատաժողովի ժամանակ, որի ընթացքում ներկայացվեց նոր ծրագիրը, այն ուղղությունները, որտեղ ներդրվելու են ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցները:

Ինչպես նշեցին միջոցառման կազմակերպիչները, ծրագրի նպատակն է բնակչության տնտեսական եւ սոցիալական կարգավիճակի բարելավումը` եկամտի աճի եւ զբաղվածության կայուն հնարավորություն ստեղծելով:
Ցածր տոկոսներով վարկային միջոցները կուղղվեն գյուղական փոքր տնտեսություն վարողներին, փոքր ու միջին ձեռնարկություններին` նրանց գործունեության բարելավման եւ եկամուտների ավելացման նպատակով:

Ծրագրի պատասխանատուների խոսքերով, գյուղական ենթակառուցվածքներ բաղադրիչը իրականացվելու է ՆԱԵԿ ՄԶՀ-ի ֆինանսավորմամբ, եւ կառավարության համաֆինանսավորմամբ, որի նպատակն է բարելավել ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերը հանրապետության 7 մարզերի`Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի եւ Արագածոտնի գյուղական համայնքներում` առաջնահերթությունը տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին:

Այսօր միջոցառման ժամանակ ներկայացվեցին նաեւ «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ» IFAD-ԳԶՄՀ-Հայաստան համագործակցության 20-ամյա համագործակցության արդյունքները: IFAD-ի կողմից մինչ այս պահը մեր երկրում իրականացվել է 6 ծրագիր` 260 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ, որոնք բոլորն էլ ուղղված են եղել գյուղական տարածքների զարգացմանը: Աջակցել են 400 հազար տնային տնտեսությունների: Մասնավորապես` գազիֆիկացվել են հեռավոր մարզերի բնակավայրերը, սահմանամերձ եւ այլ բնակավայրերում ոռոգման եւ ջրամատակարարման ցանցի աշխատանքներ են կատարվել:

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի տնօրեն Աշոտ Վարդանյանի խոսքերով, այսօր սկիզբ է դրվում 7-րդ ծրագրի, որը բաղկացած է 4 բաղադրիչներից` գյուղական ֆինանսավորում, գյուղական ենթակառուցվածքներ, ֆերմերների իրազեկում եւ աջակցություն եւ հողերի կայուն կառավարում: Նոր ծրագրի արժեքն է 54 միլիոն ԱՄՆ դոլար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031