Լրահոս
Օրվա լրահոսը

Պենդերեցկի. «Չեմ կարծում, որ արվեստը կփրկի աշխարհը» (Տեսանյութ)

Հունվար 25,2016 15:32

Հունվարի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգը, որը կղեկավարեն հանրահայտ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին եւ Սերգեյ Սմբատյանը: «Այսօր նվագախմբի ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ մաեստրո Պենդերեցկին է մեզ հետ: Դա ամենամեծ պատիվն է, որ կարող ենք ունենալ որպես երիտասարդ երաժիշտներ: Նրա ներկայությունը վստահություն է ներշնչում, որ մենք ճիշտ ճանապարհին ենք եւ լավ ապագա ունենք: Սա վստահություն է վաղվա օրվա հանդեպ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Ամփոփելով ՀՊԵՆ-ի 10-ամյա գործունեությունը՝ նա ասաց. «Մենք շատ բան փոխեցինք մարդկանց ընկալման մեջ: Միշտ երազում ենք եւ շարունակելու ենք երազել, որ կարող ենք մի բան ստեղծել: Այսօր տեսնում եք երիտասարդ եւ լավագույն արտիստներին, որոնք մեզ հետ ելույթ են ունենալու»:

Սերգեյ Սմբատյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում նվագախումբն այլ ձեւաչափով է ներկայանալու. «Խոսքը չի գնում նոր անվանման մասին, բայց փոփոխություններ, իհարկե, կլինեն»:

Քշիշտոֆ Պենդերեցկին շնորհավորեց Սերգեյ Սմբատյանին՝ հրաշալի նվագախումբ ստեղծելու առթիվ. «Արդեն մի քանի անգամ հանդես եմ եկել նվագախմբի հետ, եւ ամեն անգամ նվագախումբն աճել է: Ուրախ եմ, որ այն կարողացել է հաջողակ լինել: Հետաքրքրված եմ երիտասարդ երաժիշտներով, որովհետեւ Լեհաստանում երաժշտական կենտրոն եմ հիմնադրում: Շատ կարեւոր է, որ այս նվագախումբը գոյություն ունի եւ զարգանում է»:

Կոմպոզիտորն ասաց, որ մշտապես շփվում է երիտասարդ երաժիշտների հետ. «Իմ կյանքում գործ եմ ունեցել արդեն կայացած նվագախմբերի հետ: Հիմա կարծում եմ՝ արել եմ այն, ինչ պետք է անեի, ուստի մնացած ժամանակը պետք է երիտասարդներին նվիրեմ: Երիտասարդ նվագախմբերն ունեն էնտուզիազմ, իսկ կայացածները՝ ոչ»:

Մաեստրոն նաեւ փաստեց, որ տասից ավելի երկրներում արժանացել է բարձրագույն պարգեւների, բայց չի կարող դրանցից կարեւորն առանձնացնել. «Արդեն սովոր եմ մրցանակներ ստանալ, ուստի չեմ կրող ասել, թե դրանցից որոնք են ինձ համար առավել կարեւոր»:

Կոմպոզիտորը չառանձնացրեց նաեւ իր ոգեշնչման աղբյուրները. «Դրանք տարբեր են: Ապրելով Լեհաստանում՝ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, ես փորձում էի գրել ոչ միայն աբստրակտ երաժշտություն, այլեւ ռեքվիեմներ: Բայց ամենակարեւոր ստեղծագործությունները ոչ մի իրադարձության հետ կապ չունեն, որովհետեւ երաժշտությունն աբստրակտ է»:

Ինչ վերաբերում է արվեստի միջոցով Հայոց ցեղասպանության թեման բարձրաձայնելուն, հանրահայտ դիրիժորը նկատեց. «Չեմ կարծում, որ արվեստը կփրկի աշխարհը: Արվեստագետների ազդեցությունը մինիմալ է: Ես արեցի ինչ կարող էի՝ ստեղծագործության միջոցով հիշատակելով Հայոց ցեղասպանության մասին, բայց դա շատ բան չի կարող փոխել, դա պատմություն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031