Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան. «Մսագործությունը ոստիկանությունում դեռեւս շարունակվում է». (Տեսանյութ)

Հունվար 21,2016 20:33

Կոռուպցիան ոստիկանական համակարգում արմատախիլ անելու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ նախօրեին կատարած հայտարարությունը իրավապաշտպան Արթուր Սաքունցին հիշեցրել է մսագործների մասին ոստիկանապետի ավելի վաղ կատարած հայտարարությունը:

«Ես պետք է հիշեցնեմ ոստիկանապետի հայտնի հայտարարությունը, երբ նա նոր էր ստանձնել պաշտոնը, հայտարարեց, որ այն ոստիկանը, որը մարդկանց ծեծի է ենթարկում, մսագործ է, բայց համոզվում ենք՝ մսագործությունը ոստիկանությունում դեռեւս շարունակվում է: Քանի դեռ հանձին Աշոտ Կարապետյանի ունենք Երեւանի ոստիկանապետ, որը հստակ անցնում է Գրիշա Վիրաբյանի նկատմամբ խոշտանգումների գործով, եւ որին անդրադարձել է Եվրոպական դատարանը: Մեծ ռիսկեր եմ տեսնում համակարգում, ի՞նչ է սիրուն աչքերի համա՞ր են համակարգում պահում այդ մսագործին»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանապետը հայտարարել էր. «Կոռուպցիան այս համակարգում կոչնչացնեմ հիմնովին: Սկսած ճանապարհային ոստիկանությունից՝ վերջացրած այլ ծառայություններից…ճանապարհային ոստիկանությունը մեր դեմքն է, ու քաղաքում տեսնում են՝ ինչ է կատարվում: Մեր հասարակությունը մեզ չի վստահում, այդ թվում նաեւ ճանապարհային ոստիկանության որոշ աշխատակիցների լկտի պահվածքի ու աշխատաոճի հետ կապված: Հարկահավաք կազմակերպել, հարկեր տալ, մատով ցույց տալով, թե վերեւներին ենք տալիս, ձեռքներդ կկտրեմ…»:

Ոստիկանապետի այս հայտարարության իրագործմանը թերահավատորեն է վերաբերում իրավապաշտպանը, ըստ նրա. «Հայտարարությունները մի բան են, իսկ իրական փոփոխությունները՝ մեկ այլ բան: Կոռուպցիայի հետ կապված հարցերը այլ տեղ են գտնվում: Երբ կլինեն ոստիկանության ծառայության համար հատկացված բյուջետային միջոցների ծախսման, տնօրինման հետ կապված կլինի թափանցիկ ու պատշաճ հաշվետվություն, թե ինչ գնով, ինչ ապրանքներ են, ինչ ծառայությունների համար, որ ձեռնարկություններն են պետական գնումներում շահում, այն ժամանակ կարող ենք հստակ խոսել որպես ռեալ քայլ կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ»:

Արթուր Սաքունցը կոռուպցիայի դեմ պայքարելու լավագույն ձեւերից մեկը հիշեց Վրաստանի օրինակը. «Սահակաշվիլու օրոք հենց ճանապարհային բնագավառում արմատական փոփոխություններ արվեցին, որը իսպառ վերացրեց կոռուպցիան: Դա պայմանավորված է նրանով, որ հենց ոստիկանական ծառայությունում արվեցին բարեփոխումներ , որովհետեւ կար քաղաքական կամք»:

Ոստիկանական համակարգում կոռուպցիոն դեպքերի տվյալներ կամ վիճակագրության իրավապաշտպանը չի տիրապետում. «Չունենք վիճակագրություն, որովհետեւ ոստիկանության հրապարակած տվյալներով, հայտնի չէ, թե քանի ոստիկան է կարգապահական տույժի ենթարկվել, թե այդ կարգապահական տույժի կամ պատասխանատվության ենթարկվելու քրեական գործերը որ հոդվածով են կամ որ արարքների համար են կիրառվել, որ իրական պատկերացում ստանանք, այդտեղ կա՞ն կոռուպցիոն ռիսկեր, թե՝ չէ: Գուցե կարգապահական տույժի ենթարկվածների մի մասին պետք է ենթարկել քրեական հետապնդման»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031