Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Հովհաննիսյան. «Այս 3 օրերին աշակերտները բացականեր չեն ստանա» (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 13:06

Արմավիրի մարզի 10 դպրոցներում փետրվարի մեկին դասերը չեն վերսկսվել. այդ հաստատությունները հեղուկ վառելանյութով են ջեռուցվում եւ հնարավոր չէ ապահովել համապատասխան ջերմաստիճան: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում լրագրողներին հայտնեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նա վստահեցրեց, որ այդ դպրոցների հանդեպ նախարարությունը կցուցաբերի առանձին վերաբերմունք. «Բաց թողածը լրացնելու խնդիր չեն ունենա: Այդ դպրոցներում դասերը կվերսկսվեն երկուշաբթի: Առհասարակ, դպրոցները նման փորձ ունեն: Նախորդ տարիներին օգտագործվել են գարնանային արձակուրդները, շաբաթ օրերը: Ապրիլի 10-ին բացթողումն ամբողջությամբ լրացված կլինի, իսկ Արմավիրի նշյալ դպրոցներում՝ ապրիլի վերջին»:

Նարինե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ փետրվարի 1-ին դպրոցներում գրանցվել է 20-30 տոկոս բացակայություն, ինչը պայմանավորված է երեխաների հիվանդ լինելու հանգամանքով: Որոշ ծնողներ էլ առողջ երեխաներին չեն ուղարկել դպրոց. «Այսօրվա տվյալները չկան, բայց արդյունքները գրեթե նույնն են: Պայմանավորվել ենք, որ բացակաները խնդիրներ չեն առաջացնի: Այս երեք օրերին աշակերտները բացականեր չեն ստանա: Երեխան իրավունք ունի մինչեւ 200 ժամ բացակայելու: Իսկ դա բավականին մեծ ժամաքանակ է: Բայց չկա երեխա, որ այդքան ժամն օգտագործած լինի»:

Հանրակրթության վարչության պետը հիշեցրեց, որ նախարարության առաջարկով մասնավոր դպրոցներում եւս դասերը վերսկսվել են փետրվարի 1-ից. «Գարնանային արձակուրդ չի լինելու: Խնդիրներ չեն առաջանա, լրացուցիչ պարապմունքները կլրացնեն բացը»:

Նարինե Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ այսօր նախարարությունը ծնողներից մեկից ահազանգ է ստացել, թե Վայքի դպրոցներից մեկում անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովված չէ. «Զանգահարեցինք, տնօրենից ճշտեցինք, պարզվեց՝ նման խնդիր չկա: Անանուն զանգ էր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29