Լրահոս
Օրվա լրահոսը

H1N1-ի պատճառով պոլիկլինիկայում հերթապահած բժիշկները հավելյալ կվարձատրվեն

Հունվար 25,2016 14:30

Երբ հանրապետությունում գրիպի Ա տեսակի H1N1 վարակը՝ խոզի գրիպը, տարածվեց, եւ կարելի է ասել՝ լարված իրավիճակ էր, հիվանդանոցներում «տեղ ու դադար» չկար, առողջապահության նախարարությունը սկսեց հորդորել քաղաքացիներին դիմել առաջնային բուժօղակ՝ պոլիկլինիկաներ՝ հիվանդանոցների «հոգսը» թեթեւացնելու համար: Ապա սկսվեցին համաբուժարաններում սուր շնչառական հիվանդություններով մարդկանց անվերջանալի հերթերը: Մեծ քանակությամբ հիվանդների ակտիվ դիմելիության պատճառով նախարարությունը հրահանգեց համաբուժարանների որոշ մասնագետների նաեւ հանգստյան օրերին աշխատել:

Մայրաքաղաքի պոլիկլինիկաներից մեկում «Առավոտի» թղթակիցն ականատես եղավ ոչ աշխատանքային՝ շաբաթ օրը կուտակված մարդկային մեծ հերթի: Մարդիկ համաբուժարանի ցուրտ միջանցքում, հիվանդ ու բարձր ջերմությամբ ստիպված էին ժամերով սպասել թերապեւտի աշխատասենյակի մոտ՝ ընդունելության: Մի քանի տասնյակի հասնող հիվանդներին միայն մեկ բժիշկ էր սպասարկում: Ժամերով սպասելու պատճառով որոշ հիվանդների համբերությունը հատում էր, որոշներն ուղղակի ուժասպառ եղած՝ թողնում, գնում էին՝ առանց բուժզննման: Ի վերջո, հիվանդների բարձրացրած աղմուկից եւ պահանջից հետո այդ պոլիկլինիկայի ղեկավարությունը եւս մեկ թերապեւտի կանչեց աշխատանքի, որից հետո հիվանդների հերթը սկսեց նվազել, ու բուժսպասարկումն էլ ավելի արագ կատարվեց:

Խոզի գրիպի տարածման լարված օրերին այսպիսի իրավիճակ էր մայրաքաղաքի մի շարք համաբուժարաններում:

«Առավոտի» հետ զրուցած մի քանի պոլիկլինիկաների բժիշկներ դժգոհեցին, որ ի սկզբանե համաբուժարանի բժիշկների ուսերին իրենց կարողություններին ոչ համարժեք բեռ էր դրվել. «Որքան էլ փորձում էինք տեղը տեղին սպասարկել, հիվանդներին զննել, բայց մենք հասկացանք, որ նման իրավիճակներին պոլիկլինիկաները պատրաստ չեն: Երբեմն բժիշկների նյարդերը տեղի էին տալիս: Մեզ էլ հասկացեք՝ չնչին աշխատավարձ ստացող բժիշկները ստիպված էին հաճախ վարակակիր մարդկանց հետ աշխատել, սա դեռ ոչինչ, սովոր ենք, բայց երբ հիվանդների անընդհատ լսվող դժգոհություններն էինք լսում, թե՝ արագ աշխատեք, ճիշտ աշխատեք, թոքերս լավ չեք լսում, սխալ ախտորոշում դրեցիք եւ այլն, ուզում էի հենց էդ րոպեին խալաթս հանել ու տուն գնալ: Պոլիկլինիկայի կիսաքանդ շենքի համար էլ էին հիվանդները բժշկին հաթաթա տալիս»:

Մեկ այլ բժիշկ էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հիվանդների նման հոսք երբեւէ չեն ունեցել. «Անսովոր էր, պատրաստ չէինք մի քանի օր շարունակ մեծ քանակությամբ հիվանդեր սպասարկելու, հազիվ էինք հասցնում: Մի կողմից՝ լարված աշխատում էինք, մյուս կողմից՝ հիվանդների «մուննաթը» լսում: Էլ չեմ ասում, որ գրիպով հիվանդներ կային, որ առանց դիմակի էին գալիս՝ հերիք չէ, մի բան էլ փռշտում էին հենց բժշկի վրա: Հենց պոլիկլինիկայում բուժսպասարկումից հետո տնային կանչերի էինք գնում, մի խոսքով՝ լարված աշխատում ենք: Իսկ հավելյալ կվարձատրվեի՞նք այդ ծանր աշխատանքի համար, ղեկավարությունը բան չէր ասում, ավելի ճիշտ՝ ակնարկում էր՝ «ոչ, հավելյալ ֆինանսավորումն իմ ձեռը չի: Բժիշկ եք, պարտավոր եք աշխատեք»: Մեր աշխատավարձերը մեկ հիվանդի հաշվով է, թերապեւտի ֆիքսված ամսական աշխատավարձը տարբեր է լինում՝ 80 հազարից 160 հազար, կան բժիշկներ՝ 80 հազարից էլ պակաս են ստանում: Մանկաբույժների աշխատավարձը խայտառակություն է, եթե չեմ սխալվում՝ հազիվ 50 հազար է»:

Մեզ հետ զրուցած այլ բժիշկներ կարծիք հայտնեցին, որ համաբուժարանների բժիշկներին ծանրաբեռնելուց առաջ կառավարությունը պետք է պատշաճ վերաբերմունք ցուցաբերի այդ բժիշկների նկատմամբ. բժիշկները պնդում են, որ հարկ է վերանայել իրենց աշխատավարձերը. «Նույնիսկ առատ ձյան օրերին, երբ տրանսպորտ չկար, ճանապարհները փակ էին, մենք ոտքով էինք գնում տնային կանչերին: Պոլիկլինիկայի բժիշկներն անտեսված են, մեզ արհամարհում են, երեւի մտածում են՝ հա, դե, պոլիկլինիկա է, էլի, ուրախ եղեք, որ գործ ունեք: Մինչդեռ պետք է հենց առաջնային օղակը ուժեղացնել, բժիշկներին խրախուսել. իրականում մարդկանց առողջության պահպանումը սկսվում է հենց պոլիկլինիկայից: Իսկ մեզ վրա կառավարությունը թքած ունի»:
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» վստահեցրին, որ սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված՝ պոլիկլինիկաներում այն բժիշկները, որոնք հերթապահել են, կատարել են հավելյալ աշխատանք, հանձնարարական կա նրանց հավելյալ ֆինանսավորման. «Ներկայումս հաշվարկվում է, թե որ բժիշկը որքան է հավելյալ աշխատել, վերջնական թվերն ունենալուց հետո պարզ կլինի նրանց ֆինանսավորման չափը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031