Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը
Չեմ հետևել ու չեմ հետևում ոչ Արթուր Դանիելյանի, ոչ էլ Վահրամ Սահակյանի հրապարակային խոսքին ու գործունեությանը. ոճի, բառապաշարի պատճառով:
Բայց կա կարծիքի արտահայտման ազատություն, որը պաշտպանված է, թե ՀՀ սահմանադրությամբ, թե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 10-րդ հոդվածը սահմանում է արտահայտվելու ազատության իրավունքը։ Այն հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը։
Կարդացեք նաև
Հոդվածը բաղկացած է երկու հիմնական մասից.
- Իրավունքի բովանդակությունը (Մաս 1)
Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է՝
- Սեփական կարծիք ունենալու ազատությունը։
- Տեղեկություններ և գաղափարներ ստանալու ու տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։
- Նշում. Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին՝ սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:
Միաժամանակ, արտահայտման ազատության իրավունքը բացարձակ չէ, և կարող է սահմանափակվել.
Սահմանափակման հիմքերը
Արտահայտման ազատության իրականացումը կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, այն կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների կամ պատժամիջոցների։ Դրանք պետք է նախատեսված լինեն օրենքով և անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում հետևյալ նպատակներով․
- Ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակական անվտանգության։
- Անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու նպատակով։
- Առողջությունը կամ բարոյականությունը պաշտպանելու համար։
- Այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու համար։
- Խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու համար։
- Արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու համար։
Հաշվի առնելով հանրային հնչեղությունը, պետք է իրավապահ մարմինները, տվյալ դեպքում քննչական կոմիտեն, դատարանը հստակ ներկայացնեն հանրությանը տեղեկատվություն այդ անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հիմքերի, նաև խափանման միջոցի՝ կալանավորման հիմնավորվածության մասին:
Չի կարող քննադատությունը, անգամ ամենավիրավորական ու սուր, ենթարկվել սահմանափակման՝ քրեական հետապնդման միջոցով:
Նման դեպքերում միակ միջոցը քաղաքացիական հայցն է անձի կողմից, ով գտնում է, որ մյուս անձը արտահայտվել է վիրավորելով կամ զրպարտելով:
Հատկապես պաշտոնատար անձինք պետք է իմանան, որ իրենք ենթակա են ամենասուր քննադատական խոսքի:



















































